Հայտնի է, որ մինչև դպրոց հաճախելը երեխաների հիմնական զբաղմունքը խաղն է, սակայն շատ ծնողների կարծիքով` այն պարզապես զվարճանք է և անիմաստ ակտիվություն: Ծնողները գերադասում են զարգացնել երեխաների մտավոր ունակությունները պարապմունքների միջոցով, սակայն երեխաների զարգացման մեջ մեծ կարևորություն ունի խաղը, որը պատասխանատու է մի շարք ունակությունների զարգացման գործում:
Երևակայություն
Ինչպես ասել է Զիգմունդ Ֆրեյդը` Մենք բոլորս ծնունդով մանկությունից ենք: Շատ հաճախ կարելի է զուգահեռներ անցկացնել կյանքի ու խաղային իրավիճակների միջև, և եզրակացնել` վերջիններս ունեն ընդհանրություններ: Երեխան խաղի միջոցով իր երևակայությամբ ստեղծում է իրավիճակ, երևակայական աշխարհ լեցուն փորձություններով, որոնցից փորձում է ելք գտնել: Այսպիսով զարգանում է երեխայի երևակայությունը, տրամաբանությունը և հնարամտությունը:
Ուշադրություն և կենտրոնացվածություն
Գոյություն ունեն մի շարք խաղեր, որոնք գրավում են երեխաների ուշադրությունը և կենտրոնացվածությունը կոնկրետ առարկաների վրա, օրինակ` «Գտի´ր 10-ը տարբերություն», «Համապատասխանեցրու քարտերը», «Պահմտոցի», «Գուշակիր թվերի ճիշտ հաջորդականությունը» և այլն: Նմանօրինակ խաղերը նպաստում են ոչ միայն կենտրոնացվածության և ուշադրության բարելավմանը, այլև հիշողության, արագ կողմնորոշվելու հմտության զարգացմանը:
Մոտիվացիա
Հոգեբանները նշում են, որ փոքր հասակում երեխաները մոտիվացվում են խաղերի միջոցով, օրինակ` երեխաներն ունեն դպրոցական պարագաներ և տնային պայմաններում ձևավորում են դպրոցական միջավայր: Սովորական տետրի, կարկինի, գծագրական մատիտի միջոցով երեխաները պատկերացում են կազմում դպրոցական դասերի մասին, և մոտիվացվում են սովորելուն: Ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական գործնեություն, որը մատուցվում է խաղի միջոցով` դյուրին է ըմբռնվում երեխաների կողմից, քանի որ խաղային գործնեությունը բնական երևույթ է:
Ընկալում
Երեխան խաղի միջոցով ընկալում է մեծ ինֆորմացիա, քանի որ օգտագործում է և´ տեսողական, և´ լսողական, և´ շոշափելիքի զգայարանները: Սոցիալական և հուզական ինտելեկտը նույնպես զարգանում է: Խաղերի միջոցով երեխաները շփվում են միմյանց հետ, հաստատում են նոր ծանոթություններ, կարողանում են ներգրավվել թիմային աշխատանքում և ձեռք են բերում սոցիալական պատրաստվածություն` կյանքի հետագա փուլերի համար: Երեխաները խաղում են կյանքի մոդելով:
Մարիամ Մարգարյան
3-րդ կուրս