ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ԳՏՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ԳՏՆՈՒՄ

8416

Աղբահանության խնդիրը Հայաստանում արդեն երկար ժամանակ է, ինչ շարունակում է մնալ ակտուալ։  Խնդիրը միայն մայրաքաղաքին չէ, որ բնորոշ է։  Իսկ ի՞նչն է հիմնական պատճառը։  Հենց սա պարզելու նպատակով էլ մեր լրագրողը այցելել է բնակիչներին, պարզել նրանց տեսակետը,  լսել իրենց առաջարկությունները ու  փորձել  է գտնել խնդրի լուծման տարբերակներ։

 

ԱՉՔԻ ՏԵՍԱԾԸ ՀԱՍՏԱՏ Է, ՔԱՆ ԱԿԱՆՋԻ ԼՍԱԾԸ

Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբահանությունը ամենաքննարկվածներից մեկն է։ Ոմանք նշում են, որ տարածքում աղբահանություն ընդհանրապես չի իրակացվում, կամ իրակացվում է շատ վատ ձևով։ Ըստ մի շարք աղբյուրների տարածած տեղեկությունների՝ տարածքում աղբի հոտի պատճառով չեն կարող անգամ զբոսնել, քամու հետ մեկտեղ աղբը նաև փողոցներում ու բնակելի շենքերի ու տների բակում է հայտնվում։ Աղբի հոտի պատճառով անհնար է անգամ մաքուր օդ շնչել։ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչերն  այլ կարծիքի են։ Այն հարցին, թե արդյոք աղբը ժամանակին է հեռացվում, և թե տհաճ հոտը չի խանգարում իրենց, հարցվածների ճնշող մեծամասնությունը պատասխանեց, որ իրենց մոտ չկա ոչ մի աղբահանության խնդիր, աղբը ժամանակին է հեռացվում ու իրենք ոչ մի բողոք չունեն։ Անգամ բնակչուհի Քնքուշ տատիկը խնդրեց իր անունից շնորհակալություն հայտնել վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանին։

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԵՐ. ԱՅՈ՞, ԹԵ՞ ՈՉ

«ՀՀ–ի անկախացումից հետո անհրաժեշտություն առաջացավ վերլուծել հանրապետության տարածքում գործող նախկին ԽՍՀՄ իրավական ակտերը, դրանց տալ իրավական և քաղաքական գնահատական և փորձել, դրանք ժամանակավորապես կիրառելով հանդերձ, ընդունել նոր, միջազգային ստանդարտներին համապատասխանող իրավական ակտեր: 90-ական թվականներին ընդունվեցին մի շարք նոր օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին մեզ հետաքրքրող հարցի կարգավորմանը, սակայն դրանք ոչ միայն չէին սահմանում, այլև, ըստ էության, չէին կարգավորում աղբահանության կամ թափոնների գործածության ոլորտի կարևորագույն խնդիրները»– նշում է «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՆ» գիտական աշխատության հեղինակ Հայաստան Ստեփանյանը։

ՀՀ–ում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքը ընդունվել է 2011 թվականի հունիսի 23–ին։ Այն կարգավորում է մեր երկրում աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, վճարը, դրույքաչափերը։ Ավելի պարզ՝ օրենքը սահմանում է ամեն ինչ կապված աղբահանության հետ, բացի նրանից, որ օրենքը չի կարգավորում վտանգավոր թափոնների հետ կապված հարաբերությունները։

