«ՍԻՐՈՒՄ ԵՄ ՇՐՋԱՊԱՏՍ ԶՆՆԵԼ «ԵՐՐՈՐԴ ԱՉՔ»-ՈՎ». ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

«ՍԻՐՈՒՄ ԵՄ ՇՐՋԱՊԱՏՍ ԶՆՆԵԼ «ԵՐՐՈՐԴ ԱՉՔ»-ՈՎ». ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

1499

Մեր հերթական լուսանկարիչ-հերոսուհին պատմում է լուսանկարչության հանդեպ իր սիրո,  անբաժան ընկերոջ՝ ֆոտոխցիկի, և մի շարք այլ հարցերի մասին:

-Իննա, ինչու՞ հենց ֆոտոխցիկ:

-Ֆոտոխցիկ, որովհետև սիրում եմ շրջապատս զննել «երրորդ աչք»-ով: Հաճելի է, երբ մի բան գրավում է ուշադրությունս, հետո՝ ցանկացած պահի կարողանում եմ կրկին նայել, որովհետև հասցրել եմ ֆիքսել: Լուսանկարը լավ կստացվի, թե վատ, դա երկրորդական է, կարևորն այն է, որ քոնն է: Ժամանակի հետ ֆոտոխցիկս դարձավ լավագույն ընկերներիցս մեկը՝ անդավաճան ու անփոխարինելի, բայց այս ամենի հետ մեկտեղ չեմ կարող ասել, որ ինձ լուսանկարիչ եմ համարում, որովհետև լրագրող եմ: Ինչպես գիտենք լրագրողի աշխատանքը բազմաֆունկցիոնալ է, իսկ լուսանկարչությունը կոնկրետ ինձ համար դրա մի մասն է կազմում:

-Քեզ համար ոգեշնչման անսպառ աղբյուր է հանդիսանում…

-Արցախը. չեմ ուզում ամպագորգոռ ու ճչացող բառեր ասել, բայց Արցախ աշխարն իրոք իմ կյանքի ոգեշնչման անսպառ աղբյուրն է: Այնտեղ ես միշտ կարողանում եմ առանձնանալ ինքս ինձ հետ, կտրվել ամեն ինչից ու վերջապես հենց այնտեղ եմ ստեղծել իմ լավագույն կադրերը:  Այնտեղ ամեն ինչն է ուրիշ, չնայած, որ էլի մերն է: Ես երբեք Արցախը Հայաստանից չեմ զատում, ու սրտիս խորքում հույս եմ փայփայում, որ մի օր կտեսնեմ այն միացված Հայաստանին:

-Եթե հնարավորություն տրվեր քեզ ոչ թե լուսանկարել, այլ լուսանկարվել, ու՞մ ֆոտոխցիկի ուշադրության կենտրոնում կուզեիր հայտնվել:

-Երբևէ չէի մտածել այս հարցի շուրջ, բայց հեռու չգնալով Հայաստանից ու հայերից` կասեմ, որ հնարավորության դեպքում կցանկանայի հայտվել համաշխարհային ճանաչում ունեցող  հայ  լուսանկարիչ Հովսեփ Քարշյանի ֆոտոխցիկի ուշադրության կենտրոնում: Նա իր կյանքի ընթացքում այնպիսի աշխարհահռչակ մարդկանց է լուսանկարահանել, որ ինձ համար ուղղակի մեծ պատիվ կլիներ նույնիսկ նրան տեսնելը, բայց ավաղ ես 4 տարեկան եմ եղել, երբ նա մահացել է:

– Ֆոտոխցիկիդ ուշադրության կենտրոնում հաճախ հայտնվում են…

-Զինվորները: Երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ ռազմական լրագրությամբ ու ըստ այդմ էլ, լուսանկարներիս հերոսները մեծամասամբ զինվորներ են: Նրանք ևս ինձ համար ոգեշնչման աղբյուր են: Փորձում եմ «ստիպել», որ ժպտան, որովհետև հրապարակվող ֆոտոռեպորտաժներում՝ ծնողները հնարավորություն են ունենում գտնելու իրենց զինվորներին, ու շատ կարևոր է նրանց տեսնել ժպտացող աչքերով ու անվտանգ:

