Երիտասարդության շրջանում, թերևս, ամենասպասված եղանակը մոտենում է: Ամառ, երբ կարող ես լիարժեք տրվել հանգստի և ոչնչի մասին չմտածել՝ դասեր, քննություններ թողնելով անցյալում: Հարցումից պարզ դարձավ, որ երիտասարդները ամառվա զգալի մասը սիրում են անցկացնել քաղաքում և շոգին դիմանալու իրենց բանաձևը մեկն էր.՝ ֆրեշ. «Ամեն երկրորդ քայլին ծարավ եմ զգում ու դա բնական է, իսկ այդ դեպքում ես նախապատվությունս ջրի փոխարեն տալիս եմ ֆրեշին, շատ համով են, է»- մեզ հետ զրույցում նշեց 20 ամյա Մարին:
Տեսնելով ուսանողության ոգևորվածությունն ու ֆրեշ կրպակների մոտ գոյացած հերթերը՝ ինքներս փորձեցինք պարզել, թե ինչպես են պատրաստվում դրանք և որոնք են ֆրեշի յուրահատկությունները:
Անուշն արդեն 4 տարի է՝ ֆրեշ կրպակում է աշխատում, պատմում է, որ այս ընթացքում հասցրել է շփվել բազմաթիվ երիտասարդների հետ, ովքեր հավատարիմ հաճախորդներն են դարձել իրենց և ծանոթ է նրանց նախասիրություններին. «Անկեղծ լինելու համար պիտի նշեմ, որ մենք հաճախորդների պակաս չունենք, որովհետև քաղաքի, թերևս, ամենաբանուկ փողոցում է կրպակը, բայց դրա հետ մեկտեղ պիտի նշեմ, որ մեր ֆրեշներն անտարբեր չեն թողնում ոչ մեկի, էլ չեմ խոսում համի մասին: Ես հասկացել եմ, որ երիտասարդներին առաջնահերթ գրավում է ոչ այնքան ֆրեշի համը, թե որ մրգինը կլինի, այլ գույներն ու բաժակի դիզայնը, ինչի վրա էլ մենք ջանասիրաբար աշխատում ենք և պարբերաբար նորամուծություններ անում»:
Փորձելով պարզել, թե կա՞ն արդյոք հատուկ մեխանիզմներ ֆրեշի պատրաստման համար, Անուշը մեզ հրավիրեց իրենց կրպակ՝ ներսից այդ ամենին հետևելու համար. «Սովորաբար դպրոցի կամ համալսարանի երկար դասամիջոցներին մեզ մոտ տեղ ու դադար չի լինում, բայց քանի որ հիմա համեմատաբար հանգիստ ժամ է, սիրով կպատրաստեմ ֆրեշ և ընթացքում կներկայացնեմ, թե ինչերին հատկապես պիտի ուշադրություն դարձնել: Առաջին հերթին շատ կարևոր է մրգերը հյութաքամելու ժամանակ ուշադիր լինել, որ ոչ մի մնացորդ չմնա, քանի որ դա տհաճ կարող է լինել հաճախորդի համար: Հետո արդեն ինչպես նշեցի աշխատում ենք հնարավորին կրեատիվ մատուցել: Շատերը նախընտրում են իրենց անունները գրենք բաժակին, ոմանք էլ մրգի բաղկացուցիչ մասերով զարդարենք բաժակի ծայրամասը և այլն»:
Արմինեն, ով այդ պահին մոտեցավ կրպակին և սպասում էր մինչ ֆրեշը պատրաստ կլինի, մեզ հետ զրույցում նշեց, որ ֆրեշ հիմնականում խմում է նրա համար, որ օգտակար է և ոչ մի ավելորդ կալորիա չի պարունակում. «Իհարկե, դրա համար նախընտրում եմ առանց ավելորդ շաքարի և հավելյալ քաղցր բաղադրիչների խմել, օրինակ շատ եմ սիրում թուրինջի համով ֆրեշները, որն էլ հիմա պատվիրել եմ (ժպտում է)»:
Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ մեր օրերում երիտասարդների լավագույն ընկերները շոգին դիմակայելու համար ֆրեշներն են, ուստի պատահական չէ, որ քաղաքով զբոսնելիս ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ֆրեշ կրպակների և իրար հերթ չտվող ահել-ջահելների:
Լուսինե Հովհաննիսյան
4-րդ կուրս