Հայաստանում տարեկան միջին հաշվով ավելի շատ տղանե՞ր են ծնվում, թե՞ աղջիկներ. ՀՀ ազգային ժողովում քանի՞ տոկոս են կազմում կանայք, որքա՞ն կին առաջնորդներ կան աշխարհում: Այս և այլ հարցեր, որոնք առնչվում են կանանց իրավունքներին հոկտեմբերի 11-ին հնչեցին Ազատության հրապարակում կազմակերպված Աղջիկ երեխաների միջազգային օրվան նվիրված խաղ-մրցույթի ընթացքում:
Այն կազմակերպել էին Փոփոխությունների թատրոնը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել աղջիկ երեխաների խնդիրները վեր հանելու և լուծելու նպատակով: «Ծնելիության ցածր մակարդակ, սելեկտիվ աբորտներ, աղջիկների թերարժևորում և տղաների գերագնահատում. այս երեք չափանիշները, որոնք տրված են ՄԱԿ-ի կողմից, գոյություն ունեն բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Մեր անցկացրած ծրագրերի շնորհիվ այս տարիների ընթացքում դրական տեղաշարժեր եղել են, բայց խնդիրները շարունակում են մնալ: Շատ կարևոր է հանրության հետ շարունակական աշխատանքներ տանելը, մտածելակերպի փոփոխությանը նպաստելը»:
Վորլդ Վիժն Հայաստանի աշխատակիցներից Զառա Օհանջանյանն էլ, շնորհավորելով բոլոր աղջիկներին, ավելացրեց, որ այս միջոցառումը նույնպես կօգնի իրազեկել մարդկանց առկա խնդիրների մասին: Խաղ-մրցույթի ավարտին մասնակիցներն ու ներկաները ստացան փոքրիկ նվերներ:
Աղջիկ երեխաների միջազգային օրը աշխարհի տարբեր երկրներում նշվում է Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ ամեն տարի` սկսած 2012 թվականից:
Արփի Շահինյան
2-րդ կուրս