«ԴԵՂԻՆԻ ՄԵՋ ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԵՄ ԳՏՆՈՒՄ». ՄԱՆՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ԴԵՂԻՆԻ ՄԵՋ ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԵՄ ԳՏՆՈՒՄ». ՄԱՆՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2295

Հոկտեմբերի 17-ին երևանյան «Canvas art» սրճարանում գույների իրարանցում էր. կազմակերպվել էր երիտասարդ նկարչուհի Մանու Հարությունյանի «Jaune» կոչվող անհատական ցուցահանդեսը:

Մանուն քսան տարեկան է, ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի գեղանկարի բաժինը, այժմ սովորում է Գեղարվեստի ակադեմիայի հաստոցային գրաֆիկայի բաժնում: Նրան ճանաչողները լավ գիտեն Մանուի` Վան Գոգի հանդեպ ունեցած անսահման սիրո մասին: Վան Գոգն էր, որ ասում էր՝ «Ես կրքոտ չեմ, ես հենց կիրքն եմ», Մանուն էլ իր հերթին սիրում է կրկնել. «Ես տպավորված չեմ, ես հենց տպավորությունն եմ»:

Թե ինչպես հասունացավ հերթական ցուցահանդեսի ժամանակը, և ինչպես ընտրվեց «Jaune»  (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է դեղին) վերնագիրը, պատմում է հենց օրվա հերոսը. «Այս հարցին ես շատ լավ կպատասխանեի իմ առաջին՝ «Ֆաթում» ցուցահանդեսին, երբ տասնութ տարեկան էի, և ներկայանալու ժամանակն իսկապես հասունացել էր: Բայց նախորդ՝ «Մի կտոր արև» ցուցահանդեսս, որը, ի դեպ, բարեգործական էր, և սա՝ «Դեղինը», շատ պատահաբար ստացվեցին: Ես պարզապես առաջարկ ստացա այս սրճարանի կողմից. դե, այստեղ պարբերաբար ցուցահանդեսներ են կազմակերպում, և այս անգամ էլ փաստորեն ինձ էին ընտրել: Ես էլ մի կարգախոս ունեմ` կարծում եմ, որ փոքրիկ հնարավորությունները մեծ գործերի սկիզբն են: Սրանով առաջնորդվելով էլ՝ մտածեցի՝ ինչու՞ բաց թողնեմ այս հնարավորությունը, մի տաքուկ հանդիպում էլ թող լինի»:

Իսկ այ դեղինի հարցում Մանուի մոտ ամեն ինչ միանշանակ է. նա սիրում է այն, ինչը կապ ունի լույսի և արևի հետ, իսկ դեղինն էլ, նրա համար, արևի արտացոլանքն է. «Դեղինի մեջ ես ամեն ինչ եմ գտնում` թե´ լավատեսություն, թե´ պայծառություն… Իսկ եթե փորձենք ասոցացնել երաժշտության հետ, ինձ համար այն դեղձանիկի ելևէջի կնմանվի»:

Տաքուկ հանդիպումը փաստորեն եղավ, և մի հարկի տակ հավաքվեցին Մանուին ծանոթ-անծանոթ, հեռու-մոտիկ մարդիկ: Ընկերներից մեկը՝ Իզան, ով նրան ճանաչում է արդեն երեք տարի, առանձնացրեց նրա «Գեղամա ծովը» կտավը. «Այստեղ կապույտի և դեղինի այնքան ճիշտ համադրություն է, որ ամբողջովին փոխանցում է Մանուի ունեցած էմոցիաները, ապրումները, ջերմությունը: Կարճ ասած՝ նա ոչ թե մարդ է, այլ հենց արվեստ»:

Մանուի մայրն էլ անկեղծացավ. «Իր նկարները մեր տան աուրան դարձնում են շատ ջերմ և գունավոր, ու ամեն անգամ, երբ ցուցահանդես է կազմակերպվում, և ստիպված իջեցնում ենք այդ նկարները, տունը, կարծես, դատարկվում, կորցնում է իր գույները»:

Իսկ ինչո՞վ է տարբերվում դուստր Մանուն նկարիչ Մանուից, փորձում եմ հետաքրքրվել հենց մայրիկից. «Դուստր Մանուն տան արևն է, և երբ տեսնում ես իր ժպիտը, աչքերի փայլը, շարժուձևը, մոռանում ես անգամ, որ ինչ-որ բանի համար պիտի բարկանաս վրան: Իսկ այ նկարիչ Մանուն շատ ավելի լուռ է, ինքնամփոփ. երբ սկսում է նկարել, խորասուզվում է գործի մեջ, ոչինչ էլ չի նկատում»:

Այս ցուցահանդեսում հավաքված են Մանուի՝ տարբեր տարիների նկարները, որոնցից նա բաժանվել չի կարողանում, ասում է՝ առհասարակ, իր նկարները չի նվիրում, միայն մի անգամ է վաճառել բարեգործական նպատակով. «Այսինքն՝ լավ բան անելու համար թույլ տվեցի, որ այն գնա ինձնից, իհարկե, նվիրելն էլ է լավ միտում, բայց ես չեմ կարողանում»:

Եվ քանի դեռ Մանուն չի հաղթահարել նկարներից չբաժանվելու իր այս սկզբունքը, մնում է առաջնորդվել իր իսկ կարգախոսով և օգտվել դրանք ինչ-որ տեղերում տեսնելու մեծ, թե փոքր հնարավորություններից: Այս հնարավորությունը կտևի ևս տասնհինգ օր՝ մինչ նոյեմբերի 1-ը:

 

Միլենա Խաչիկյան

3-րդ կուրս

Կիսվել