ՖՐԱՆԿՈՖՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՐՈՇՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՆԿԱՐՉՈՒՀԻ ԱՍԻԼՎԱ ՌՈԳԻԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

ՖՐԱՆԿՈՖՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՐՈՇՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՆԿԱՐՉՈՒՀԻ ԱՍԻԼՎԱ ՌՈԳԻԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

1654

Հայաստանը խորհրդանշող Արարատը, նուռը, եկեղեցիները, Ֆրանկոֆոն երկրների դրոշների բազմազան գույները ժամանակակից լուծումներ են ստացել ֆրանսահայ նկարչուհի Ասիլվա Ռոգիի ստեղծագործություններում` կտավներում և օբսիդիան քարերի վրա արված գործերում:
ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի ծրագրերի շրջանակում անցկացվող ցուցահանդեսը բացվեց հոկտեմբերի 4-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում:
«Ասիլվան հիմնադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցությունը, նա առաջին քրիստոնյա նկարչուհին է, որը 1973 թվականին արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի: Կարևորում եմ, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ներկայացված են արտերկրում գործունեություն ծավալող արվեստագետների ստեղծագործություններ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նա ասաց, որ, սրահում շրջելով, նկարչուհու կտավներում գունային խաղ է նկատել, որում խորհրդանշական տարրերը բավականին շատ են: «Ինչպես տեսնում եք, պատկերված են տարբեր երկրների դրոշների գույները, որոնք ներկայացված են երկրաչափական հետաքրքիր լուծումներով»,-հավելեց նախարարը:


ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթն ասաց, որ ցուցադրված ստեղծագործություններում բացահայտում է երանգներ, որոնք իրեն հոգեհարազատ են: «Կապույտ, սպիտակ, կարմիր, նարնջագույն և, բնականաբար, Ֆրանկոֆոնիայի անդամ այլ երկրների դրոշները խորհրդանշող բազմաթիվ գույներ»,-նշեց դեսպանը և շնորհակալություն հայտնեց Ասիլվային այն էներգետիկայի համար, որ նա փոխանցում է իր գործերով:
Ցուցահանդեսին ներկաներց շատերը նշում էին, որ նկարների մեջ աբստրակտ ինչ֊որ բան են տեսնում, որը դրոշի պատկեր ունի։ «Հետաքրքիր ու աչք շոյող գույներ են, այս ամենի մեջ դրական էներգիա կա։ Այս աբսիդիան քարերը Հայաստանի ողջ խորհրդավորությունն են պահում իրենց մեջ»,֊ ասում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի սան Արսինե Հովհաննիսյանը։

«Հայաստանում շատ եմ ցուցահանդեսներ ունեցել և այստեղի գրեթե բոլոր թանգարաններում իմ աշխատանքներից կան: Այս անգամ ՀՀ մշակույթի նախարարությունից ստացա առաջարկը: Հատուկ այս սրահում ներկայացնելու համար նոր ստեղծագործություններ են ծնվել»,- ընդգծեց Ասիլվա Ռոգին:
Նա խոստովանեց, որ ոչ միշտ է գեղեցիկ տեսարաններ տեսնելիս ցանկանում դրանք հանձնել կտավին: «Եթե նկարում եմ լեռներ, ուրեմն դրանք հոգուս մեջ են. իմ հույզերը, զգացողություններն եմ այս գույներով արտահայտում»,-ասաց նկարչուհին:
Ասիլվա Ռոգին անդրադարձավ այն փաստին, որ իր ընկերների աջակցությամբ հիմնադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցությունը և նշեց, որ այդպես ցանկացել է աջակցել հայ ստեղծագործողներին: «Սփյուռքահայերս պետք է օգնենք Հայաստանի արվեստագետներին ավելի հեշտ ճանապարհներ գտնել առաջընթացի համար, քանի որ բավականին բարդ է լինել օտար երկրում և հաջողությունների հասնել: Ուրախ եմ, որ կարողացել եմ ինչ-որ կերպ օգնել»,-նշեց նկարչուհին և խոստովանեց, որ ինքը նույնպես ստիպված է եղել խոչընդոտներ հաղթահարել ճանաչման հասնելու ճանապարհին:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 25-ը:

 

Սյուզաննա Ավագյան

3-րդ կուրս

Կիսվել