ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՅԴ ԵՐԵԿՈՅԻՆ»

ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՅԴ ԵՐԵԿՈՅԻՆ»

1893

Հոկտեմբերի 29-30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Քեզ համար Ազնավուր»  խորագրով համերգը: Համերգի հատուկ հյուրը կլինի դերասան Վարդան Պետրոսյանը:  Այս մասին լրագրողների հետ հանդպիմանը նշեցին դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը և  ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Համերգը նախապես ծրագրված էր, և մենք հույս ունեինք, որ Շառլ Ազնավուրը նույնպես կմասնակցի դրան: Այն պետք է մեկ օր լիներ, բայց Ազնավուրի մահից հետո, որոշվեց համերգը երկու օր անցկացնել և պատշաճ հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին»,- հանդիպմանը նշեց Լիլիթ Մակունցը:

«Ընդգրկել ենք Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործությունները: Կհնչեն գործեր հայերենով: Նա 1300 երգի հեղինակ է, բայց ունի առնվազն քսան երգ, որոնք պարտադիր պետք է հնչեն: Ազնավուրի 85-ամյակին նվիրված համերգներից մեկի ժամանակ նա չի կատարում «Je m’voyais déjà» երգը. արդյունքում հանդիսատեսը բոյկոտում է, և երկրպագուների պահանջով Ազնավուրը այդ երգը ներառում է հաջորդ համերգների ծրագրում»,-պատմեց Պետրոսյանը:

Նա նշեց, որ երեկոյին  ներկայացնելու է Ազնավուրի կյանքի հայտնի և անծանոթ դրվագներ: «Ինձ համար կարևոր է խոսել Ազնավուրի մարդկային տեսակի մասին: Նա օրինակելի անձնավորություն էր: Կապ չունի դու բեմում ես, հաշվապահ ես կամ ինչ մասնագիտություն ունես, միևնույն է Ազնավուրը կյանքում պայքարելու, ապրելու, նպատակներին ու երազանքներին հասնելու հրաշալի օրինակ է բոլորի համար: Նա ասել է. «Մի օր բոլորս էլ մեռնելու ենք, բայց մինչ այդ ապրել է պետք»,-մեջբերեց Հայկ Պետրոսյանը:

Ազնավուրի հանրահայտ երգերը այս անգամ կկատարեն Իվետա Մուկուչյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկը և այլ երգիչներ: Երգիչների հիմնական նպատակը շանսոնյեի երգերը ճիշտ կատարելն է, որպեսզի երաժշտասերների համար օտար չհնչեն:

«Հատուկ հյուրերից մեկն ինձ համար առանձնահատուկ է. մարդ, որը հինգ տարի Երևանում բեմ չի բարձրացել: Նա նախատեսում էր հաջորդ տարի գալ հայրենիք և իր ներկայացումներով վերադարձ ազդարարել հայաստանյան բեմում, բայց ես նրան խնդրեցի մասնակցել այս համերգին, քանի որ նրա մասնակցությունը մեզ համար շատ կարևոր է: Նա համաձայնեց. խոսքը իմ հոր` Վարդան Պետրոսյանի մասին է: Ես իսկապես ուրախ եմ, որ հայրս ելույթ է ունենալու այդ երեկոյին»,-խոստովանեց դերասանը:

Հայկ Պետրոսյանը հիշեցրեց, որ Շառլ Ազնավուրը ներկա է եղել նաև անցյալ տարի «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգին, որը այս տարի ցավոք չստացվեց:

 

Լիաննա Թորոսյան

3-րդ կուրս

Կիսվել