Վտանգավոր թափոնների գործածության ոլորտում կարևորագույն փաստաթուղթ է համարվում «Վտանգավոր թափոնների հեռացման և տարանցիկ փոխադրման նկատմամբ վերահսկողության մասին» Բազելի Կոնվենցիան: Սույն Կոնվենցիան բնագավառը կարգավորող ամենաամբողջական համապարփակ փաստաթուղթն է: Կոնվենցիան ունի 170 կողմ և նպատակ ունի պահպանելու մարդու առողջությունը և շրջակա միջավայրը բոլոր այն անցանկալի ազդեցություններից, որոնք առաջանում են վտանգավոր թափոնների կամ այլ աղբի գոյացումից, շահագործումից, պահումից և տարանցիկ փոխադրումներից: Կոնվենցիայի հիմնական խնդիրներն են ՝ նվազեցնել վտանգավոր թափոնների և երկրորդային օգտագործման ենթակա վտանգավոր այլ նյութերի գոյացումը, երաշխավորել, որ դրանք պահված են բնապահպանական տեսակետից խելամիտ ձևով, ինչպես նաև նվազեցնել այդ թափոնների միջազգային տարանցիկ փոխադրումները։ Այստեղ կա մի խնդիր. Հայաստանը դեռևս Բազելի Կոնվենցիայի պայմանդիր կողմ չի հանդիսանում, քանի որ միջոցառումներ են ձեռնարկվում տեղական օրենսդրությունը համապատասխանեցնել Բազելի կոնվենցիային։

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

Խնդրի տարիներ շարունակ ակտուալ մնալը անհանգստացնում է բնապահպաններին և էկոլոգներին։ Մասնավորապես, բնապահպանական գիտությունների ու ջրային ռեսուրսների կառավարման մագիստրոս, անկախ փորձագետ Լուսինե Թասլակյանը կարծում է, որ խնդիրները բազմաթիվ են, քանի որ աղբահանությունը պատշաճ կերպով պետականորեն կազմակերպված չէ, ինչպես նաև այնպատճառով, որ բնակչության մոտ կա շատ ցածր իրազեկվածություն պլաստիկե տոպրակների վերաբերյալ։ Այսինքն՝ աղբի ազդեցությունը շրջակա միջավայրի ու մասնավորապես ջրային ռեսուրսների վրա թերըմբռնումները շատ են։ Կա չիրազեկվածության խնդիր, սկսած սեփական վարքագծից, երբ աղբը նետում են փողոցում, օրինակ, մեքենայից, որ խոսում է տարրական կուլտուրայի բացակայության մասին և վերջացած նրանով, որ թունավոր ոչ միայն կենցաղային, այլև շինարարական աղբը և քիմիական վտանգավոր նյութեր պարունակող աղբի կարելի է հանդիպել շատ հաճախ քաղաքում, որը պետք է հատուկ կերպով մշակվի, բայց իրականում թափված է կենցաղային աղբի հետ մեկտեղ։

Ներկա պահի դրությամբ ՀՀ–ում գործում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը զբաղվում է խնդրի լուծմամբ, սակայն, բնապահպան Ինգա Զառաֆյանը նշում է․ «Դա կառավարման խնդիր չի լուծում, իսկ մենք դրա պահանջն ունենք: Մենք ունենք, իհարկե, ռազմավարություն, սակայն այնտեղ աղբի վերամշակման մասին մի տող է ասված եւ ոչ մի միջոցառում նախատեսված չէ»։

ԵԹԵ ԳՅՈՒՂԸ ԿԱՆԳՆԻ, ԱՊԱ ԱՐԴՅՈ՞Ք ԳԵՐԱՆ ԿԿՈՏՐԻ

Գաղտնիք չէ, որ աղբահանության վերաբերյալ խնդիրը ավելի մեծ տարածում ունի մարզերում։ Մարզաբնակները, մասնավորապես, գյուղերի բնակիչները բողոքում են, որ աղբը երկար ժամանակ կարող է մնալ աղբարկղերում, իսկ քաղաքներում բնակվողները պնդում են, որ չնայած աղբը այդքան էլ երկար չի մնում աղբարկղերում, միևնույնն է քաղաքը մաքուր չէ․ «Աղբարկղերը բաց են, քամին ու շները աղբը ցրիվ են տալիս քաղաքով մեկ, տնտեսվարողները, այդ թվում նաեւ խանութների տերերը, աղբը թափում են մոտակայքում: Քաղաքում սեփականաշնորհված տարածքներ կան, որոնք ո՛չ տերերն են մաքրում, ո՛չ քաղաքապետարանը: Բնակիչներն աղբը լցնում են չնախատեսված տեղերում, գետերի մեջ»,–պնդում է Վանաձոր քաղաքի բնակչուհի Նարինե Սարգսյանը։

