Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս չի գալիս իրականության սահմաններից, այն արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքներն ու հույսերը:
Վերջին տարիների ընթացքում նկատելի է բանաստեղծական ձևի ակտիվությունը Հայաստանում: «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող, բանաստեղծ Արթուր Մեսրոպյանը նշում է, որ երտասարդների շրջանում հետաքրքրվածություն կա և՛ ժամանակակից հայ բանաստեղծության, և՛ արտասահմանյանի նկատմամբ: «Ամեն դեպքում արևմտյան պոեզիան պրագմատիկ է, նա հեռու է արևելյան մելիզմներից: Մեզ մոտ դա ավելի շատ է ընթերցվում»,- ընդգծում է Մեսրոպյանը:
Ժամանակակից պոեզիան արտացոլում է բանաստեղծական ավանդների քննադատությունը` խաղարկելով և փորձարկելով այն, հաճախ ընդհանրապես հրաժարվելով հանգից` ստեղծելով ռիթմ։ Զգալիորեն գլոբալիզացված մերօրյա աշխարհում, պոետները հաճախ այլ մշակույթներից և լեզուներից ընդօրինակում են ձևեր, ոճեր և հնարքներ։ Երիտասարդ բանստեղծը նշում է, որ չի սիրում, երբ ուրիշներն են ասմունքում իր գրածները. «Ժամանակակից գրողների ստեղծագործությունները ինդիվիդուալ են, իսկ դասական ասմունքողները սովոր են հանգին: Դրա համար կազմակերպված ընթերցումների ժամանակ մենք ենք կարդում մեր գրածը, որն էլ խոսքին տալիս է անմիջականություն»:
21-րդ դարի պոեզիան կարող է հետաքրքրել որոշակի խմբի: Այն երբեք չի հավակնել լինել մասսայական արվեստ: Արտասահմանյան պոետները չեն սահմանափակվում միայն բանաստեղծությամբ, փորձում են նաև արձակ գրել, որպեսզի կարողանան վայելել ավելի մեծ ժողովրդականություն:
Մարիամ Ալեքյան
4-րդ կուրս