ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԺԱՊԱՎԵՆՈՎ ԱՂՋԻԿԸ

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԺԱՊԱՎԵՆՈՎ ԱՂՋԻԿԸ

1597

Անի Հակոբջանյան, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ, առաջին կուրս

 


Դեռ օրեր առաջ ամբողջ աշխարհը քննարկում էր Հայաստանում տեղի ունեցող Թավշյա հեղափոխությունը: Այդ ընթացքում եղել են դեմքեր, որոնք տպավորվել են մարդկանց մեջ, և դրսում տեսնելիս յուրաքանչյուրս հաստատ ճանաչելու ենք նրանց:
Այսօր մենք հարցազրույց կունենանք ժողովրդին հայտնի «վարդագույն բանտիկով աղջկա»` Անի Հակոբջանյանի հետ:

Դուք ապրիլի 13-ին Ֆրանսիայի հրապարակում մի խումբ երիտասարդների հետ փակեցիք ճանապարհը: Ի՞նչը Ձեզ դրդեց դիմել այդ քայլին:
-Անկեղծ ասած՝ ես միայն վերջին րոպեներին իմացա, որ ընկերներս այդպիսի բան են ծրագրել, ու արագ-արագ վազելով՝ հասա նրանց: Կարոն նախորդ օրը ինձ միայն մի բան հարցրեց. «Բողոքի հետ կապված՝ մի բան եմ մտածել, մեզ հե՞տ ես»: Ես էլ այդ պահին երկար-բարակ չմտածեցի ու ասացի՝ այո:  Ինչպես գիտենք, ճանապարհ փակելը խաղաղ անհնազանդության մի ձև է, որով մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր բողոքի ձայնն էինք արտահայտում ընդդեմ իշխանությունների, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի:

Պատահում էր, որ միայնակ մեծ ավտոբուսի առաջ էիք կանգնում, մտնում էիք համալսարան և թռուցիկներ բաժանում, նաև ընդանրումներ ունենում ոստիկանների հետ, գիշերում փողոցում: Արդյոք չէի՞ք վախենում, որ Ձեզ հետ ինչ-որ բան կպատահի:

-Ոչ, ընդհանրապես չէի վախենում, անգամ մի վայրկյան չեմ կանգնել ու ինքս ինձ հարցրել. «Բա որ մի բան պատահի ինձ»: Քո հայրենիքում ստրուկի պես ապրելուց վատ ի՞նչ կարող էր լինել:  Բերման ենթարկվելը, մրսելը, վնասվելը հաստատ դրանից վատ չեն:

Դուք առավել հայտնի եք Ձեր գլխի վարդագույն ժապավենով, որը այսքան օրերի ընթացքում ձեզնից անբաժան է եղել, ի՞նչ էր խորհրդանշում դա և ինչո՞ւ էիք այն միշտ կրում:

-Մի օր դուրս էի եկել փողոց զբոսնելու, եւ այդ ժապավենն էի գլխիս կրել (սիրում եմ նման բաներ կրել): Ու հենց նույն օրն էլ ընկերներս զանգեցին եւ ասացին, որ շտապեմ իրենց մոտ, փողոց ենք փակում: Երբ հասա, ժապավենը գլխիս էր, բայց ես մոռացել էլ էի, որ գլխիս այդպիսի բան կա ու չէի էլ պատկերացնի, որ մարդկանց ուշադրությանը կարժանանա: Ու երբ ժամեր անց հասկացա, որ իմ վարդագույն ժապավենը շատ հայտնի է դարձել, որոշների համար՝ անգամ սիմվոլ, իրոք զարմացա, որովհետեւ մինչ այդ այն ինձ համար պարզապես գեղեցիկ մի բան է եղել, իսկ հիմա արդեն մասունքի պես եմ պահում, որովհետեւ, ինչպես այս օրերի ընթացքում ինձ մոտեցած անծանոթ մարդկանցից իմացա, այն շատերին է ոգեշնչել ու մեզ մոտ բերել՝ պայքարի:

– «Թավշա հեղափոխությունը» միա՞կն էր, որին  մասնակցել եք, թե եղել են էլի ցույցեր, շարժումներ, որոնցում նույն կերպ ակտիվ եք եղել:

-Ես Կապանից եմ, որտեղ նման բաներ գրեթե չեն լինում, միայն մեկ անգամ բողոքի ակցիա էր՝ ընդդեմ երթուղայինի թանկացումների: Ինչ տեղափոխվել եմ Երեւան, շատ քիչ բան է եղել, որոնց մասնակցել եմ, օրինակ՝ ընդդեմ թանկացումների եւ տարկետման ցույցերը:

Կցանկանայի լսել Ձեր կարծիքը այն մարդկանց մասին, ովքեր այսքան օրերի ընթացքում ինչ-ինչ պատճառներով դուրս չեն եկել փողոց և ըստ այդմ` իրենց մասնակցությունը չեն ունեցել շարժմանը:

– Բարին նրանց հետ: Ոչ ոք չպետք է մյուսին մեղադրի պայքարին չմիանալու համար: Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ անի, ինչպես գծի կյանքի իր ուղին, մասնակցի՞, թե՞ ոչ: Կանցնեն տարիներ, եւ այդ մարդկանց մի մասին, հավատացած եմ, խիղճը կտանջի ժամանակին իրենց հայրենակիցներին չաջակցելու համար: Հուսամ, գոնե հիմա նրանք իրենց մասնակցությունը կունենան լավ երկիր կերտելու գործում:

 

Հարցազրույցը՝ Սոնա  Սողոմոնյանի

1-ին կուրս

Կիսվել