Նեմրացիների («Նեմրա» ռոք խմբի երկրպագուների) համար կա մի երևակայական տարածք, որ կոչվում է «նեմրա մոլորակ»: Այս մոլորակում տիրում է բարություն և ազնվություն, այստեղ երազանքներդ ավելի իրական են թվում ու այս մոլորակը ավելի իրական է դառնում «Նեմրայի» համերգների ժամանակ:
Ապրիլի 6, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, եռուզեռ, իսկ պատճառը «Նեմրան» էր: Շատ հաճախ ռոք խմբերին բեմ տրամադրող Տիկնիկային թատրոնը արդեն սովոր էր այսպիսի իրարանցումների: Համերգի ընթացքում չէիր գտնի մեկին, ով նստած կլիներ: Թատրոնի ներսում տիրող տրամադրությունը և էներգիան դուրս էին եկել նրա պատերից: Նախքան համերգի մեկնարկը «Նեմրայի» բոլոր երկրպագուները հավաքվել էին բեմի մոտ, որպեսզի ավելի մոտ լինեն իրենց սիրելի խմբին:
Խումբ, որը ձևավորվել է 2011թ-ի ամռանը, բուն գործունեությունը ծավալել է 2012թ-ի փետրվարի 17-ից: Խումբ, որը աստիճանաբար դուրս գալով փաբերից և հասնելով մեծ բեմեր, այնքան սիրվեց հայ հասարակության կողմից, որ 2018թ-ի «Ծիծեռնակ» Համազգային մրցանակաբաշխությունում արժանացավ «Տարվա լավագույն ռոք խումբ» կոչմանը:
Այնտեղ ուր հայտնվում է «Նեմրան», մթնոլորտը ինքնաբերաբար լցվում է էմոցիաներով, ժպիտներով և թռվռոցներով: Այդ մասին են փաստում տարբեր մրցանակաբաշխություններում «Նեմրայի» ունեցած հաջողությունները: Երկրպագուները այնքան են սիրում «Նեմրային», որ իրենց անվանում են Նեմրացիներ և հորինել են մի աշխարհ, որտեղ ապրում են իրենք և իրենց սիրելի խումբը: Ապրում են երկուսով, ինչպես Փոքրիկ Իշխանն ու իր վարդը:
«Նեմրա մոլորակ», այս երևակայական աշխարհում ապրում է մի մեծ ու համերաշխ ընտանիք: Չնայած այն բանին, որ այդ ընտանիքի անդամներից ոչ բոլորն են միմյանց ճանաչում, սակայն «Նեմրայի» ստեղծած ակնեղծ կապի շնորհիվ նրանք զգում են միմյանց հանդեպ ունեցած ներքին անբացատրելի կապվածությունը:
Այսպես են խոսում Նեմրացիներն իրենց հարազատ մոլորակի մասին …
« «Նեմրան» մեր տունն է, մեր աշխարհն է, որտեղ մենք իրար հասկանում ենք առանց խոսքերի, չնայած որ շատերս անգամ իրար չենք էլ ճանաչում։ Մեր մոլորակում մենք անկեղծ ենք, իսկ անկեղծություն մեզ «Նեմրան» է սովորեցրել։ «Նեմրամոլորակը» այն վայրն է, որտեղ մոռանում ես բոլոր խնդիրներդ, կորցնում ես իրականության զգացողությունը, կորում ես անվերջության մեջ, իսկ սիրտդ լցվում է ուրախությամբ, երբ տեսնում ես այդքան գեղեցիկ ժպտացող դեմքեր»:
Արփինե Խարազյան
« «Նեմրա մոլորակում» կյանքն ավելի լավն է, մարդիկ ավելի բարի: «Նեմրա մոլորակում» ապրելու ստիմուլ կա` իրենց համերգները, փոխանցված էներգիան, անկեղծությունը: Ու կարևորը` վիզային ռեժիմը պարզեցված է, կարելի է շատ հանգիստ տեղափոխվել «Նեմրա մոլորակ» »:
ՍիրԱնուշ Գևորգյան
« «Նեմրա մոլորակը» առանձնահատուկ է, որտեղ կա անկեղծություն, բոլոր նեմրաբնակների սերը փոխանցվում է դեպի քեզ, դու կարող ես զգալ այնտեղ ազատ, նրանք բարի ժպիտով քեզ կասեն Օ¯, նա իսկապես խելագար է, և դու ամենևին էլ քեզ վատ չես զգա: Դրական լիցքերը, որոնք քեզ են փոխանցվում կարող են մեկ վայրկյանում դեմքիդ մի մեծ ժպտացող արև պատկերել, սիրտդ կսկսի արագ բաբախել , առանց որևէ մի բառ ասելու քո էմոցիաները կբացատրեն քո զգացմունքները, և դու կրկին ու կրկին կուզենաս թռչել քո մոլորակը ու հավերժ ապրել այնտեղ»:
Nelly De
« «Նեմրան» այն մոլորակն է, որտեղ կարելի է հասնել lost connection տիեզերանավով առաջին իսկ չվերթով»:
Hakobian Rasmig
« «Նեմրա մոլորակը», այն միակ վայրն է, որտեղ հնարավոր է առանց «սկաֆանդռի» շնչել ու ստանալ բավարար թթվածին ու չթունավորվել տոքսիկ գազերից … «Նեմրա մոլորակը» այն միակ մոլորակն է, որտեղ կարող ես վստահ լինել, որ ինչ էլ լինի, դու երբեք միայնակ չես մնա… Այնտեղ փակ է կեղծավորության, մուննաթի ու մռայլության համար, իսկ տխրությունը, եթե անգամ կա, իր մեջ ունի լիքը հույս ու միասնականություն… ու այն միակ վայրն է, որտեղ կարելի է հանգստանալ, հանդարտվել ու թուլանալ, լինել այն, ինչ կաս, և լինել քո ամենասիրած մարդկանց կողքին… »:
Emily Blake
« «Նեմրա մոլորակ»-ը կմնա բարությամբ ու ազնվությամբ լի վայր, որովհետև կա «Նեմրան» ու կան նեմրացիները, և եթե Փոքրիկ Իշխանի համար իր վարդը ամենալավն էր աշխարհի բոլոր վարդերից, ապա «Նեմրան» էլ Նեմրացիների համար ամենալավն է աշխարհի բոլոր ռոք խմբերից:
Մերի Դարաբյան
3-րդ կուրս