ՕՐԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԶՍՊԱՇԱՊԻԿ

ՕՐԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԶՍՊԱՇԱՊԻԿ

1516

Ամիսներ առաջ Հայաստանում մեծ աղմուկ հանած, բայց ընդունված օրենքը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» մի շարք կարգավորումներ և մեխանիզմներ է ընձեռում, որոնք մինչ այդ իսպառ բացակայում էին Հայաստանի օրենսդրական դաշտում: Մյուս կողմից՝ օրենքում դեռևս կան բազմաթիվ բացթողումներ և թերություններ, որոնք համալրելու և նոր փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն են ստեղծում: Այս մասին փորձեցի զրուցել և կարծիքներ լսել «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Մարո Մաթոսյանի հետ:

– Տիկի՛ն Մաթոսյան, նոր ընդունված օրենքը ի՞նչ հստակ մեխանիզմներ է ընձեռում բռնության զոհին պաշտպանելու կամ ընտանեկան բռնությունը կանխարգելելու համար:

– Նախևառաջ օրենքը նախատեսում է դատավորների, ոստիկանների և սոցիալական աշխատողների վերապատրաստում, ինչը շատ կարևոր և դրական քայլ է: Երկրորդ` ամենակարևոր խնդիրը, որի լուծման մեխանիզմը տրված է օրենքով, և որը նախկինում չունեինք, երեք փուլերի սահմանումն է՝ զգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական ակտ: Եթե ոստիկանը առաջին անգամ լսում է ընտանեկան բռնության մասին, ապա բռնարարին զգուշացում է տալիս: Եթե ոստիկանը տեղեկանում է, որ զոհը առաջին անգամ չէ ենթարկվում բռնության, և նախկինում նույնպես եղել են բռնության դեպքեր, ապա իրականացնում է անհետաձգելի միջամտություն, որն ուժի մեջ է լինում 20 օր: Դա նշանակում է, որ ոստիկանը պետք է բռնարարին հեռացնի տնից, եթե անգամ դա համարվում է բռնարարի սեփականությունը, և զրկի նրան տուժողին մոտենալու իրավունքից թե՛ տանը, թե՛ աշխատավայրում, թե՛ փողոցում այդ 20 օրվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում տուժողը պաշտպանական ակտի համար կարող է անձամբ դիմել դատարան կամ ոստիկանի՝ փաստաբանի ու սոցիալական աշխատողի միջոցով: Պաշտպանական ակտի համար տրամադրվում է մինչև 1 տարի ժամանակ, որի ընթացքում բռնարարը կրկին իրավունք չունի սպառնալիքներ հնչեցնելու և մոտենալու զոհին, անգամ իր երեխաներին, ծնողներին ու մոտ բարեկամներին:

 – Լինում են դեպքեր, երբ ընտանեկան բռնության զոհն ապրում է համատեղ բռնարարի ծնողների հետ: Տվյալ դեպքում, եթե բռնարարին հեռացնում են սեփական բնակարանից, ապա հնարավոր է բռնարարի ծնողները սպառնալիքներ հնչեցնեն կամ բռնության ենթարկեն տուժողին: Օրենքը հաշվի առնո՞ւմ է նման իրավիճակները և ի՞նչ պաշտպանական մեխանիզմներ է առաջադրում:

– Սա կարևոր հարց է, բայց օրենքը այս երևույթին չի անդրադառնում ու մեխանիզմներ չի նախատեսում նման դեպքերի համար:

– Ըստ օրենքի՝ նախատեսվում է Հայաստանում ստեղծել պետական ապաստարաններ և ճգնաժամային կենտրոններ: Ի՞նչ մտահոգություններ և ռիսկեր կարող են լինել ապաստարանների գործելու հետ կապված:

– Նախ նշեմ, որ կինը ցանկացած ժամանակ կարող է դիմել ապաստարան, երբ իր կյանքին վտանգ սպառնա: Նա կարող է այնտեղ մնալ իր երեխաների հետ 2-3 ամիս: Բայց մենք ունենք ապաստարանների գաղտնիության պահպանման խնդիր: Օրենքը նախատեսում է վարչական պատասխանատվություն ապաստարանի աշխատողների նկատմամբ, եթե նրանք խախտեն ապաստարանի գտնվելու վայրի գաղտնիությունը, բայց նույն պատասխանատվությունը չի սահմանում շահառուների պարագայում: Այսօր մեր կենտրոնն ունի նման խնդիր շահառուների հետ, որ երբեմն նրանք հայտնում են իրենց գտնվելու վայրը բռնարար ամուսիններին՝ վտանգի տակ դնելով մյուս շահառուներին, ինչպես նաև անձնակազմի անդամներին: Կարծում եմ՝ օրենքում պետք է ներառվի նաև շահառուներին վարչական պատասխանատվության ենթարկելու դրույթը, եթե նրանք գաղտնիությունը չպահպանեն:

– Օրենքը, վերջնական տարբերակով ընդունվելիս, վերանվանվեց և շեշտվեց ոչ թե «ընտանեկան բռնություն» տերմինը, այլ «բռնությունը ընտանիքում», այս առումով դուք ունե՞ք որևէ մտավախություն:

