Թերթ վաճառողից մինչև օդաչու, ազարտային խաղերի սիրահարից մինչև միլիարդատեր. ահա թե ինչի մասին է պատմում «Խաղացողը» գիրքը:
Սեպտեմբերի 10-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացավ Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը: Մինչ Երևանում ընթերցողին ներկայացնելը, շնորհանդեսներ են եղել նաև Վանաձորում, Գյումրիում, Սյունիքում:
Գրքի հեղինակը լրագրող, երկար տարիներ «Նյու յորք թայմս»-ում գործունեություն ծավալած Ուիլյամ Ռեմփելն է: Նա խոստովանում է, որ այս գիրքը ավելի մեծ մարտահրավեր էր քան ինքը պատկերացնում էր. «Քըրք Քըրքորյանը իր տեսակով շատ համեստ և հասարակ մարդ էր: Նա կարծում էր, որ այն բարեգործությունը, որից ինչ-որ բան ես ակնկալում, բարեգործություն չէ: Սա ավելի բարդացրեց իր մասին տեղեկություններ հավաքելը, քանի որ որոշ մարդիկ որոշեցին լուռ մնալ անգամ նրա մահից հետո: Բայց, հուրախություն մեզ, հայտնվեցին անհատներ, ովքեր պատրաստ էին օգնել Քըրքին ավելի մոտիկից ծանոթանալու գործում»,-ասում է Ռեմփելը:
«Խաղացողը» գիրքը թարգմանել են Ալինա և Աննա Միրզոյանները: Սա քույրերի առաջին աշխատանքը չէ, բայց խոստովանում են, որ այս մեկը տարբերվում էր մյուսներից.
«Պատճառներից մեկն այն է, որ հենց մենք` թարգմանիչներս, ամեն օր յուրովի ենք բացահայտել Քըրք Քըրքորյանին, մի մարդու, ումից ԱՄՆ-ի բանկերում վարկ տալիս իբրև երաշխիք վերցնում էին միայն ստորագրությունը: Սակայն այդ ամենը՝ փառքը, համբավը, կոչումները նա այդքան էլ չի կարևորել: Միակ կոչումը, որ նա փայփայել է մինչև կյանքի վերջ, եղել է Հայաստանի Հանրապետության պատվավոր քաղաքացու կոչումը»,-պատմում են թարգմանիչ քույրերը։
Նրանց խոսքով՝ միայն այս փաստի համար չէ, որ պետք է գիրքը ընթերցել, «Խաղացողը» գալիս է ապացուցելու, որ նույնիսկ զրոյից կարելի է սկսել ամեն ինչ և հասնել հաջողության, ինչպես անփող, անուսում Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը:
Գիրքը բաղկացած է 3՝ «Մարդ դառնալը», «Միլիարդատեր դառնալը» և «Լեգենդ դառնալը» գլուխներից: Այս 3 մասերը ներկայացնում են հերոսի կյանքը’ պատանեկությունից մինչև կյանքի մայրամուտը:
«Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը ուրախությամբ փաստում է` հայ ժողովրդի շրջանում մեծացել է սերը դեպի ընթերցանությունը: Նա համոզված է, որ «Խաղացողը» գիրքը իր ուրույն տեղը կգտնի հայ ընթերցողի գրասեղանին և ուղենշային կդառնա կյանքում:
Գառնի Մութաֆյան
2-րդ կուրս