ԳԻՐՔ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

ԳԻՐՔ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

2487

Սեպտեմբերի 17-ին, Մատենադարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  իտալահայ  անվանի արձակագիր, հնագետ, պրոֆեսոր Անտոնիա Արսլանի  «Il libro di Mush»  գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Վեպն իտալերենից թարգմանել է բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:
Անտոնիա Արսլանը բազմաթիվ երկերի հեղինակ է: Զբաղվել է Դանիել Վարուժանի ստեղծագործությունների գիտական ուսումնասիրությամբ, թարգմանել է  «Հացին երգը»  և «Ցորյանի ծովեր» ժողովածուները, որից  հետո միայն հեղինակը անդրադարձել է իր հայկական արմատներին: Արսլանների գերդաստանի պարագայում, պահանջվեց երեք սերունդ, որպեզի գրավոր մշակում տրվեր այն հուշագրություններին և ընտանեկան բանավոր պատմություններին, որոնք հասել էին հեղինակին  պապի՝   Երվանդ Արսլանյանի միջոցով:
Հարցազրույցներից մեկում Անտոնիա Արսլանը նշել է. «Ես պատմություններս հյուսում եմ իրական դեպքերի շուրջ, որոնք հարստացնում եմ անձնական հուշերով և այլոց վկայություններով: Իսկ «Մշո գիրքը» պետք է ծնվեր ոչ իբրև վկայություն. չէ՞ որ ես երրորդ սերունդն եմ, այլ իբրև վեպ՝ վերապրող հայերի և նրանց ողբերգության մասին…»:
«Մշո գիրքը» հեղինակի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված երրորդ գիրքն է, որն հրատարակվել է 2012 թվականին (առաջինը՝«Արտույտների ագարակը» 2004թ., երկրերդը՝ «Զմյուռնիայի ճանապարհը» 2012թ. լույս է տեսել գրքի հայերեն թարգմանությունը): Անտոնիա Արսլանը «Մշո գիրքը»  գրել է 3 ամսում:
Վեպի առանցքային թեման հայոց ամենամեծ ձեռագիր մատյանի՝ «Մշո ճառընտիրի»  փրկության պատմությունն է: Հեղինակը ոգևորությամբ և հիացմունքով ներկայացնում է խիզախ ու  վճռական հայուհիներին, որոնց շնորհիվ բազմաթիվ գրքեր, ձեռագրեր, մատյաններ փրկվել են, այդ թվում նաև Սուրբ Առաքելոց վանքի գանձը՝ «Մշո ճառընտիրը» (1202թ.): Հեղինակը  բարձրաձայնում է մշակութային ցեղասպանության մասին:

Անտոնիա Արսլանը նշեց, որ «Մշո գիրքը»  վեպի հիման վրա, հնարավոր է, նկարահանվի համանուն ֆիլմը: Ի դեպ, նույնանուն ֆիլմ նկարահանվել է նաև հեղինակի Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին  գրքի՝ «Արտույտների ագարակը» վեպի հիման վրա:
Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչներ, ԵՊՀ դասախոսներ, մտավորականներ, հյուրեր և այլք:

 

Միլենա Մկրտչյան

1-ին կուրս

Կիսվել