– Այո՛, սա շեղում է խնդրի շրջանակը: Կան բազմաթիվ ամուսիններ, որոնք արդեն բաժանված են, բայց նախկին ամուսինը նորից գալիս, ծեծում է կնոջը: Օրինակ՝ այդպիսի հայտնի դեպք է Թագուհի Մանսուրյանի կացնահարման դեպքը: Կարող են լինել նաև ընկեր-ընկերուհի կամ նշանված զույգ, որտեղ էլի բռնություն դրսևորվի, բայց օրենքը նրանց վրա չի տարածվում և անդրադառնում է միայն ընտանիքում տեղի ունեցող բռնությանը:

– Օրենքը նախատեսում է նաև հաշտեցում կողմերի միջև: Սա կարո՞ղ ենք ընդունել որպես դրական կարգավորում:

– Ո՛չ, ընդհանրապես, երբ լինում է ընտանեկան բռնություն, ոչ մի տեղ չի թույլատրվում, որ հաշտեցման գործընթաց գնա, որովհետև այնտեղ արդեն անհավասար են հարաբերությունները: Մենք ունենք իշխող, ուժ գործադրող անձ և ունենք բռնության ենթարկված անձ: Այստեղ հաշտեցում չի կարող լինել: Այն ընտանիքը, որտեղ բռնությունը սովորական վարքի դրսևորում է, դու չես կարող հաշտեցման տանել: Իսկ եթե հաշտեցումից հետո լինի զոհի սպանությո՞ւն, նման դեպքեր Հայաստանում եղել են, դա պատասխանատվության հարց է, հաշտեցումը նման ընտանիքներում լուծում չէ:

 – Օրենքը չի նախատեսում նաև քրեականացում և պատիժների սահմանում: Արդյոք սա համարո՞ւմ եք լրջագույն բացթողում:

– Ընտանեկան բռնության քրեականացումը շատ կարևոր է: Հիմա մեզ մոտ հղումը կատարվում է Քրեական օրենսգրքին, բայց Քրեական օրենսգիրքը համապատասխանեցված չէ այն առանձնահատկություններին, որ ունի ընտանեկան բռնությունը: Կա միայն հոդված, որ ֆիզիկական բռնության դեպքում կարելի է հասնել քրեական պատժի, բայց մենք գիտենք, որ ընտանեկան բռնության այլ տեսակներ էլ կան՝ հոգեբանական, տնտեսական, սեռական: Բացի այդ, Քրեական օրենսգիրքը այդ պատիժը սահմանում է՝ հաշվի առնելով միայն բռնության վերջին դեպքը, բայց մինչ այդ, եթե, օրինակ՝ կինը 10 տարի ենթարկվել է բռնության, հաշվի չի առնվում այդ հանգամանքը պատիժը սահմանելիս: Ընդհանրապես ոստիկանությունում պետք է դատաբազա հավաքվի բռնարարի մասին, թե տուժողն իրենց քանի անգամ է դիմել: Իսկ քրեական պատիժները պետք է սահմանվեն Ընտանեկան բռնության մասին օրենքում, և, ֆիզիկական բռնությունից բացի, պետք է քրեականացվեն բռնության մյուս տեսակները:

– Նախատեսվո՞ւմ է արդյոք վերականգնողական աշխատանք բռնարարի հետ, և եթե այո, ապա ի՞նչ արդյունավետություն դա կարող է ունենալ:

– Այո՛, նոր օրենքը նախատեսում է բռնարարի հետ վերականգնողական աշխատանք: Եթե բռնարարն ունի կախվածություն ալկոհոլից կամ թմրամիջոցներից, ապա նրան ուղղորդում են համապատասխան հաստատություն, բայց դա պարտադիր չէ, այլ ինքնակամ: Իսկ եթե չունի որևէ կախվածություն, բայց վարքի խնդիրներ են դրսևորվում, ապա կրկին օրենքը նախատեսում է վերականգնողական դասընթացներ՝ բռնարարի ցանկության պարագայում: ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ընդունված է, որ բռնարարը պարտադիր մասնակցի եռամսյա վերականգնողական դասընթացների, հակառակ դեպքում նրան ուղարկում են բանտ: Բայց, կարծում եմ, այլ հարց է, թե այդ դասընթացներն ի՛նչ օգտակարություն ունեն: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ շատ օգտակար չեն, տղամարդու վարքը 40 տարեկանում փոխելը շատ դժվար է: Հնարավոր է մի որոշ ժամանակ բռնություն չկիրառի, բայց հետո նորից սկսվում է: Պարզապես, եթե օրենքն ունենա բռնարարին պատժի ենթարկելու դրույթներ, դա կլինի ուղերձ հասարակությանը, որ սա ընդունելի չէ, մեղք է և կդառնա զսպաշապիկ նաև մյուս բռնարարների համար:

 

Հարցազրույցը` Արտյոմ Մկրտչյանի

3-րդ կուրս

Կիսվել