«ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐՆԵՐԻ» ՖՈՏՈՆԿԱՐԻՉԸ

«ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐՆԵՐԻ» ՖՈՏՈՆԿԱՐԻՉԸ

2579

Մեր օրերում շատ կան լուսանկարիչներ, ովքեր ամբողջովին նվիրվում են իրենց աշխատանքին, վերածում այն կենսակերպի և միշտ հավատարիմ մնում դրան: Ագապե Գրիգորյանը, թերևս, նրանց շարքում է, ով 16 տարեկանից սկսած նպատակաուղղված ընտրեց հենց լուսանկարչի մանսագիտությունը՝ երկրորդելով ամեն ինչ: Լուսանկարչության ագապեական ընկալումների, նրա պատճառած աննկարագրելի զգացողությունների, մասնագիտության ընտրության և բազմաթիվ այլ հարցերի շուրջ էլ զրուցեցինք Ագապե Գրիգորյանի հետ:

-Ագապե, ինչու՞ հենց ֆոտոխցիկ:

Խոսելու, արտահայտվելու միջոց էր այն ինձ համար: Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ ես ֆոտոխցիկիս շնորհիվ կարող եմ ֆիքսել այնպիսի ակնթարթներ, որոնք այլևս չեն կրկնվի: Էմոցիաներ, զգացողություններ կարող են տեղավորվել հենց այդ ակնթարթի մեջ և այն մնա ու դառնա միմիայն իմը: Դառնում է հիշողություն-կադր, որին նայելիս վստահաբար ես կապրեմ հենց այն նույն զգացողություններն ու ապրումները, որ ունեցել եմ հենց այդ պահին:

-Ագապե լուսանկարչի համար ոգեշնչման անսպառ աղբյուր է հանդիսանում…

Բազմաթիվ են աղբյուրները, անթիվ-անհամար: Ես կարող եմ ոգեշնչվել գրականությունից, երաժշտությունից, արվեստի ցանկացած տեսակից: Եթե ես փորձեմ ագապեական մոտեցում ցույց տալ այս հարցին, ապա պիտի նշեմ կարևորագույնը. զգացողություններն ինձ համար ոգեշնչման աղբյուր հանդիսանում առաջնային: Ես կարող եմ ինչ-որ բան լսել, որն ինձ կապ չունի ինչ տեսակ զգացողություն պարգևի ու դա ինձ դրդի ստեղծագործել, ստեղծել: Սովորաբար այդ զգացողություններն առաջանում են, երբ ես նոր վայրեր, մարդիկ եմ բացահայտում ինձ համար. իրենցով ես լցվում եմ:

-Եթե հնարավորություն տրվեր քեզ ոչ թե լուսանկարել, այլ լուսանկարվել, ու՞մ ֆոտոխցիկի ուշադրության կենտրոնում կուզեիր հայտնվել:

Այս հարցի շուրջ, եթե անկեղծ երբեք չեմ մտածել: Իմ կարծիքով մարդուն լուսանկարելու համար պիտի մի փոքր, գոնե, իրեն ճանաչես, որ կարողանաս բացել քո կերպարին, ուստի ով էլ լիներ ինձ նկարողը կուզեի այնքան տրամադրող լիներ նա ինձ, որ ես առանց վարանելու թույլ տայի անցնել այդ սահմանը, որ կարողանար ինձ յուրովի կերպով մատուցելու ոչ միայն նկարների տեսքով այլև ճանաչման: Սրա հետ մեկտեղ էլ պիտի նշեմ, որ սիրում եմ օբյեկտիվ հակառակ կողմում լինել գրեթե միշտ:

-Ֆոտոխցիկիդ ուշադրության կենտրոնում հաճախ հայտնվում են…

Աշխատանքի բերումով կարող են հայտնվել բոլորն ու ամեն բան, բայց, եթե ես ազատ եմ իմ ընտրության մեջ, ապա նախընտրում եմ լուսանկարել գիշերներ: Ես մեծ ֆոտոշարք ունեմ անքնության, մոտավորապես 60-70 կադր : Երբ չէի կարողանում քնել, ինչն ինձ մոտ հաճախ է պատահում, ես սկսում էի լուսանկարել: Բոլոր կադրերն արված են միևնույն պատշգամբից, ասեմ ավելին՝ միևնույն դիրքով, բայց ամեն գիշեր այդ կադրը յուրովի էր ստացվում: Առհասարակ երկինք եմ շատ սիրում լուսանկարել, գիշեր և, առհասարակ, գիշերն ավելի տրամադրող է: Ապարատս էլ է սիրում գիշերներն աշխատել (ժպտում է):

-Ի՞նչ պիտի ֆոտոնկարիչը անի առաջինը, երբ ձեռքին է վերցնում ֆոտոապարատը:

Ֆոտոպարատը որպես ինքնին տեխնիկա չի կարող լավ կադր անել, որքան էլ այն լինի պրոֆեսիոնալ, նույնը նաև ֆոտոնկարչի դեպքում. նա լինի շատ գիտակ իր գործում, եթե ապարատը լավը չեղավ, նա իր գործում չի հաջողի, ուստի սրանք իրար աննկարագրելի փոխկապակցված են: Իմ դիտարկմամբ առաջնահերթ լուսանկարիչը պիտի սիրի իր տեխնիկան, պիտի սիրես այն օբյեկտը, ում դու նկարում ես. բնություն, մարդ, առարկա, էական չէ, պիտի սիրես ու վերջ: Այն, ինչ մենք սիրում ենք, ինչը մեզ հաճելի է, այն ավելի գեղեցիկ ենք տեսնում և ավելի սիրուն մատուցում ենք, անխոս: Եթե սիրով արված կադր է, ապա վստահ կարող է լինել լուսանկարիչը, որ այդ սերը փոխանցվում է լսարանին ու նույն զգացողությունները պատճառում, ինչ լուսանկարողն այդ պահին ունեցել է:

