Խորհրդային միության տարիներին հեռուստացույցը այն մոգականան սև արկղիկն էր, որի շուրջ հավաքվում էր ամբողջ ընտանիքը: Եթերից խոսող սև ու սպիտակ մարդիկ գունավոր կյանքում անհասանելի ու անիրական էին թվում: ԽՍՀՄ տարիներին եթերը և, առհասարակ, ամբողջ մամուլը իշխանությունների հսկողության և խիստ գրաքննության տակ էր գտնվում, այնուամենայնիվ, այդ ժամանակ էլ էին տեխնիկական խոտաններ, ուղիղ եթերում հետաքրքիր, զավեշտալի դեպքեր պատահում:
Տարիների ընթացքում Հանրային հեռուստատեսությունում սերնդափոխություն է եղել` շատերն են եկել ու գնացել, բայց եղել են, նաև արժանավոր մարդիկ, ովքեր մոռացության են մատնվել: Ասում են, հեռուստատեսությունը` մարդիկ են: Հեռուստատեսությունը հետաքրքիր է այն մարդկանցով, ովքեր աշխատել և աշխատում են այդտեղ, ովքեր հիմնադրել են այն: Հաղորդավարուհի Օֆելյա Խաչատրյանը եղել է հանրային հեռուստատեսությունում հիմնադրումից ի վեր: Նա տարիներ շարունակ նորություններ է ընթերցել, մեկնաբանել այս կամ այն իրադարձությունը, զրուցել արվեստագետների, քաղաքական գործիչների և այլոց հետ: Նոր սերնդին այս անունը, գուցե շատ բան չասի, բայց նա, միակն է եղել, ով համարձակվել է ուղիղ եթերում քննադատել անձամբ ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին իր տարօրինակ սովորության համար և շարունակել աշխատել հեռուստատեսությունում: Իրականում, դա շատ զավեշտալի պատմություն է եղել:
Խորհրդային քաղաքական և պետական գործիչը հայտնի էր իր մարդամոտ բնավորությամբ: Նա սիրում էր մեդալներ և շքանշաններ շնորհել, իսկ ամենաշատը սիրում էր հանդիպումներին ողջագուրվել և համբուրվել:
70-ականներին դժվար գտնվեր մեկը, ով չիմանար, թե որն է «եռակի Բրեժնևը»:Այդպես նա ողջունել է բազմաթիվ երկրների առաջնորդներին: Հանդիպումների ժամանակ, նա երեք անգամ համբուրում էր բարեկամ երկրի առաջնորդին. նախ համբուրում էր ձախ այտը, հետո աջ և ամեվնաերջում՝ շուրթերը:
Հերթական աշխատանքային օրն էր. Օֆելյա Խաչատրյանն իր աշխատանքն էր կատարում եթերում: Օրվա գլխավոր իրադարձությունը ինչ որ հանդիպում էր, որի ժամանակ Բրեժնևը սովորության համաձայն, որպես բարեկամական ժեստ համբուրում էր հանդիպման նշանավոր անդամներին: «Բրեժնևն էլ հոգնեցրեց իր համբուրվելու սովորությամբ: Չեմ հասկանում, թե ինչու է բոլորին անխտիր համբուրում»,-ասաց Օֆելյան: Ու հանկարծ տաղավարի մյուս կողմից ինչ որ մեկը բղավեց. «Օֆելյա դու հասկացար, թե հենց նոր ինչ կատարվեց, թե ինչ արեցիր դու հենց նոր»:
Պարզվում է Օֆելյայի քննադատությունը հնչել էր ուղիղ եթերում, այլևս անհնար էր մոնտաժել կամ հեռացնել այն, բայց հանրայինի աշխատակիցներին հաջողվեց խոսքն այլ կերպ ներկայացնել և նրան հնարավորություն տալ շարունակել աշխատել էկրանից այն կողմ:
ԽՍՀՄ տարիներին հաղորդավարները օրվա ծրագրերում ավելի շատ էին ընդգրկված: Հաղորդումները գլխագրերով չէին հաջորդում իրար, այլ հաղորդավարներն էին միջնորդ հանդիսանում: Նրանք անընդհատ եթեր էին դուրս գալիս հայտարաություն անում, կարդում օրվա ծրագիրը: Նրանց ներկայությունը եթերում անընդհատ էր, նրանք էին հեռուստատեսության դեմքը, հենց դա էր, նրանց հայտնիության գաղտնիքը:
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը պայծառ հիշողություններ ունի Օֆելյա Խաչատրյանի հետ կապած:
«Օֆելյան շատ պայծառ անձնավորություն էր և ուներ շատ բուռն, վարակիչ ծիծաղ: Հեռուստադիտողը սպասում էր նրան իր ժպիտի, բարձրաճաշակ խոսքի համար: Նա հեռուստատեսության առաջին սերնդի ներկայացուցիչներից է եղել: 80-ականներին, դեռ նոր էին սկսվել տեսագրությունները, և միայն այն հաղորդումները, որ տեսագրվեցին մնացին ֆոնդում: Հեռուստատեսությունը նոր էր սկսում զարգանալ և շատ բաներ հանրայիմում չհասցրեցին ի մի բերել, այդ պատճառով եղան մարդիկ, ում մասին շատ քիչ տեղեկատվություն պահպանվեց: Ցավոք Օֆելյան շատ երիտասարդ մահացավ և, ուղղակի չհասցրեց մեծ հետք թողնել հեռուստատեսությունում: Ես շատ կապված էի Օֆելյայի հետ և սիրում էի նրան, որպես ավագ ընկերոջ»:
Շուշան Ստեփանյան
4-րդ կուրս