ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԲՈԼՈՐԻ ՍՐՏԵՐՈՒՄ Է

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԲՈԼՈՐԻ ՍՐՏԵՐՈՒՄ Է

2198

Ազնավուրը ամբողջ աշխարհում Ֆրանսիայի և Հայաստանի մշակույթների հոգին ու ձայնն է: Աշխարհում հայ ժողովրդի դեսպանի ֆիզիկական կորուստը սգում են բոլորը՝ անկախ ազգությունից:

Հայաստանի ազգային հերոսը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Շառլ Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը: Հայտնի է դարձել աշխարհահռչակ երգիչ  Շառլ Ազնավուրի մահվան պատճառը: Աշխարհահռչակ ֆրանսահայ լեգենդար շանսոնյեն  մահացել է թոքերի այտուցից: Նրա հուղարկավորությանը օրը Հայաստանում և Արցախում կհայտարարվի սգո օր:

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում, Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դիմաց և Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպվել են շանսոնյեի հիշատակին նվիրված մոմավառություններ, և մահվան բոթի մասին տեղեկանալուց ի վեր այդ վայրերում մարդկանց հոսքը չի դադարում: Երևանի «Ազնավուր» կենտրոնում բացվել է նաև սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադրի՝ Շառլ Ազնավուրի։ Բոլոր ցանկացողները կարող են այցելել կենտրոն, բերել ծաղիկներ և մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու Շառլ Ազնավուրի հիշատակին։ Փարիզում ևս բոլորը սգում են. Էյֆելյան աշտարակը լուսավորվել է՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի:

Դարի արտիստ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել մի շարք երկրների առաջատար քաղաքական պաշտոնյաններ, հասարակական գործիչներ, աշխարհահռչակ դերասաններ, երգիչներ և այլն: Նրանցից են Ֆրանսիայի ներկա և նախկին նախագահները, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը, Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամը, դերասանուհի Լիզա Մինելի, երգիչ Անդրեա Բոչելլին, երգչուհի Սելին Դիոնը, Սերժ Թանկյանը, Հենրիխ Մխիթարյանը և այլք:

«Ես կկարոտեմ քեզ իմ՝ Երկրի վրա մնացած օրերի ընթացքում, Շառլ։ Քո երգերը  հավերժ են։ Իմ մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի ու սիրելիների հետ են»,- Ժան Կլոդ Վան Դամը այս գրառումը կատարել է «Ֆեյսբուք»-ի էջում:

Շառլ Ազնավուրի մահվան օրը կատարած գրառմամբ Փայլանը նշել էր. «Ազնավուրը Արևմտյան Հայաստանից «պոկված» հարյուր հազարավոր հայ ընտանիքներից մեկի զավակն էր և մասնիկը պարբերաբար թուրքական իշխանությունների վիրավորանքներին ենթարկվող հայկական սփյուռքի»:

Երկրպագուների և հանդիսատեսի սիրո և հեղինակության մասին են վկայում լեփ-լեցուն դահլիճները, վաճառված ավելի քան հարյուր միլիոն ձայնապնակները։

Այսօր ֆրանսիական երգի հայր Շառլ Ազնավուրի անուն-ազգանուն հնչեցնելով աշխարհի ցանկացած անկյունում՝ ի պատասխան կարելի է լսել հանրահռչակ երգահանի մեղեդիներից:

Շառլ Ազնավուրը և Սելին Դիոնը

Ժան Կլոդ Վանդամը և Ազնավուրը

Լիզա Մինելին և Շառլ Ազնավուրը

 

Միլենա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել