ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ «ԴԵ ՅՈՒՐԵ»

ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ «ԴԵ ՅՈՒՐԵ»

1684

«Մենք ենք տերը մեր երկրի», «Հաղթանակ» վանկարկումներով հանրահավաքի մասնակիցները ԱԺ-ին հիշեցնում են, որ իշխանությունը ժողովրդինն է, կոչ անում Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը կողմ քվեարկել: Նիստն այս անգամ անհամեմատ կարճ է տևում՝ մոտ երկու ժամ: Հարցեր չկան, մի քանի ելույթ և միանգամից քվեարկություն: Ժողովրդի թեկնածուին կողմ է քվեարկում 59 պատգամավոր, դեմ՝ 42:

Մինչ նորընտիր վարչապետը կհասներ Հանրապետության հրապարակ, ներկաներն արդեն սկսել էին շամպայնով, ծափողջյուններով ու հաղթական վանկարկումներով տոնել հաղթանակը և միմյանց շնորհավորել: Շուտով տեղ է հասնում նաև Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ հպա՛րտ քաղաքացիներ, այսօր դուք հաղթեցիք: Այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի որևէ ոտնձգությամբ խլել ձեր այդ հաղթանակը: Ուզում եմ հստակ արձանագրենք՝ որն է ձեր հաղթանակն ու դրա էությունը: Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ»,- ասում է վարչապետն ու հավելում, որ կապ չունի, թե ով կլինի ՀՀ վարչապետ: Այսօր միայն մեկ սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով լինի իշխանության մեջ, և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է:

«Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ հայտարարում եմ, որ ծառայում եմ հայ ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ արդեն ապրում ենք հենց հիմա ազատ և երջանիկ Հայաստանում»,- հայտարարում է վարչապետը:

Հրապարակում էր նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով նախօրեին էր ժամանել Երևան: Նրան նույնպես հայրենիք բերել էին համաժողովրդական շարժումն ու հեղափոխությունը: Նա ժամանման օրն ներողություն էր խնդրել ֆիզիկապես ուշ միանալու համար և հավաստիացրել, որ հոգեպես Հայաստանում էր:

«Աշխարհը տարիներ շարունակ մեզ ճանաչում է ցեղասպանությամբ, երկրաշարժով եւ պատերազմով, բայց այժմ այս շարժումով դուք բարձրացրեցիք ամբողջ հայ ժողովրդի վարկանիշը: Այս հեղափոխության միտքը եղավ ընդդիմադրությունը, իսկ սիրտը՝ սերը: Սիրո այս ուժն էր, որ բոլորովին հաղթահարեց այլ բացասական բոլոր ուժերին, բայց դուք նախ հաղթահարեցիք ձեր վախը: Ես ձեր նման տարիներով երազում էի այս օրվա մասին եւ լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով»,- ասել էր Թանկյանն ու կատարել «Բարի արագիլ» երգը:

Վարչապետի ընտրությունից հետո պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գնացին աշխատելու, իսկ տոնական տրամադրությունը Կենտրոնում շարունակվեց մինչև երեկո: Միայն հորդառատ անձրևը կարողացավ հրապարակից հեռացնել այն մարդկանց, ովքեր ավելի քան 20 օր պայքարել էին երկրում փոփոխությունների և սեփական իրավունքների պաշտպանության համար:

Թամարա Գասպարյան

3-րդ կուրս

Կիսվել