Շիրակի մարզի բնակիչները ևս մի շարք գանգատներ ունեն թեմայի հետ կապված։ Ամասիա համայնքի բնակիչ Գ.Ա–ն, ով երկար տարիներ ապրում է տարածաշրջանում, ժուռնալիստ.am–ի հետ զրույցում նշեց․ «Աղբը օրերով մնում է թափված, ոչ ոք չի գալիս ու այն չի տանում։ Ողջ թաղամասով մի քանի անգամ բողոքել ենք, բայց որևէ էական արդյունք չի տվել։ Բողոքելուց հետո հաջորդ օրը գալիս են հավաքում, բայց միևնույնն է մի շաբաթ հետո, կրկին նույն վիճակում ենք։ Էլ չգիտենք՝ ինչ լուծում տալ հարցին»։

 

ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարցի վերաբերյալ իշխանություններն այլ դիրքորոշում ունեն։ Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության պետը armenpress.am–ին հայտնել է, որ Երևանում աղբահանության գործընթացը կատարվում է 12 սանմաքրման գրասենյակների միջոցով։ Մայրաքաղաքում 2-3 օրը մեկ կատարվում է աղբահանություն, իսկ փողոցներում տեղադրված աղբամաններից կատարվում է ամենօրյա աղբահանություն։

Ինչպես հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, ընդհանուր առմամբ, Երևանից օրական 750-800 տոննա աղբ է տեղա՚փոխվում աղբավայր։ Ձեռնարկվել են նաև սանմաքրման գործընթացներ և աղբահանության գործընթացը գնահատվում է լավ։

 

ՄԻ ՓՈՒՇ ՓՈՐՁՆ ԱՐԺԵ ԽՐԱՏՆԵՐԻ ԹԱՎԱԽԻՏ ԱՆՏԱՌ

Հայաստանում վերջին շրջանում մի շարք կարգավորումներ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ: Նախարարությունն առաջարկում է ընդունել «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենք եւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Առաջարկվող օրենսդրական նախաձեռնության նախագծում արդեն հստակ ձեւակերպված է չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեպքում: Շրջակայքում մինչեւ 2 կգ աղբ թափողը կտուգանվի 16 հազար դրամով: Եթե նույն գործողությունը կատարվել է բնակելի տան պատուհանից կամ շենքից առաջացնում է 20 հազար դրամ տուգանք եւ այլն: Նման պրակտիկան կիրառվել ու կիրառվում է եվրոպական, ամերիկյան ու ասիական մի շարք երկրներում՝ Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ճապոնիա և այլն։

Բերենք օրինակներ։ Գերմանիայում աղբը տեսակավորված չլինելու պարագայում այն պարզապես չեն վերցնի ու կթողնեն տան շեմքին։ Երևան քաղաքում աղբի տեսակավորման մասին խոսելն այս պահի համար ուղղակի ավելորդ է. ժամանակ առ ժամանակ միայն ապակե շշերն են տեսակավորում։

Ճապոնիայում ևս աղբի տեսակավորումը օրենքով ամրագրված «պահանջ է»։ Ասիական այս երկրում պլաստիկը, թուղթը, մետաղները, օրգանական թափոնները, ընդհանուր աղբը առանձին են տեսակավորվում, իսկ ինչ վերաբերում է կենցաղային հատուկ թունավոր թափոններին, ապա դրանք առանձնահատուկ լուծում են պահանջում. հեռացվում են բնակելի տարածքներից, քիմիական ճանապահով կամ վերացնում կամ էլ վերամշակում։

Եվրոպական մի շարք երկրներում էլ գործում է նաև մեկ այլ տարբերակ. փողոցում տեղադրված աղբամանները փակ են։ Տվյալ տարածաշրջանի կամ վարչական շրջանի բնակիչներին տրամադրվում են աղբամանը բացող բանալիներ, ինչի շնորհիվ էլ աղբը չի տարածվում շրջակայքում։

