Մեր քաղաքին նոր գույն, շունչ ու համուհոտ են հաղորդում շրջիկ երաժիշտները, ովքեր ջանք չեն խնայում իրենց երաժշտությամբ ակտիվացնելու երիտասարդներին և ոչ միայն:
Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նրանց: Ոմանք այդ քայլին են դիմում կարիքից դրդված, ոմանք էլ պարզապես տրամադրություն են ստեղծում և փոխանցում այն: Երևանում բազմաթիվ են շրջիկ երաժիշտներն ու նվագախմբերը: Նրանց մեջ աչքի են ընկնում իրենց տարազներով ու յուրօրինակ երաժշտությամբ երեք երաժիշտները՝ Ֆրանկլինը, Ռիչարդը և Ֆրանցիսկոսը:
Նրանց կերպարների, ծավալած գործունեության, Հայաստանում հայտնվելու, երաժշտության յուրօրինակության և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք խմբի մենեջեր Սուսաննա Առաքելյանի հետ, ով նույնպես ակտիվ պարում էր երաժշտության ներքո և իր շուրջը համախմբում մեր համաքաղաքացիներին՝ այդկերպ կտրելով նրանց իրենց առօրյա հոգսերից և ներգրավելով պարի մեջ:
-Սուսաննա, շրջիկ երաժիշտների գաղափարը որտեղի՞ց է ծագել:
–Առաջին շրջիկ երաժիշտները եղել են Պերուից ու Էկվադորից խառը երաժիշտների խումբ է եղել և իրենք են էսպես ասած համարվում շրջիկ երաժիշտների սկզբնաղբյուրը: Իսկ կոնկրետ իրենց խումբը մի քանի ամիս է՝ միավորվել է, առաջ առանձին էին հանդես գալիս:
-Ինչպե՞ս ստացվեց նրանց հետ քո համագործակցությունը:
–Պարզապես եղավ առաջարկը, ես էլ ընդունեցի, քանի որ լեզվին տիրապետում էի:
-Ինչու՞ հենց Հայաստան: Ինչքա՞ն ժամանակ է արդեն, որ իրենք այստեղ են:
–Ընդհանրապես մենք տարբեր երկրներով ենք շրջում ու ներկայացնում իրենց մշակույթը: Այս անգամ էլ ստացվեց այնպես, որ կանգառը եղավ Հայաստանը, երևի, ես այստեղից եմ դրա համար (ծիծաղում է): Արդեն յոթ ամիս է՝ մեր խումբը իր երաժշտությամբ հանդես է գալիս այստեղ:
-Մի փոքր կպատմե՞ս հայերից, Հայաստանից ստացած նրանց տպավորությունների մասին: Ի՞նչն է հատկապես գերել նրանց:
–Վաաայ, անչափ են հավանում մեր երկիրը: Դա պայմանավորված է նրանով, որ լիքը նմանություններ են գտնում իրենց բնակիչների ու մեր համաքաղաքացիների միջև: Ասում են՝ մենք իրենց նման սրտաբաց, անկեղծ, անմիջական, ջերմ ենք, քան օրինակ Եվրոպայում կամ Ռուսաստանում:
– Ի՞նչ բնույթ է կրում իրենց ծավալած գործունեությունը:
–Սա զուտ աշխատանք ենք դիտարկում, որից մենք ստանում ենք եկամուտ, որը, եթե լինեմ անկեղծ շատ արդարացնում է իրեն: Նաև մեծ գովազդ է մեզ համար, որից էլ ստանում ենք բազմաթիվ հրավերներ տարբեր երկրներ:
-Ո՞ր երկրներում եք հասցրել լինել:
–Հնդկաստանում ենք եղել, Թուրքիայում, Վրաստան, Ռուսաստանն իր բոլոր քաղաքներով, Եվրոպա, հիմա էլ Հայաստան:
-Որքան ժամանակ եք պատրաստվում մնալ Հայաստանում:
–Մինչ ամսվա վերջ դեռևս մարդիկ հնարավորություն կունենան վայելել իրենց կատարումները:
-Կա՞ն երկրներ, որոնք ցուցակում կան, բայց դեռ չեք եղել: Ի՞նչ հեռանկարներ ունեք:
–Իրանում ունենք բազում հրավերներ, որ դեռ պիտի այցելենք ու համերգներով հանդես գանք, իսկ ահա ամառվա ամիսներին՝ հունիս, հուլիս, օգոստոս, կանցկացնենք Ռուսաստանում: Առջևում ունենք նպատակ Ասիան գրավելու (ծիծաղում է):
-Հայաստանում երբևէ եղել են դեպքեր, որ ինչ-որ առիթների հրավեր ստանաք: Օրինակ ծնունդ, կնունք, հարսանիք:
– Այո, շաաատ են եղել դեպքեր: Առաջին անգամ, երբ հարսանիքի հրավեր ստացանք, ես ապշել էի, որ մենք՝ հայերս, որ սովոր ենք պարել Սպիտակցի Հայկոյի երգերի տակ, հանկարծ որոշում են նման երաժշտություններ ընդգրկել ցանկ: Շատ էին հավանել, բայց ես արդեն հարսանիքի ավարտին նոր գիտակցել եմ, որ դա, իրոք, իրականություն էր ու մեր վարքերն ու բարքերը, մեր ադաթներով հարսանիքներում նման ոճը հավանում են: Շատ տպավորված էի իսկապես: Հետո արդեն, որ հրավերներ ունեցանք տարբեր միջոցառումների լրիվ սովորական էի արձագանքում, որովհետև դրանից այն կողմ էլ ինձ ոչինչ չէր զարմացնի:
-Կներկայացնե՞ս նրանց կերպարները: Ի՞նչ խորհուրդ են պարունակում:
–Իրենց կերպարներն ունեն նշանակություն և խորհուրդ: Իրենք ներկայացնում են ու հանդես են գալիս իրենց տարազներով, որոնք ամեն մեկը ինչ-որ դիրք է նշանակում:Նախ եկեք ծանոթացնեմ: Առաջինը, ով իր կերպարով այսպես ասած իրենց գլխավորն է՝ Ֆրանկլինը, մեջտեղինը իրենց որսորդն է՝ Ռիչարդը, ով կարողանում է շատ վաստակել, իսկ երրորդը մեր սովորական քաղաքացու կերպարով է հանդես գալիս:
-Երաժիշտների հետ կապված հետաքրքիր պատմություններ ունե՞ս, որ կցանկանաս կիսվել մեր ընթերցողների հետ:
– Պատմություն որպես էդպիսին կդժվարանամ հիշել, բայց հետաքրքիրն այն է, որ խմբի բոլոր տղաներն էլ, մասնավորապես Ֆրանկլինը, ով արդեն երկրորդ անգամն է Հայաստանում և հասցրել է սիրել մեր հայ աղջիկներին, ասում է ու վստահեցնում, որ մեր աղջիկներն ամենագեղեցիկն են, ավելին՝ փնտրում են հարսնացուներ հենց Հայաստանից:
Շուշան Սահակյանց
4-րդ կուրս