«ՀՈԳԻՍ ԿՏԱՎԻ ՎՐԱ»

«ՀՈԳԻՍ ԿՏԱՎԻ ՎՐԱ»

1841

«Նարեկացի արվեստի միությունում» կայացավ երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի անհատական ցուցահանդեսի բացումը, որը կրում էր «Հոգիս կտավի վրա» խորագիրը:

Միջոցառման հատուկ հյուրն էր Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որը Մարիամին բնութագրեց որպես տաղանդավոր, մեծ ապագա ունեցող նկարիչ: Աղամյանը, երբ առաջին անգամ տեսել է Մարիամի աշխատանքները, անընդհատ մտածել է, թե ով է այդ վառ անհատականությունը: Անդրադառնալով մեկ գծով արված ճեպանկարներին  շեշտել է, որ նկարիչների միության այսօրվա անդամների մեծ մասը չի կարող այդպիսի գիծ քաշել, միությունում այդպիսի մարդկանց պակասն ունեն:

Սա Մարիամի նկարների թվով չորրորդ  անհատական ցուցահանդեսն է: Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է ինը տարեկանում` Մարտունի քաղաքի պատկերասրահում: 2014-ին Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է նրա երկրորդ ցուցահանդեսը: Իսկ նախորդ տարի Գևորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարանում տեղի ունեցավ «Ներքին Բնություն» խորագիրը կրող երրորդ ցուցահանդեսը ՀՀ Մշակույթի Նախարարության «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը ներկա էր նաև նկարիչ Մարտին Միքայելյանը, որը ընդգծեց, որ այն ինչ տեսնում ենք այսբերգի վերին հատվածն է. «Մարիամն ինքնատիպ մարդ է, որը ինձ հիշեցնում է հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ – Մելիքյանին»:

Մարիամը չունի ստեղծագործելու կոնկրետ ուղղություն: Ինչպես ինքն է ասում, իր աշխատանքները աբստրակտ – ռեալիստական ոճի են: Երիտասարդ նկարչուհին աշխատում է խառը տեխնիկայով` յուղաներկ, տուշ, ջրաներկ: Նրա կտավներում կարելի է նկատել յուրօրինակ մի գիծ. գրեթե բոլոր դետալները կրկնվում են: Նկարչուհին դա մեկնաբանում է այսպես. «Նույն առարկայի միջոցով ես արտահայտում եմ հոգեվիճակ,  փորձում եմ ցույց տալ մարդու մեջ ապրող մի քանի եսերի բախումը»:

 

Մարիամ Ալեքյան

4-րդ կուրս

Կիսվել