ՀԱՐԵՎԱՆ ՎՐԱՍՏԱՆԸ՝ ՄՈՏ ԵՎ ՄԱՏՉԵԼԻ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ

ՀԱՐԵՎԱՆ ՎՐԱՍՏԱՆԸ՝ ՄՈՏ ԵՎ ՄԱՏՉԵԼԻ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ

1665

Ամառային հանգստի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Գաղտնիք չէ, որ Հայաստանում արտագնա և ներգնա զբոսաշրջության ամենաակտիվ շրջանը մեկնարկում է ամռանը: Հայաստան են ժամանում հարյուրավոր զբոսաշրջիկներ, իսկ հայերը հիմնականում հանգիստը կազմակերպում են արտերկրում, քանի որ երբեմն արտասահմանում արձակուրդը անցկացնելն առավել մատչելի և շահավետ է, քան հայաստանյան որևէ հանգստի գոտում: Հայաստանցիները հանգիստը նախընտրում են անցկացնել ծովափնյա Վրաստանում և Եգիպտոսում: Այս անգամ        անդրադառնանք հայերի՝ հանգստի նպատակով Վրաստան կատարած այցերին:

Ամենից շատ հայ զբոսաշրջիկների կարելի է հանդիպել հարևան Վրաստանում, քանի որ այն շարունակում է մնալ հայաստանցիների համար ամենանախընտրելի ծովափնյա հանգստի ուղղությունը: Հիմնական պատճառները, թերևս, երեքն են:

Առաջինը` Վրաստանի Հայաստանին մոտ և սահմանակից լինելն է: Այսօր Վրաստան կարելի է հասնել՝ հնարավորինս խնայելով ճանապարհածախսը և ժամանակը: Երևանի ավտոկայանից ամեն օր մեքենաներ են ուղևորվում Թբիլիսի: Նշենք նաև, որ մեկ անձի համար վճարը սկսվում է 6000 դրամից:

Երկրորդը՝ ծովի առկայությունն է: Վրաստան այցելողները ծովափնյա հանգստի տների և հյուրանոցների լայն ընտրության հնարավորություն ունեն:

Երրորդ հանգամանքը` հօգուտ Վրաստանում հանգստանալու, անշուշտ, գների համեմատաբար ցածր լինելն է:

Սակայն վերջին ամսվա՝ ապրիլի ընթացքում հայերը Վրաստան համեմատաբար քիչ են այցելել:

2018 թվականի ապրիլին Վրաստան ժամանել են 596,7 հազար միջազգային այցելուներ, ինչը 85.9 հազարով առավել է, եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Այս վիճակագրության մասին NewsGeorgia-ի փոխանցմամբ հաղորդել է Վրաստանի տուրիզմի ազգային ադմինիստրացիայի (Национальная администрация туризма Грузии) ղեկավար Գեորգի Չոգովադձեն:

Ապրիլին Վրաստան այցելողների թվում ընդգրկված են այն արտասահմանցիները, որոնք երկրի տարածքում են եղել 24 ժամ և ավելի:

Վիճակագրության մեջ նշվում է, որ ամենից շատ զբոսաշրջիկներն ապրիլին ժամանել են տարածաշրջանի երկրներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և Իրանից: Գեորգի Չոգովադձեն կանխատեսել է նաև, որ հնարավոր է 2018 թվականին նոր ռեկորդ սահմանվի Վրաստանի զբոսաշրջության ոլորտում, քանի որ ակնկալվում է, որ տուրիզմից շահույթը այս տարի կգերազանցի  3 միլիարդ ԱՄՆ դոլլարը:

Այնուամենայնիվ, հայերին Վրաստանը հետաքրքրում է ոչ միայն որպես ծովափնյա հանգստի գոտի, այլև որպես մշակութային կենտրոն: Հայ զբոսաշրջիկների համար կազմակերպվում են նաև ճանաչողական այցեր Վրաստանում: Այդ այցելությունները հիմնականում ընդգրկում են քաղաքային տեսարժան վայրերը և հայկական թաղամասերը: Այդ Tour փաթեթները ներառում են այնպիսի վայրեր, ինչպիսիք են Հավլաբար թաղամասը, Խոջիվանքի պանթեոնը, Նոր Էջմիածին եկեղեցին, Հայարտուն մշակույթի կենտրոնը, Մետեխի եկեղեցին, Սբ. Գևորգ եկեղեցին, Սիոնի Մայր տաճարը, Խաղաղության կամուրջը, ճոպանուղին և այլն:

Առաջիկայում կանդրադառնանք նաև հայերի այլ նախընտրելի զբոսաշրջայն քաղաքներին և հանգստյան գոտիների ընտրությանը:

Միլենա Մկրտչյան

2-րդ կուրս

 

Կիսվել