ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ՝ ՀԵՐՈՍԻ ՀԵՏ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ՝ ՀԵՐՈՍԻ ՀԵՏ

1403

Քառօրյա պատերազմը եղել և մնում է հայի պատմության անհերքելի էջերից մեկը։  Պատերազմից վերադարձած տղաներից շատերն այսօր վերադասավորել են իրենց կյանքը, շարունակում են ուսումը, անցել են աշխատանքի, իսկ ոմանք էլ դեռ անգործ են։ Զրուցակիցս՝ Հայկ Աճեմյանը, ով հերոսներից մեկն է, մարտնչել է առաջնագծում և արժանապատվորեն ավարտել ծառայությունը, այսօր աշխատում է կահույքի գործարանում որպես կահույքագործ։ Ներկայացնեմ նրա հետ  ունեցած հարցազրույցից մի հատված:

-Մասնակցել ես Ապրիլյան պատերազմին, որո՞նք են եղել առաջին զգացողություններդ ու մտահոգություններդ առաջնագծում, որ ունեցել ես։

– Երբ նոր էր սկսվել, ամեն բան նորմալ էր թվում, քանի որ սկզբում կրակում էին այն զինատեսակից, որը նորություն չէր։ Մտածում էինք, որ մի քանի անգամ կկրակեն և վերջ։ Բայց հետո սկսեցին այլ զինատեսակով կրակել, ու այդ ժամանակ գիտակցեցի, որ սկսվեց պատերազմը, ամբողջ մարմնով դողացի։ Մի քանի րոպե հետո հասկացա, որ պետք է պայքարեմ, որ չմեռնեմ, իսկ հետո նոր հողս էր ու երկիրս։ Պայքարեցինք, անցավ մի ժամ, ու այդ ամենը սովորական դարձավ բոլորիս համար։

-Ամենատպավորիչ դեպքը ծառայության ընթացքում, որ ողջ կյանքում կհիշես։

– Հիշում եմ, երբ մարտական հերթափոխին ոտքով 16 կիլոմետր հեռավորության լեռներ էինք բարձրանում 5 ամիս, ու ինձ վրա կրում էի 50 կիլոգրամ բեռ։

– Առհասարակ պատկերացումներդ ինչպե՞ս են փոփոխվել մինչ ծառայելը և  ծառայությքւնից հետո։

– Մինչ ծառայելը ինչ-որ բան անելիս ինչ-որ մեկից կհարցնեի՝ ոնց անեմ, կամ խնդիր ունենալու դեպքում կողքիս մեկը պիտի գտնվեր, որ կարողանայի կողմնորոշվել, իսկ ծառայության անցնելուց հետո ամեն ինչ փոխվեց. օրինակ որևէ հարցում ես ինքս եմ կարողանում ռեալ կողմնորոշվել, քանի որ ծառայության ընթաքում շփվել եմ հազարավոր մարդկանց հետ, տեսել ու հաղթահարել եմ տարբեր դժվարություններ։ Եթե մի օր ջուր չխմեմ, ինձ համար նորմալ կլինի, որովհետև ես եղել եմ այդ իրավիճակի մեջ ծառայության ընթացքում, ու հիմա ինձ և ցանկացած ծառայողի համար ամեն դժվարություն հաղթահարելի է։

– Խնդիրներ, որոնք այսօր ամենից շատ են հուզում զինվորներին։

–  Հիմնականում մտածմունքները  ընտանիքի, հարազատների ու ընտրյալի մասին են՝ հաճախ չտեսնելը, կարոտը և այլն։ Եթե մենակ ես լինում, մտածում ես դրսի մասին, եթե ընկերներիդ հետ ես, խոսում եք դրսի մասին, այդ օրվա եղած դեպքերի կամ դրսում ինչ-որ գործերի մասին։

-Ինչ խորհուրդ կտաս դեռևս քաղաքացիական կյանքում գտնվող կամ դեռ նոր ծառայության անցած տղաներին։

– Ծառայության գնալիս չտխրել, լինել համարձակ, լինել հավասարակշռված, ոչ ոքի հետ չշփվել այնպես, կարծես հարյուր տարի է ճանաչում ես, այլ՝ լուրջ, միշտ հավասարակշիռ, չվախենալ, «դուխով» լինել։ Ընտանիքին անընդհատ պահանջներ չներկայացնել, բավարարվել նրանով, ինչ ունես։ Չլինել պասիվ, չար, լինել հարգված, որ քաղաք վերադառնալուց հետո ինչ-որ մեկին տեսնելիս գլուխդ չկախես ու չամաչես արածդ քայլերի համար, այլ պարծենաս թողածդ հարգանքով ու պատվով, քանի որ կյանքը շարունակվում է։ Ես միշտ էդպես եմ մտածել ու շարժվել ծառայելիս։

 

Հարցազրույցը` Սյուզան Նավասարդյանի

1-ին կուրս

Կիսվել