ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԴԵՐԻ ՎՐԱ. ՍԻՐԻԱՀԱՅ ՄԱՐԱԼԸ ՆՈՐ ՇԱՐՔ Է ՍՏԵՂԾՈՒՄ

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԴԵՐԻ ՎՐԱ. ՍԻՐԻԱՀԱՅ ՄԱՐԱԼԸ ՆՈՐ ՇԱՐՔ Է ՍՏԵՂԾՈՒՄ

3089

«Երկու թել դեպի վերև և երկու թել դեպի կողմ». հենց այսպես է հայկական զարդանախշերին կենդանություն տալիս սիրիահայ Մարալ Բերբերյանը: 3 տարի առաջ Հալեպից Հայաստան տեղափոխվելով` Մարալը որոշեց հայրենիքում շարունակել իր ստեղծագործական աշխատանքը: Զարդերի, հագուստի, պայուսակների վրա ասեղնագործում է Վանի, Սեբաստիայի և այլ շրջանների զարդանախշերը: Ասում է` կատարած աշխատանքից հաճույք է ստանում, գումար վաստակելն էլ առաջնային չէ. «Ասեղնագործում եմ իմ տան համար որպես զբաղմունք: Բայց Հայաստանի մեջ մի քիչ աշխատանքի վերածվեցավ: Մեր ավանդույթները կտարածենք, դասընթացներ կկազմակերպենք: Մեր նախնիներեն սորվածը քիչ մըն ալ արդիական ոճով վզնոցներու վրա կասեղնագործենք»:

Մարալն իր աշխատանքները ներկայացնում է տարբեր ցուցահանդեսների ժամանակ: Առանձին տաղավար չունի: Վստահեցնում է` տանն աշխատելն ավելի արդյունավետ է: Իր սաներին էլ սովորեցնում է ասեղնագործության գաղտնիքները: Այժմ որոշել է հայկական տարազի զարդանախշերով շարք ստեղծել. «Հիմա ունեմ Վանի ասեղնագործությամբ պայուսակ: Առաջին նմուշն է ասիգ: Պիտի գա շարքը տարբեր ասեղնագործություններով»:

Մարալի կարծիքով` Սիրիայում ձեռագործ իրեր պատրաստողների շուկան շատ չի տարբերվում Հայաստանյան շուկայից: Այնտեղ էլ ապրանքն ավելի շատ գովաբանում են, քան գնում: Սակայն Հալեպում ապրելը նրան ավելի է մտերմացրել սեփական մշակույթին. «Սուրիո մեջ ասեղնագործությունն առաջ սփռոցներու վրա կըլլար: Բայց վերջերս ավելի մատչելի գիներ ստանալու համար փոքր կտորներու վրա սկսած ենք ասեղնագործել»:

Առաջիկայում Մարալը ցուցահանդես-վաճառք կկազմակերպի: Հայրենիքում էլ ամենամեծ ցանկություններից է մի օր սեփական խանութ ունենալը:

 

Նելլի Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել