լուսանկարը՝ Գարիկ Արամյանի
Հայաստանում տվյալների և բացատրական լրագրության միակ մասնագիտացված հարթակը` Ամփոփ մեդիան այս աշնանը մրցնակների արժանացավ «Թվապատում 2018» մրցույթում և Տեղեկատվության ազատության «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունում։ Առաջինում առցանց պարբերականը հաղթող ճանաչվեց «Ռեինֆորմացիա» անվանակարգում։ Իսկ որպես Տեղեկատվության ազատության հիմնախնդիրները լավագույնս լուսաբանած լրատվամիջոց ստացավ խորհրդանշական «Ոսկե բանալին»: Ըստ կայքի գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանի` մասնագիտական ժյուրիի գնահատականը ոգևորություն է տալիս թիմին` նոր նախագծեր և փորձեր իրականացնելու համար։
«Ամփոփ մեդիա»-ն հիմնադրվել է 2016 թվականի աշնանը: Այն բացատրական լրագրության ժանրում` ամփոփ ձևաչափով լուսաբանում է Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող արդիական ու լայն քննարկման առիթ դարձող թեմաները: Ժամանակակից մուլտիմեդիա գործիքների օգտագործումը հնարավորություն է տալիս կայքին հսկայական տվյալների վերլուծությունը ներկայացնել հանրությանը առավել հասկանալի եղանակով: Սուրեն Դեհերյանը նշում է, որ նման ձևաչափով հարթակ ստեղծելու գաղափարը միանգամից կամ մի քանի օրվա ընթացքում չի ծնվել: «Մեր հասարակական կազմակերպությունը հիմնելիս` 2007թ.-ին (հեղ.` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ) հաշվի էինք առնում, որ լրագրությունը զարգանալու է ինտերնետ միջավայրում։ Այն ժամանակ արդեն մեր նպատակը տեղեկատվության տարածման այլընտրանքային` առցանց միջոց ստեղծելն էր: Դաշտում գործող կայքեր կային, բայց ընթերցողները քիչ էին, որովհետև ինտերնետը Հայաստանում շատ սահմանափակ էր: Արդեն հաջորդ տարի, երբ դեմոնոպոլիզացիա եղավ հաղորդակցության ոլորտում, «Արմենտել» –ի կողքին աշխատել սկսեց «Վիվասել»-ը, ինտերնետն առավել հասանելի դարձավ Հայաստանում։ Ակտիվացան նաև համացանցային լրատվամիջոցները»,- պատմում է նա։
2012 թվականին «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն հրատարակեց «Լավագույնը ցանցում» առցանց ուղեցույցը լրագրողների համար: Այստեղ արդեն խոսվում էր տվյալների և բացատրական լրագրության մասին: «Ուսումնասիրելով Արևմտյան փորձը հասկացանք, որ համացանցում տվյալների հսկայական հոսք կա և այդ հոսքն օր օրի ավելանում է: Մյուս կողմից` լրագրության դերը կարծես գնալով անհասկանալի է դառնում. բոլորը սկսել են գրել, բոլորը նյութեր են տեղադրում։ Եվ այս երկու զարգացումները հանգեցնում էին հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու լրագրության ապագան, ու ի՞նչ տեղ ունեն այստեղ համացանցում առկա տվյալները։ Համադրելով այս երկուսը ստանում ենք տվյալների լրագրություն»,- ասում է Սուրեն Դեհերյանը, և հավելում, որ այս շրջանում ևս իրենք լրագրության նոր տենդենցների վերաբերյալ դասընթացներ են անցկացրել տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Նրանց մեծ մասը սակայն, վերդառնալով խմբագրություն շարունակել է աշխատել ավանդական լրագրության մեթոդներով: Ըստ նրա` դրա պատճառները տարբեր կարող են լինել։
2015 թվականի վերջից կազմակերպությունն արդեն իր առջև հստակ նպատակ էր դրել` ստեղծել սեփական հարթակ, որտեղ իրենք փորձարկումներ կիրականացնեն:
Կայքը գործարկվեց 2016 թվականի աշնանը։ Որպես տվյալների և բացատրական լրագրության մեջ մասնագիտացած կայք` այն դեռևս միակն է Հայաստանում։
«Ամփոփ»-ը, ըստ կայքի գլխավոր խմաբգրի, մեդիադաշտում ընդունվեց ոգևորությամբ, սակայն, միևնույն ժամանակ` չհասկացվեց: Մի որոշ շրջան այն չէր ընդունվում նաև որպես մեդիա:
Մուլտիմեդիա լրագրության ժամանակակից գործիքներ, ինֆոգրաֆիկաներ, մեծ տվյալների ուսումնասիրության և աշխատանք թվերի հետ՝ այս ամենը նորություն էին հայկական լրատվադաշտի համար, ուստի նրա մուտքը որքան հետաքրքիր, նույնքան էլ տարօրինակ պետք է լիներ թե՛ ընթերցողի, թե՛ մեդիա արտադրողների համար։
Կայքի նպատակը հասրակական բարդ գործընթացները, համացանցում առկա հսկայական տվյալներն ու հասարակությանը հետաքրքիր իրողությունները հնարավոր ամենամատչելի եղանակով ներկայացնելն է: Եվ երբ դա հաջողվում է, բարդություն է առաջանում ` ներկայացնելու, թե որքան աշխատանք է կատարվել մեկ նյութը պատրաստելու համար: Ըստ գլխավոր խմբագրի` այժմ «Ամփոփ» -ի ֆորմատը և նրա` մեր մեդիադաշտ բերած նորամուծությունն ավելի հեշտ է ընկալվում։ «Ոգևորություն է նկատվում նաև այլ լրատվամիջոցներում։ Նրանք օգտագործում են բացատրական լրագրությունը, որոշ դեպքերում նաև կիրառում տվյալների լրագրության տարրեր, սակայն այն ակտիվությունը, որը մենք կցանկանայինք, որ լիներ դաշտում` չկա։ Բայց հանրությունը դրա կարիքը ունի»,- ասում է Սուրեն Դեհերյանը։
Իսկ ապագայում «Ամփոփ»-ը խոստանում է հանդես գալ նոր նախագծերով և մուլտիմեդիա լրագրության նոր գործիքներով։
Անի Ն. Ավետիսյան
2-րդ կուրս