 

ԱՄԵՆ ԲԱՆԻ ՎԵՐՋՆ Է ԳՈՎԵԼԻ կամ ՄԵԿ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ ՉԻ ԳԱ

Աղբահանության խնդրի լուծման վերաբերյալ շատ մասնագետների տեսակետներ համընկնում են։ Փորձագետները նշում են, որ հարցը ՀՀ––ում միայն տեղային բնույթ է կրել, իսկ գլոբալ կոնկրետ լուծումներ չկան ու չեն առաջարկվում։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է, որ խնդիրը որոշ ժամանակ առաջ միայն մայրաքաղաքում էր ակտուալ, այժմ նաև գյուղերում․ «Մասնավորապես, Սևանում ունենք կուտակված պլաստիկ թափոնների մեծ քանակություն, խոսքն այնպիսի քանակության մասին է, որ լճում ոչ խեցգետին, ոչ ձուկ չի կարղ աճեցվել։ Աղբի կառավարում չի կարող համարվել այն, որ թափոնները լցվեն ինչ–որ տեղ և այդպես թողնվեն. հետագայում թունավոր գազեր են արտանետվում, որն ավելի վտանգավոր է»։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը փաստում է, որ մեր երկրում խնդիրը ոչ թե աղբի արտադրության քանակի, այլ թափոնների կառավարման մեջ է։ Հայաստանում չի արտադրվում ավելի աղբ, քան սահմանված է նորմերով: Եթե այլ երկրներում մեկ քաղաքացու հաշվով արտադրվում է օրական 800 գրամ աղբ, ապա մեզ մոտ այդ ցուցանիշը դեռ չի գերազանցվել: Խնդիրը թափոնների կառավարմանն է վերաբերում, իսկ այդտեղ կարևոր է ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիների դերը: Մարդիկ սխալ մոտեցում ունեն այդ հարցի նկատմամբ։ Քաղաքացիները, օրինակ, կարող են հրաժարվել պլաստիկ տոպրակներից և օգտագործել թղթե տոպրակներ,սակայն այդպես չեն վարվում»։

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը այն տեսակետին է, որ այս տարիներին դրական տեղաշարժ գրանցվել է, սակայն խոշոր հաշվով, դրական արդյունք արձանագրելու համար վաղ է: Տեղական մակարդակով շատ հարցեր են լուծվել, սակայն որպեսզի հարցն ընդհանուր լուծում ստանա, առաջարկներ են պետք: Քաղաքապետարանում էլ այս մասին անընդհատ խոսվում է, սակայն լուծում դեռ չկա։»

Աղբահանության խնդիրը ակտուալ կմնա այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր քաղաքացի չգիտակցի, որ ինքն էլ իր երկրի մի մասնիկն է։ Խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միասնական ջանքերով. ամեն անգամ աղբը գետնին գցելուց առաջ ինքներդ Ձեզ հարցրեք, թե արդյոք Ձեզ հաճելի կլինի զբոսնել համատարած աղբանոցում։ Ի վերջո, «ՄԵԿ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ ՉԻ ԳԱ»։

 

 

Հետաքննությունում օգտագործվել են մեջբերումներ հետևյալ աղբյուրներից և կայքերից՝

 

http://urbanfoundation.am/wp-content/uploads/2016/09/SWM-Armenia-Study-of-Legal-Framework-final.pdf

http://www.jrvezh.am/files/pdf/1327249797.pdf

http://old.un.am/res/UN%20Treaties/XVII_11.pdf

«Մաքուր Հայաստան»-ը աղբի խնդիրը չի լուծում (Տեսանյութ)

https://armenpress.am/arm/news/801481/erevanum-axbahanutyan-khndri-lutsman-hamar-global-lutsumner.html

 

Մայա Ավետիսյան

3-րդ կուրս

Կիսվել