Հայաստանում ամենաշատը տառապում են հոդերի, մեջքի, գլխի ցավերից, մեծ տարածում ունեն նաև քաղցկեղային ցավերը: Բժիշկների պնդմամբ` ցավը միայն ֆիզիկական գանգատ չէ. անհրաժեշտ է հասկանալ նաև դրա հոգեբանական գործոնները:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանում, ինչպես շատ երկրներում, նշվում է ցավի դեմ պայքարի միջազգային օրը:
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանը նշում է, որ ցավը հասկանալու և հաղթահարելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում, այսինքն՝ տարբեր մասնագետների համագործակցություն:
Հոգեբանը խոսեց նաև սթրեսներից: Ըստ Սոնա Հարությունյանի` սթրեսը հաղթահարելու համար նախ և առաջ անհարաժեշտ այն կառավարել.
«Սթրեսը վերհսկելու համար անհրաժեշտ իմանալ՝ ինչ է սթրեսը, ինչ մեխանիզմներով է այն գործում և ամենակարևորը՝ իմանալ սեփական անձնային առանձնահատկությունները՝ մեր ռեսուրսներով այն հաղթահարելու համար»:
Մասնագետների գնահատմամբ՝ խրոնիկական ցավեր ունեցող մարդկանց շրջանում ցավազրկումները դարձել են կյանքի անբաժանելի մասը: Այդ մարդիկ 60-70% դեպքերում ունեն խնդիրներ կապված շարժունակության, նորմալ քնի և հասարակական ներգրավվածության հետ:
Համաշխարհային վիճակագրությունից հայտնի է, որ աշխարհի առնվազն հինգ բնակիչներից մեկը ամեն օր ստիպված է հաղթահարել ուժեղ կամ չափավոր ցավը, որոնցից երեքը արդյունքում չեն կարողանում վարել ինքնուրույն կյանք:
Ցավի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է 2004 թվականից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչները հանդես էին եկել հռչակագրով, ըստ որի առաջարկվում էր ցավը հաղթահարելու համար աջակցությունը ընդգրկել մարդու հիմնարար իրավունքների մեջ:
Սլավա Բադալյան
2-րդ կուրս