ԳՐՔՈՎ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ

ԳՐՔՈՎ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ

2057

Քաղաքում զբոսնելիս, մարդաշատ փողոցներում հնարավոր չէ չտեսնել մուրացկանների, ովքեր տարատեսակ մեթոդներով գումար են հավաքում. մի մասը երգում է, մյուս մասը՝ նվագում, իսկ մեծամասնությունը նախապատվությունը տալիս է մի անկյունում նստել և անցնորդների ուշադրությունը գրավել:

Մուրացկանների մեջ գտնվում են կերպարներ, որոնք անտարբեր չեն թողնում ոչ մեկի և դրանցից մեկը գրքով մուրացկանն է: Տեղի բնակիչներն են նրան այդպես անվանում, քանի որ մուրացկանը ոչ մեկի հետ չի շփվում, միշտ լուռ է: Տպավորված նրա մասին պատմություններով՝ ինքս փորձեցի տեսնել նրան, ճանաչել, չնայած որ վստահ էի ինձ հետ նույնպես հաղորդակցվելու ցանկություն չի ունենա:

Մի երիտասարդ պատմեց, որ նրան գրեթե միշտ Արամ Խաչատրյան փողոցում է հանդիպում: Փաստորեն ինձ էլ հաջողվեց հեռվից նրան տեսնել: Մուգ գույնի վերարկույով, փոքր-ինչ պատառոտված գլխարկով, միջին տարիքի բարձրահասակ տղամարդ էր, այնքան մուգ գույների մեջ, որ չկարողացա տեսնել նրա դեմքը, որն ամբողջությամբ մտցրել էր գրքի էջերի մեջ:  Ծառին հենված նա կարդում էր, իսկ ձեռքին փոքրիկ տոպրակ կար, որի մեջ մի քանի գիրք կար: Փաստորեն մարդիկ իսկապես նրան ճիշտ էին բնութագրել՝ «Գրքով մուրացկանը»:

Գրեթե մեկ ժամ նրան կողքից հետևելուց հետո, ամեն դեպքում ցանկացա մոտենալ ու փորձել նրա հետ խոսել, բայց ապարդյուն:

Այս անգամ որոշեցի խոսել գրականությունից, իմ սիրած հեղինակների գործերից` հույս ունենալով, որ այդ կերպ նա կհաղորդակցվի ինձ հետ: Նրա դեմքի միմիկաները փոխվում էին, զգացվում էր աննշմար ժպիտ, բայց նա համառորեն ոչինչ չէր ասում, փոխարենը զգացվում էր, որ նրան դուր էր գալիս շոշափելիք թեման ու հիշատակածս գրողների գործերը:

-Շուրջ 2 տարի է՝ այստեղ եմ բնակվում և շաբաթվա կտրվածքով նրան 2-3 անգամ տեսնում եմ: Միևնույն դիրքով հենված ծառին գիրք է կարդում և անգամ չի էլ նկատում՝ շուրջն ինչ է կատարվում: Պատշգամբից, երբ նայում եմ, նկատում եմ դեպքեր, երբ մարդիկ նրան գումար են տալիս, նա չի վերցնում, անգամ թողնում հեռանում է- մեզ հետ զրույցում նշեց տեղի բնակիչ Ալլան:

Մոտակա մթերային խանութի աշխատակիցները ևս անմասն չմնացին իրենց տպավորությունների մասին պատմելուց. «Մի օր ինքներս տեսնելով նրա անօգնական վիճակը, փորձեցինք գումար տալ, սակայն նրա անհասականալի ձայնարկություններից հասկացանք, որ պետք չէր նման բան անել, փոխարենը խանութից բերեցինք հացաբուլկեղեն և թողնելով նրա մոտ շտապ հեռացանք, որ նա չհասցնի հրաժարվել դրանից ևս»:

Չնայած անխնամ տեսքին՝ չշտապենք մեր հերոսին մուրացկան կոչել, որովհետև ինչպես տեղի բնակիչների պատմությունները վկայեցին, նա երբեք դրամական օգնություն չի ընդունում նրանց կողմից, փոխարենն ամբողջ ժամանակը հատկացնում է իր անբաժան ընկերներին՝ գրքերին, ուստի գրքով մուրացկանին հանդիպելիս մի էլ փորձեք օգնել, որովհետև իր օգնությունը նա գրքերի մեջ է տեսնում:

Հ.Գ. Իր կերպարով տպավորված ցանկություն ունեի լուսանկարել նրան և նյութում հենց իր նկարը տեղ գտներ, բայց, ցավոք, դա ինձ չհաջողվեց:

 

Ռիմա Համբարձումյան

4-րդ կուրս

Կիսվել