Լուսանկարելով մարդուն՝ դու ես զարգանում և դրանով օգնում ես մարդուն դուրս գալ իր սահմաններից: Մինչև դու չկարողանաս նրան դուրս բերել այդ սահմաններից, մինչև ինքը չզգա իր կոմֆորտի զոնան, չներդաշնակվի իր հետ, իրեն գեղեցիկ չզգա, կադրերը հաջող չեն ստացվի: Լուսանկարվելն էլ այսպես ասած փոքրիկ թերապիա է, որի շնորհիվ մարդ հասնում է նրան, որ իրեն դուրս է բերում կաղապարներից, իրեն նայում է կողքից, գնահատում ու զգում է այլոց աչքերով, հասկանում է, թե ինչպիսին կարող է լինել: Ես շատ հաճախ կերպարային ֆոտոսեսիաներ եմ անում, որին նայելիս մարդը մտածում է արդյոք ինքը կկարողանա այդ կերպարում հանդես գալ, թե ոչ, բայց ֆոտոնկարհանման ավարտին նա ամբողջապես այդ կերպարի մեջ մտած է լինում ու ինքն իրեն խոստովանում, որ այդ կերպարի մեջ իր մի մասնիկը, այնուամենայնիվ, կար: Նման ֆոտոսեսիաները կարող են փոքրիկ ֆիլմ հանդիսանալ, որը ունի սկիզբ, ընթացք և հանգուցալուծում:

-Մի լուսանկարի պատմություն, որը տպավորվել է քո մեջ:

-Մի լուսանկարի պատմություն չէ, այլ մի ֆոտոշարքի պատմությունն է ինձ համար անչափ տպավորիչ եղել: Ստացվեց այնպես, որ գործի բերումով գնացել էի օդապարիկով թռնելու, ինչն իմ մանկության երազանքներից էր ու այդ ընթացքում սկսեցի անդադար լուսանկարել: Բարձրությունն ու օդապարիկը իմ տարերքն են, երկուսն էլ շատ սիրում եմ: Թերևս, կյանքիս ամենասիրուն լուսաբացն էր ինձ համար: Այդ կադրերում այնքան շատ են էմոցիաներն ու զգացողությունները, որ ակնհայտ են:Երբ  նկարում ես, երբ օդի մեջ ես, շուրջդ սիրուն բնություն է ու ոչինչ խանգարող չկա: Մատներս սառել էին, որովհետև ծայրաստիճան ցուրտ էր վերևում, բայց  ես այնքան հիացած էի, որ անկարող էր ցուրտը խանգարեր իմ նկարելուն: Ամենավառ հիշողություններս հենց այս ֆոտոնկարահման հետ են կապված:

-Կա որևէ հայտնի դեմք, որևէ վայր կամ երևույթ, որ երազում ես ֆիքսել, բայց դեռ անհասանելի է թվում այն քեզ:

Այդպիսի վայրեր շատ-շատ են ու օրեցօր ավելանում են: Լիքը քաղաքներ կան, դեպքեր, իրադարձություններ, որոնք շատ կցանկանամ ֆիքսել ու կֆիքսեմ անպայման: Ամենամեծ ցանկություններիցս է Հնդկական օվկիանոսը լուսանկարելը, որը անմիջականորեն կապված է երազիս հետ, որտեղ ես անչափ երջանիկ էի, դրա համար ես անպայման կհասնեմ այդ ամենի իրագործմանը:

-Ի՞նչ է պետք հաջողակ լուսանկարիչ լինելու համար: Ինչպիսի՞ հաջողություններ ես գրանցել այս ասպարեզում:

Ըստ իս գտնել աշխատանք, որը քեզ կյանք է տալիս արդեն իսկ մեծ հաջողություն է: Մարդուն բացահայտելն ու նրա մեջ կայծ առաջացնելն եմ հաջողություն համարում: Աշխատես այնպես, որ երկուստեք հաճելի լինի:

-Ի՞նչ պլաններ ունես առաջիկայում:

Պլաններ շատ կան: Մի քանի պրոյեկտներ կան, որոնք ընթացքի մեջ են ու չեմ բարձրաձայնի: Առջևում պլանավորում եմ հանդես գալ ցուցահանդեսով, որի միջոցով մարդիկ կտեսնեն ու կզգան մտքերս:

-Ֆոտոխցիկի շնորհիվ ես անում եմ այն, ինչ չեմ կարող անել ոչ մի այլ ոլորտում…

Ես վստահ եմ, որ ֆոտոխցիկիս շնորհիվ ես կարող եմ արտահայտել ամեն բան, ինչ անհնար է թվում զգալ, հենց դա է պատճառը, որ ես ընտրել եմ լուսանկարչությունը: Ես շատ բաներով լցվում եմ և այդ ամենը ներդնում ֆոտոյի մեջ: Գուցե, այլ ոլորտում էլ ստացվեր, չեմ բացառում, բայց շատ բաներ փորձելուց հետո ես գտա իմը:

-Կյանքը գեղեցիկ ֆիքսված կադր է: Ինչպե՞ս կմեկնաբանես այս միտքը:

-Ես կասեի հետևյալ կերպ. Գեղեցիկ ֆիքսված կադր է մի ամբողջ կյանքը: Կադրի մեջ կարող է ամբողջական կյանք երևալ:

 

Հարցազրույցը` Օֆելյա Իսրայելյանի

4-րդ կուրս

 

Կիսվել