«Այն գիրքն է լավը, որը բացում ես ակնկալելով և փակում հարստացած»: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ստեղծվեց էլեկտրոնային դաշտ, որը գրավեց շատ ոլորտներ, այդ թվում նաև գրականությունը և գրքերը: Ոմանք այսօր նախընտրում են ամենուր իրենց հետ գրքեր տանելու փոխարեն պարզապես դրանք ունենալ հեռախոսում: Եվ կարծիք կա, որ էլեկտրոնային տարբերակը խթան է հանդիսանում գրքերի մահվանը:
Կարծիքները շատ են, նախապատվությունները բազմազան:
Տաթև Իսրայելյանը, ով 12-րդ դասարանում է սովորում ասում է.
-Դասերին պատրաստվելու համար ինձ հաճախ պետք են լինում տարբեր բառարաններ, բայց քանի որ դրանք այնքան էլ մատչելի չեն, բոլորը գնելու փոխարեն օգտվու եմ հեշտ տարբերակներից ` օնլայն բառարաններից:
Էջմիածնի կենտրոնական գրադարանի աշխատակցուհին փաստում է.
-Վերջին մի քանի տարիների ընթացքում գեղարվեստական գրականության համար ուսանողների դիմելիությունը նվազել է: Ես խնդիրը կապում եմ երկու հանգամանքի հետ. ոմանք գրքից հեռացել են, կարդում են միայն ծրագրայինները, երկրորդ` նախընտրում են էլեկտրոնայինը, ինչին նպաստում է նաև այն, որ հարուստ գրականություն չկա:
Աստղիկը ԵՊՀ ուսանողուհի է, հաճախ է էլեկտրոնային տարբերակով գրքեր կարդում: Հարցին` ինչու՞ ոչ տպագիր` Աստղիկը պատասխանեց.
-Նախընտրում եմ արտասահմանյան գրականություն, սակայն արտասահմանյան գրականության ոչ բոլոր հեղինակներն են, որ թարքմանված են հայերեն և հրատարակված են, իսկ օնլայն տարբերակով շատ ավելի հեշտ է գտնել: Եթե իհարկե լիներ, կնտրեի տպագիրը:
Անուշը կտրականապես դեմ է էլեկտրոնային գիրք ասվածին: Անուշը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կարծիքով գիրք ընթերցելիս պարտադիր է այն զգալ ձեռքերում, թերթել ու միայն դրանից հետո տրամադրվել:
-Այն ինչ էլելտրոնային է, չի կարող գիրք լինել ինձ համար:
Արմինե Հարությունյանը աշխատում է փոքրիկ գրախանութում: Նա ևս վերջին շրջանում գրքերի գնելիության նվազում է նկատում:
-Մանկական հեքիաթի գրքերն են ավելի շատ վաճառվում, հիմնականում տոն օրերին նվերների համար: Կարծում եմ, պատճառներից մեկն այն է, որ ուղղակի չեն կարդում, նաև այն, որ կա էլեկտրոնային դաշտը:
Մարինեն փոքրիկ երեխայի ծնող է, ասում է, որ երեխայի համար հաճախ է հեքիաթներ ընթերցում, և որ իր համար ավելի հարմար է ընթերցել էլեկտրոնային տարբերակով:
–Երեխան իր տարիքին բնորոշ վարքով հաճախ է պատռում կամ փչացնում գիրքը, օնլայն տարբերակով կարելի է փնտրել ցանկացած հեքիաթ ու նույն պահին ընթերցել:
Իսկ վերջում Մարինեն հավելեց, որ դա չի նշանակում, որ տպագիր չի կարդում, երեխան դեռ փոքր տարիքից պատք է գիրք տեսնի, տեսնի թե ինչպես են կարդում, ծանոթանա գիրք կարդալու մշակույթին:
Անուշ Հարությունյան
5-րդ կուրս