ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՄԱՐԶԻ ՕՐԻՆԱԿՈՎ

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՄԱՐԶԻ ՕՐԻՆԱԿՈՎ

1844

1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում հունիսի 5-ը հռչակվեց որպես շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր որոշման մեջ կոչ էր անում պետություններին եւ ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարվա այդ օրը շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանն ուղղված միջոցառումներ անցկացնել: Սակայն միայն մեկ օրը բավական չէ, որպեսզի վերականգնենք շրջակա միջավայրին հասցված վնասները:

Մարդը բնությանը վնասում է իր ամենօրյա գործունեությամբ՝ սկսած տրանսպորտային միջոցներ օգտագործելուց, վերջացրած հանքարդյունաբերությամբ: Հայաստանում այսօր շահագործվում է մոտ 500 հանքավայր. օգտագործվում է մետաղական հանքավայրերի 84 տոկոսը, ոչ մետաղականների 64 տոկոսը` միաժամանակ: Մինչդեռ մեր փոքր երկրի համար դա առնվազն ինքնաոչնչացում է` հաշվի առնելով հանքարդյունաբերության հասցրած վնասները բնապահպանությանը, գյուղատնտեսությանը, առողջապահությանը:

Օգտակար հանածոներով հարուստ մարզերից է Սյունիքը, որտեղ հանքարդյունաբերությունը կենսական նշանակություն ունի: Մարզը ուրբանիզացման մակարդակով հանրապետությունում գրավում է առաջին տեղը` 71%, ինչը տնտեսական ակտիվության եւ զարգացվածության կարեւորագույն ցուցանիշ է: Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ ըստ պաշտոնական վիճակագրության` Սյունիքի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը ամենաբարձրն է հանրապետությունում: 2013թ. մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 205 638 դրամ, այն դեպքում, երբ մայրաքաղաք Երեւանում այդ ցուցանիշը կազմում է 157 652 դրամ: Վերոհիշյալ ցուցանիշներ հաջողվել է գրանցել հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում զբաղվածության շնորհիվ: Մարզի 7 քաղաքային համայնքներից 3-ը գոյատեւում եւ զարգանում են բացառապես հանքարդյունաբերության շնորհիվ (Կապան, Քաջարան եւ Ագարակ): Առաջին երկուսը մարզի ամենախոշոր քաղաքային համայնքներն են: Ի դեպ, մարզկենտրոն Կապանի հարող տարածքում դեռեւս միջնադարից գործել են պղնձահանքեր եւ պղնձաձուլարններ: Այդտեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Իսկ ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա:

Գործող հանքավայրերի շահագործման հետեւանքով Սյունիքում արդեն կան 12 մեծ ու փոքր պոչամբարներ, որտեղ լցվում են հանքերի շահագործումից գոյացած ծանր մետաղները, հիմնականում պղինձ եւ մոլիբդեն, ինչպես նաեւ հանքաքարերում առկա բոլոր վտանգավոր նյութերը` ծծումբ, կադմիում, արսենիում, կապար, ցինկ, բիսմուտ, սելեն եւ այլ թունավոր միացություններ ու տարրեր, եւ այդ բոլորը բարձր խտությամբ կուտակվում են այդ պոչամբարներում:

 

 

 

 

 



Արծվանիկի պոչամբարը

Հայաստանի ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած վերլուծություններով հաստատվել է, որ Սյունիքի մի շարք պոչանքների բաղադրության մեջ կան ծանր մետաղներ եւ թունավոր նյութեր՝ մկնդեղ, կադմիում, կապար եւ այլն: Մինչդեռ հանքերը շահագործող ընկերությունները, ինչպես նաեւ ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունները` հանձին բնապահպանության նախարարության, միաբերան պնդում են, թե հանքերի շահագործումը վնասակար ազդեցություն չի կարող ունենալ  շրջակա միջավայրի, առավել եւս՝ մարդկանց առողջության վրա:

Մարդկանց առողջության վրա հանքերի շահագործման ազդեցության մասին որեւէ բժշկական մոնիտորինգ չի իրականացվել, որը թույլ կտար ապացույցներով պնդել, որ մասնավորապես Սյունիքի մարզում քաղցկեղային հիվանդությունների թվի կտրուկ ավելացումը հանքերի շահագործման ու այդ ընթացքում առաջացած թունավոր արտանետումների հետեւանք են:

Թունավոր տարրերն ու ծանր մետաղները մարդկանց օրգանիզմ են ընկնում պոչամբարներից գետերի մեջ ներթափանցած ջրերի միջոցով` պոչամբարների վթարային վիճակում լինելու հետեւանքով: Գետերը կամ լցվում են խմելու ջրի մեջ, կամ ներծծվում հողում ու կուտակվում այդ հողում աճող պտուղներում, որոնք էլ հետո հայտնվում են մարդկանց սեղանին:

Պակաս վտանգավոր չէ նաեւ այդ հանքերի շրջակա միջավայրի օդը, որում թունավոր տարրերի ու մետաղների փոշիները անթույլատրելի խտության են հասնում: Այնպես որ թույնն օրգանիզմ է ներխուժում նաեւ շնչուղիներով: Փաստորեն մարդկային առողջության հետ կորցնում ենք նաեւ պտղատու եւ բնակության համար անհրաժեշտ հողերը, քանի որ դրանք վտանգավոր են համարվում մշակելու եւ ապրելու համար եւ վերածվում են մեռյալ տարածքների: Կորցնում ենք խմելու ջրի պաշարները, քանի որ խմելու ջրի ջրամբարների մեջ են լցվում թունավոր արտանետումները: Եվ եթե դեռ որեւէ կերպ հնարավոր է այս կամ այն տարածքի ջուրը խմելուց կամ այդ տարածքում ապրելուց հրաժարվել, ապա ի՞նչ անել օդի հետ, որն անհնար է չշնչել, խանութներում այլ տեսակի օդ չեն վաճառում:

Սյունիքի մարզի բնակիչների մոտ 80 տոկոսը տառապում է երիկամների հիվանդություն-ներով:Ավելացել են նաեւ ուռուցքային հիվանդությունները: Բայց բնակիչները չեն բողոքում, քանի որ թերահավատ են, թե որեւէ մեկն ուշադրություն կդարձնի իրենց:

 

Ադանա Բաբաջանյան

4-րդ կուրս

Կիսվել