ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ. ԺՈՒՌՖԱԿԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ. ԺՈՒՌՖԱԿԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

2382

ԵՊՀ-ում անցկացվում է հերթական համալսարանական ֆուտբոլային առաջնությունը: Այն մեկնարկել է սեպտեմբերի 25-ին: Նախաձեռնությունը ԵՊՀ ՈՒԽ-ինն ու համալսարանի սպորտի հանձնաժողովինը: Միջֆակուլտետային առաջնությանը համալսարանի 21 ֆակուլտետներից մասնակցում են 17-ը, որոնք նախօրոք հայտագրել են թիմերի կազմերն ու սեփական նախաձեռնությամբ անցկացնում են մարզումներ՝ պատրաստվելու միջֆակուլտետային հանդիպումներին:
Թիմերի դասակարգումն ու հանդիպումների անցկացումը կազմակերպվում է պրոֆեսիոնալ մակարդակով, ֆուտբոլի միջազգային նորմերին համապատասխան:

«Կարևորությունը տալիս ենք ոչ թե հաղթանակին, այլ դասերից հետո առողջ և հաճելի ժամանցին՝ իհարկե ամենայն լրջությամբ վերաբերվելով ամեն մի խաղի»,-նշում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի սպորտի հանձնաժողովի պատասխանատու, ժուռնալիստիկայի ֆակուլտետի թիմի ավագ Էդգար Ղուշչյանը:

Խաղերը կազմակերպվում են ԵՊՀ ֆուտզալի դահլիճում, որի պայմանները բավարարում են հանդիպումների լավ և որակով անցկացմանը:

«Այս պահին առաջնության ֆավորիտը համարվում է գործող չեմպիոն Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմը, որը խաղում է գրեթե նույն կազմով, որը նախորդ տարի դարձել է առաջնության չեմպիոն և այժմ էլ, ցուցաբերելով լավ և կազմակերպված թիմային խաղ, բոլոր շանսերն ունի պահպանելու չեմպիոնի տիտղոսը»,-նշում է ԵՊՀ սպորտի հանձնաժողովի ղեկավար Արտյոմ Հարությունյանը:

Առաջնության եզրափակիչ խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին, մասնակից թիմերին կտրվեն պատվոգրեր, իսկ հաղթող թիմը կտանի առաջնության գավաթը:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետը դեռ չի կարողանում լավ արդյունքներ գրանցել: Նրանք ցույց են տալիս դիտարժան և տակտիկապես գրագետ խաղ, սակայն չի բավարարում ֆիզիկական պատրաստվածությունը: Թիմի հարձակվող, 2-րդ կուրսի ուսանող Վազգեն Կարապետյանը նշում է. «Մենք ամեն ինչ կանենք վերջին խաղում լավ արդյունք ցուցաբերելու համար, քանի որ շատ ոգևորված ենք, որ մեր համակուրսեցիները իսկական երկրպագուների նման միշտ ոգևորում և աջակցում են մեզ»:

«Նպատակ ունենք ֆուտբոլային առաջնություն կազմակերպել ամեն տարի, քանի որ վերջին երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ ուսանողության սերը և հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ շատ մեծ է»,- ասում է ԵՊՀ սպորտի հանձնաժողովի ղեկավար Արտյոմ Հարությունյանը:

Ալբերտ Սերոբյան

2-րդ կուրս

Կիսվել