-Ի՞նչ պետք է ֆոտոնկարիչը անի առաջինը, երբ ձեռքն է վերցնում ֆոտոապարատը:

-Կարծում եմ, որ պետք է նախ մտովի պատկերցնի այն կադրը, որն ուզում է «ստեղծել»: Ինքս արդեն նշեցի, որ ինձ ֆոտոնկարիչ չեմ համարում, բայց երբ ֆոտոխցիկը ձեռքս եմ վերցնում, տեղանքն ուսումնասիրելով փորձում եմ առանց ֆոտոխցիկի՝ մտովի ստանալ կադրը, հետո արդե  անընդհատ լուսանկարում եմ, մինչ հասնեմ սպասված արդյունքին:

-Մի լուսանկարի պատմություն, որը տպավորվել է քո մեջ:

-Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի մարտական դիրքերից մեկում, քայլում էի խրամատում, լուսանկարում ու նկատեցի դիպուկահարի զենք, կողքին՝ աղոթագիրք: Իհարկե հերթապահություն իրականացնեղ զինվորը վերցրեց իր զենքն ու հասցրի միայն աղոթագիրքը լուսանկարել, բայց պատկերը մինչ օրս հիշում եմ, այն մեծ խորհուրդ ունի ինձ համար: Չգիտեմ լուսանկարն ինչքանով է ստացված, կամ ինչ զգացողություններ է արթնացնում, բայց ինձ համար այն  կենդանի հիշողություն է, ու ամեն անգամ, երբ նայում եմ՝ դեմքիս ժպիտ է առաջանում:

-Կա որևէ հայտնի դեմք, որևէ վայր կամ երևույթ, որ երազում ես ֆիքսել, բայց դեռ անհասանելի է թվում այն քեզ:

-Երկինքն իմ տարերքն է. միշտ փորձում եմ լուսնկարել գիշերային աստղազարդ երկինքը, բայց մինչ օրս չեմ կարողանում ստանալ այն կադրը, որը մտովի պատկերացնում, ու որի մասին երազում եմ: Կարծում եմ, որ մի օր անպայման կստացվի:

– Ի՞նչ է պետք հաջողակ լուսանկարիչ լինելու համար: Ինչպիսի՞ հաջողություններ ես գրանցել այս ասպարեզում:

-Կարծում եմ ամեն ինչի համար պետք է ուղղակի հաջողակ մարդ ու լավ մասնագետ լինել: Ինձ համար հաջողություն է, երբ Արցախից վերադառնալով հրապարակում ենք ֆոտոշարքերն ու ստանում գնահատանքի խոսքեր զինվորների ընտանիքներից: Դա ինձ համար ամենակարևոր և ամենամեծ ձեռքբերումն է այս պահին, իսկ թե ինչ հաջողություններ կգրանցեմ հետո, երբ որոշեմ մասնագիտանալ լուսանկարչության՝ մասնավորապես ֆոտոլրագրության մեջ, ժամանակը ցույց կտա:

– Ի՞նչ պլաններ ունես առաջիկայում:

-Որոշել եմ աշխատանքային շրջագայություն ունենալ ողջ Հայաստանի տարածքով, իհարկե լավ ընկերոջս՝ ֆոտոխցիկիս հետ միասին: Կկարողանամ լուսանկարել հայրենիքս «ամբողջությամբ», կստեղծեմ կադրեր ու հիշողություններ, որոնք անհնար կլինի երբևէ խլել ինձանից:

– Ֆոտոխցիկի շնորհիվ ես անում եմ այն, ինչ չեմ կարող անել ոչ մի այլ ոլորտում…

-Հավաքում եմ մե՜ծ արխիվ՝ լցված անվերջանալի կադրերով, որոնք ապագայում ինձ համար քայլող հիշողություններ են դառնալու:

– Կյանքը գեղեցիկ ֆիքսված կադր է: Ինչպե՞ս կմեկնաբանես այս միտքը:

-Կյանքի ամեն պահը մի գեղեցիկ կադր է և եթե հասցնել ֆիքսել, հետո՝ կյանքիդ մայրամուտին, ապրածդ  ամեն պահը մեկ կադրով կկարողանաս վերապրել:

 

Հարցազրույցը` Օֆելյա Իսրայելյանի

4-րդ կուրս

Կիսվել