ՏԻԿՆԻԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

ՏԻԿՆԻԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

5063

   Տիկնիկագործությունը, որ առաջներում հայտնի էր իբրև արհեստ, այսօր արդեն արվեստի, մշակույթի  գեղեցիկ արտացոլում է: Այն մեր մշակույթում այսօր պահպանվում է հատուկենտ նվիրյալների շնորհիվ: Տիկնիկագործության մանրամասների մասին այսօր կխոսենք տիկնիկագործ Սուսաննա Գրիգորյանի հետ, ում աշխատանքներն այս տարի Մոսկվայում կայացած տիկնիկագործության մրցույթում զբաղեցրին երկրորդ տեղը:

   -Տիկին Սուսաննա,  քսան տարի է՝  ինչ զբաղվում եք տիկնիկագործությամբ , այն հարազա՞տ է դարձել ։

-Իհարկե, ես մեծ սիրով եմ անում իմ գործը: Տիկնիկներ պատրաստելիս խոսում եմ, եթե մեկը հանկարծ տեսնի, կմտածի գժվել եմ․ իսկապես գժվել կարելի է, սա դարձել է իմ կենսակերպը։ Բոլոր տիկնիկներին առանձնահատուկ վերաբերմունք եմ ցույց տալիս, այլ կերպ լինել չի կարող։ Օրվա մեծ մասն անցկացնում եմ իմ արհեստանոցում, տարազներ եմ կարում, տարբեր թելերից և բամբակից գեղեցիկ տիկնիկներ պատրաստում։

Տիկնիկներ պատրաստելու հարցում Ձեզ որևէ մեկն ուղղորդե՞լ է ։

-Մանկության տարիներին եմ սովորել, այնքան էի պատրաստել, որ տատիկս ասում էր` ու±ր պետք է տեղավորենք այսքան երեխաներին. նա տիկնիկներին դիտում էր որպես կենդանի մարդուկներ։ Բացի ավանդականներից պատրաստել եմ նաև խրձիկներ՝ զուտ թելից տիկնիկներ։

   -Դա եղել է սիրողական մակարդակում, թե± ինքնուս, եր՞բ աշխատանքները  դրվեցին ավելի մասնագիտական հիմքերի վրա։

-Ես ավելի վարպետացա, երբ ուսումնասիրեցի գրականությունը, եղա տարբեր երկրների թանգարաններում, տեսա, թե ինչպես են իրենց ավանդական արվեստը ներկայացնում։ Մերօրյա տիկնիկագործության խնդիրն  է` ավանդույթները ներդնել ժամանակակից կյանքի մեջ։ Գտնել այն ռացիոնալ հատիկը, որը կա ավանդականի մեջ ու այսօր ևս պիտանի է ճաշակի ձևավորման և հմտություններ կառուցելու առումով։

   -Ո ՞րն է տիկնիկագործության դերը մեր հասարակության մեջ։

-Ըստ իս ՝ տիկնիկագործությունը այժմ էլ  չի կորցրել իր նշանակությունը, կատարում է բազմատեսակ գործառույթներ. ծիսական, պաշտամունքային, կենցաղային, կրթադաստիարակչական, գեղագիտական և նույնիսկ բուժիչ (տիկնիկային թերապիա հոգեբանության մեջ): Իսկ հեղինակային տիկնիկների պարագայում դրանք ձեռք են բերում արվեստի ստեղծագործության կարգավիճակ: Կիրառական արվեստի այս նմուշները հաճախ քանդակի նշանակություն են ստանում, հաճախ էլ՝ ծառայում որպես զարդարանք: Աշխարհի տարբեր, ինչպես և մեր հարևան երկրներում վաղուց գործում են  տիկնիկների կամ խաղալիքների թանգարաններ, որտեղ պահվում են ամենահին ծիսական տիկնիկներից մինչև ժամանակակից՝ գործարանային արտադրության կամ հեղինակային տիկնիկներ։ Հայաստանում, սակայն, նման թանգարան չկա: Հայաստանում այն մեծ ուշադրության չի արժանանում: Կան բազմաթիվ հետաքրքիր տիկնիկագործներ՝ ուրույն ձեռագրով, հետաքրքիր գաղափարներով, ում քչերն են ճանաչում:

   -Խոսենք հայ տիկնիկագործության խնդիրների մասին։ Կան հայկական մշակույթի տարբեր ճյուղեր, որոնք մոռացության եզրին են, կամ խիստ դանդաղ է ընթանում դրանց վերածնման գործընթացը։ Ի՞նչ եք կարծում, տիկնիկագործության առումով ունե՞նք ձևավորվող դիմագիծ։

-Տիկնիկագործությունը Հայաստանում նոր ձևավորվող ճյուղ է, կան արդեն արվեստագետներ ու վարպետներ, ուստի կարծում եմ՝ անհրաժեշտ է ստեղծել Տիկնիկների թանգարան, որպեսզի վերնիսաժային կարգավիճակից տիկնիկագործությունը վերածվի դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացող ճյուղի, դրա պոտենցիալը կա։ Ես ինքս պատրաստ եմ  իմ հավաքածուից մի մեծ մաս տրամադրել Հայաստանում ապագայում գործող տիկնիկների թանգարանին։

-Իսկ ո±րն է հայկական տիկնիկների տարբերակիչ գիծը։

-Յուրաքանչյուր տիկնիկ ունի իր պատմությունը, կերպար ու բնավորություն որոնց շնորհիվ  հնարավորություն է տալիս ետ գնալ մանկություն, հիշել, գուցե ճանաչել մեր մանկության տիկնիկները: Հայաստանում տիկնիկագործությունը 2000–ամյա պատմություն ունի։ Սկզբնական շրջանում կավե, ծղոտե, այնուհետև բրոնզե, արծաթե, քարե արձանիկներ են պատրաստել։ Վանի տիկնիկներն առանձնանում են իրենց կոշտ քաթանե զգեստներով։ Ըստ ավանդության հայաստանում Զատկի տոնին պատրաստել են նաև «ուտելու տիկնիկներ», որոնց գլուխը եղել է ներկած ձու, իսկ ձեռքերն ու ոտքերը՝ կանաչեղեն։

   -Իսկ ի՞նչ կմաղթեք սկսնակ տիկնիկագործներին։

   –Եթե կարողանանք սիրել ձեր աշխատանքը, ձեզ չի անհանգստացնի ոչինչ, ձեր առջև կբացվեն բոլոր դռները։ Ես հույս ունեմ, որ մենք դեռ կգրանցենք լուրջ հաջողություններ տիկնիկագործության մեջ և այն խնդիրները, որոնք անհանգստություն են պատճառում մեզ այսօր, անկասկած կլուծվեն։

 

Հարցազրույցը վարեց Սոնա Շահվերդյանը

3-րդ կուրս

Կիսվել