Մի քանի օր է, ինչ Ազատության հրապարակը շրջափակված է և գտնվում է ոստիկանների խիստ հսկողության ներքո. մարդկանց ներս են թողնում պայուսակներն ու գրպանները ստուգելուց հետո:
Պատճառը անվտանգություն պահպանելն է, առիթը՝ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակներում Ազատության հրապարակը դարձել է տասնյակ ազգերի ներկայացուցիչների «բնակության» վայր: Այստեղ հոկտեմբերի 7-12-ը գործելու է Ֆրանկոֆոնիայի ավանը, ցուցադրված են ֆրանսախոս երկրների տաղավարներ՝ իրենց մշակութային առանձնահատկություններով։
Ազատության հրապարակում տեղադրված է 40 տաղավար, որտեղ կարելի է ծանոթանալ մասնակից 20 երկրների մշակույթին։
Ճերմակ տաղավարների կողքով քայլելիս կարելի է հանդիպել Մարոկկոյի, Ուանդայի, Կիպրոսի, Կանադայի և այլ երկրների բնակիչների, ովքեր ժպտալով կդիմավորեն ձեզ, հաճույքով զրույցի կբռնվեն, կծանոթացնեն ապրանքներին, որ բերել են իրենց հետ, անգամ կհրավիրեն ձեզ այցելել իրենց հայրենիք:
«Ֆրանկոֆոնիայի նպատակը մշակույթով կիսվելն է, այն ամենով, ինչը կարող է ընդհանուր լինել»,- պարզաբանում է Ուանդայի ներկայացուցիչ Դեզիլը:
Վերջինիս հետ զրույցում պարզեցինք, որ Հայաստանն ու Ուանդան (Աֆրիկա) պատմությամբ նման են.
«Մենք էլ ունենք փոքր տարածք և մենք էլ ենք տեսել ցեղասպանություն»,- նշեց Դեզիլը:
Մարոկկոյի (Աֆրիկա) բնակիչ Լուսիային Հայաստանը դուր է եկել.
«Հետաքրքիր լեզու ունեք, և ձեր աղջիկները գեղեցիկ են»:
Առանձին են ներկայացված Հայաստանի և Ֆրանսիայի տաղավարները։
Հայաստանի տաղավարը բաժանված է վարչական շրջանների՝ մարզերի, և յուրաքանչյուր մարզ պատկերում է հայկականը յուրովի:
«Ներկայացվում է հայկական բոլոր մարզերի մշակույթը՝ մրգեր, ալկոհոլային ըմպելիքներ, գաթա, լավաշ: Օտարերկրացիները հետաքրքրությամբ ուսումնասիրում և փորձում են տեղեկություն ստանալ հատկապես խաչքարերի մասին»,- պատմում է Հայաստանի տաղավարի ներկայացուցիչ Գոհար Առաքելյանը:
Որպես խորհրդանիշ՝ տաղավարի կենտրոնում բարձրանում է մի ծառ, որի պտուղը միրգ չէ.
«Ծառը կյանքի խորհրդանիշն է, իսկ մրգերի փոխարեն «աճած» տառերի միջոցով մենք կերտում ենք մեր պատմությունը»:
Պատրաստեց՝ Միլենա Մովսեսյանը
Լուսանկարները՝ Լիլիթ Հովսեփյանի
2-րդ կուրս