Այսօր Հայաստանում՝ մասնավորապես Երևանում, կամավորական աշխատանքները մեծ տարածում ունեն։ Իսկ ի՞նչ է դա իրենից ներկայացնում։ Ըստ Օքսֆորդի բառարանի՝ կամավորն այն անձն է, ով անվճար աշխատում է կազմակերպության համար: Կամավորությունը գործունեություն է, որը ենթադրում է առանց վարձատրության կատարել աշխատանք, ժամանակ տրամադրել` ի օգուտ շրջապատի կամ որևէ մեկի։ Բազմաթիվ երիտասարդներ դիմում են տարբեր կազմակերպությունների՝ կամավորական աշխատանքով հանդես գալու համար, որը հետագա աշխատանքային գործունեության և կյանքի տարբեր շրջափուլերում փորձի և գիտելիքների ձեռքբերման աղբյուր է։
Վիկտորյան էլ նրանցից մեկն է։ Դասից վերադառնալուց հետո փոքր-ինչ հանգստանում է, վերցնում մեկ գավաթ սուրճ և սկսում հետևել Facebook-ի նորություններին, ինչի շնորհիվ էլ տեղեկանում է կամավորական աշխատանքների մասին։ Վիկտորյան ապագա թարգմանիչ է և աշխատանքի բնույթը ընտրելիս առաջնորդվում է հենց մասնագիտությամբ։ Ժամանկն է հայտ լրացնել, գրել CV(ինքնակենսագրական) և ուղարկել տվյալ կազմակերպությանը։ Բայց, ինչպես նշեց Վիկտորjան, CV-ն միշտ պատրաստ է, միայն թե ամեն կամավորությունից հետո այն թարմացվում և համալրվում է.
«Հնարավոր է, որ մի օրվա մեջ մի քանի CV ուղարկեմ տարբեր կազմակերպությունների։ Հիմա էլ ունեմ բազմաթիվ ուղարկվածները, և սպասում եմ պատասխանների։ Սովորաբար պատասխանը լինում է հարցազրույցի կանչելով, որին էլ հետևում է արդեն իսկ բուն կամավորության գործընթացը։ Լինում են դեպքեր, երբ առանց CV-ի եմ մասնակցում։ Դա արդեն համագործակցություն է իմ և տվյալ կազմակերպության միջև․ կազմակերպվելիք ամեն միջոցառման ես կամավոր եմ լինում»:
Կամավորական աշխատանքը նախ և առաջ մեծ փորձ է, հետո գիտելիքներ ստանալու լայն ասպարեզ։ Նոր միջավայրն ու նոր շրջապատը հնարավորություն են տալիս ինքնահաստատվել, ինքնադրսևորվել և կողմնորոշվելու հմտություններ զարգացնել։ Ոմանք գտնում են, որ հետագայում աշխատանքի ընդունվելը ավելի հեշտ կլինի, քանի որ այն փուլերը, որ անցնում ես կամավորական աշխատանքում, քեզ ավելի փորձառու և ինքնավստահ են դարձնում։
Սակայն դրական գծերի կողքին չպետք է անտեսել նաև կամավորության թերի կողմերը։ Վիկտորյայի խոսքով` բացասական կողմերից մեկը այն է, որ աշխատանքում շատ են հոգնում, ինչ-որ չափով տուժում է նաև առողջությունը.
«Վերջերս մասնակցած մի կամավորության ժամանակ աշխատել եմ առավոտյան 7-ից գիշերվա 11-ը և ընթացքում խմել միայն մեկ բաժակ սուրճ (երբեմն դա էլ չի լինում)։ Լիարժեք սպառվելով՝ դասերին այլևս ժամանակ տրամադրել չի ստացվում։ Բացակայությունը դասերից` ևս մեծ խնդիր է՝ չնայած նրան, որ մեզ տրամադրում են հատուկ թուղթ բացականեր չստանալու համար։ Ամեն բաց թողած դասը լրացնելը հետո բավականին դժվար է»:
Մասնակցի և կազմակերպչի միջև նախապես լինում է պայմանավորվածություն, և հիմնականում պայմանները թելադրում է կազմակերպիչը։ Սակայն հաճախ ներկայացված պայմանները չեն համապատասխանում իրկանությանը, և շատ կամավորներ աշխատանքի ընթացքում կամ վերջում կանգնում են խնդրի առջև.
«Նման մի դեպք էլ պատահել է ինձ հետ։ Մենք նախապես պայմանավորվածություն ունեինք, որ աշխատանքի ուշ վերջանալու դեպքում կազմակերպիչը մեզ պետք է մեքենաներով տուն ճանապարհեր։ Բայց կամավորությունը գիշերը՝ 11։30 ավարտելուց հետո կազմակերպությունը հրաժարվում է մեզ մեքենա տրամադրել, և մենք՝ 2 աղջիկներով, այդ ժամին մնում ենք փողոցում, այն էլ այնպիսի փողոցում, որ մեքենա գտնել և տուն հասնել բավականին դժվար էր և ոչ պատեհ աղջիկներիս համար»:
Սակայն Վիկտորյան անգամ դրա մեջ է լավ բան տեսնում, պարզաբանելով, որ դա ևս փորձ էր նման իրավիճակում կողմնորոշվելու և հետագայում առավել մանրամասն նման պայմանները ուսումնասիրելու։
Իր փորձով մյուսների հետ կիսվելուց հետո Վիկտորյան հորդորեց հետագայում կամավորության մասնակցողներին ընտրել այն աշխատանքը, որը լիովին համապատասխանում է իրենց հետաքրքրությունների շրջանակին.
«Պետք է անել այնպիսի աշխատանք, որը հետո նրանց պետք է գալու։ Մեծ ուշադրությունը թող սևեռվի կազմակերպության ինչպիսին լինելու վրա. որքան հայտնի և լայն շրջանակների ծանոթ լինի այն, այդքան քո կատարած աշխատանքն ու ստացած հավաստագիրը արդյունավետ կլինեն։ Պետք չէ վախենալ նոր միջավայր մտնելուց, նոր ծանոթներ ձեռք բերելուց։ Պետք է գնալ, մասնակցել, լինել ամբողջովին անծանոթ շրջապատում, ինքնադրսևորվել, ու կյանքը կդառնա ավելի գունավոր, լեցուն, իսկ ժամանակը կօգտագործվի առավել ռացիոնալ»:
Սյուզան Նավասարդյան
2-րդ կուրս