«ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՄ, ԱՆՈՒՄ ԵՄ ՈՉ ԹԵ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԱՅԼ ԻՄ ՀԱՎԱՏՈՎ, ՀՈԳՈՎ»....

«ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՄ, ԱՆՈՒՄ ԵՄ ՈՉ ԹԵ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԱՅԼ ԻՄ ՀԱՎԱՏՈՎ, ՀՈԳՈՎ». ԾՈՎԻՆԱՐ ՍԱՆԹՈՒՐՅԱՆ

1751

Որքան էլ ասենք, որ բարին չկա, կամ քչացել է, իրականում այն ամենուր է, լույսը բացվելուն հետ մեկտեղ այն բացում է իր մեծ աչուկները ու շրջում մեզ հետ ամենուր: Չէ, նա չի էլ քնում, միշտ հսկում է մեր քունը, մեր տունը, մեզ:

Ահա այսպիսի գիտակցումով է իր ամեն օրը սկսում Ծովինարը, ով պատանի հասակից հելյունակարից սկսելով,  ապա 14 տարի սպասրկման ոլորտում աշխատելով, մի բարի ու գեղեցիկ օր, շատ պատահական սկսեց զբաղվել տիկնիկագործությամբ: Ծովինարը մասնագիտական կրթություն չի ստացել: Այն ինչ անում է իր մեծ սիրո և հավատի ուժով է ստացվում:

Ծովինա՛ր, կմատմե՞ք Ձեր առաջին տիկնիկի մասին:

-Կար ժամանակ, որ սպասարկման ոլորտում էի աշխատում: Մեր հաճախորդներից մեկը տեսել էր իմ ֆեյսբուքյան էջը, որտեղ գցում էի պատրստածս արջուկները՝ հելյունով գործած, և մի օր մոտեցավ ինձ ու ասաց. «Ինչ սիրուն գործեր ես անում, ինչու՞  տիկնիկներ չես  պատրաստում»: Ասացի՝ չեմ կարող, բարդ է: Իսկ նա շարունակ կրկնում էր՝ մի համառիր փորձիր: Երեկոյան արդեն իր բալիկի լուսանկարն էր ուղարկել ինձ: Եվ հենց նրա փոքրիկի կերպարով ծնվեց իմ առաջին տիկնիկը:

Գիտեմ, որ երկար տարիներ աշխատել եք սպասարկման ոլորտում: Ինչպիսի՞ն էր սպասարկման ոլորտից տիկնագործությանը անցնելու ուղին:

-Մանուկ հասակից հելյունակար եմ արել: Սկզբում մայրիկիս հետ սփռոցներ էինք կարում և վաճառում: Հետո եկավ մի շրջան, որ ինչ-ինչ պատճառներով ստիպված էի երկար տարիներ աշխատել սպասարկման ոլորտում: Ամեն օր ինձ համոզելով` գնում էի աշխատանքի: Այդ բնագավառում ես ինձ իմ ափսեում երբեք չեմ զգացել: Իմ առաջին պատվիրատուն, ում մասին արդեն պատմեցի, պատրաստածս տիկնիկի լուսանկարը տեղադրել էր իր էջում, գեղեցիկ բառեր գրել, շնորհակալություն հայտնել և գրել նաև՝ նման տիկնիկներ ցանկանալու դեպքում դիմեն ինձ: Այսպես միանգամից, շատ պատահական եղավ անցումը: Շուտով հայտնվեցին նոր պատվիրատուներ և նոր տիկինիկներ: Դուրս եկա աշխատանքից, և սկսվեց իմ նոր սկիզբը:

Առաջին ցուցահանդեսը ե՞րբ եղավ:

-Շատ չուշացավ: Պատրաստածս տիկնիկների լուսանկարները միշտ դնում էի ֆեյսբուքիս էջում: Մի օր էլ Երևանի պատմության թանգարանի էքսկուրսիաների բաժնի ղեկավար Մարինա Խաչմանուկյանը գրեց ինձ՝ առաջարկելով թանգարանում իմ տիկինիկների ցուցահանդես կազմակերպել:

Տիկնիկները բնավորություն ունե՞ն:

-Միանշանակ ունեն: Մի շրջան կար, երբ նկարում էի: Հենց ավարտում էի, մի տարօրինակ զգացում էի ունենում: Ուզում էի այն, ինչ կա նկարում, շոշափեի, գրկեի, զգայի: Հիմա երբ տիկնիկ եմ պատրաստում, նրա մեջ դնում եմ իմ հույզերը, երազանքները: Կարող եմ վերցնել նրանց, գնալ այգի, պառկել խոտերին և ժամերով խոսել նրանց հետ: Տիկնիկը որևէ կերպար է, որն իր մեջ հոգի ունի:

Ո՞վ կամ ի՞նչն է ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Ամենառաջինը մարդկանց խոսքերն ու մարդկային հարաբերությունները: Յուրաքանչյուր խոսք կարող է ինձ մեծ եռանդ տալ, և միևնույն ժամանակ կոտրել թևերս: Ոգեշնչվում եմ նաև աշնան գույներից ու առհասարակ ամեն գեղեցիկ բանից:

Լինո՞ւմ են պատվերներ, որոնք մերժում եք: Եթե այո, ապա ինչո՞ւ:

-Այո, լինում են: Երբ պատվիրատուն ինձ շտապեցնում է, կամ պահանջում, որ որևէ տիկնիկի կրկնօրինակը պատրաստեմ, մերժում եմ: Ես հարգում եմ բոլորի կատարած աշխատանքը, և երբեք չեմ կարող կրկնօրինակել: Երևի դա է պատճատը, որ ես հայկական տարազով տիկիներ չեմ պատրաստում: Չեմ պատրաստում նաև բացասական կերպար ունեցող տիկինիկներ:

Առաջինը ո՞ւմ կարծիքն եք լսում:

-Ամենկարևորը ինձ համար իմ սեփական կարծիքն է: Եթե ինձ դուր չի գալիս պատրաստածս, ապա շատ արագ ազատվում եմ դրանից: Շատ կարևոր է նաև հաճախորդի կարծիքը:

Ճանաչված մարդկանց կերպարներով տիկնիկներ պատրաստե՞լ եք:

-Այո, պատրաստել եմ, բայց միայն Նարե Հայկազյանի անունը կնշեմ:

Ամենասիրելի տիկնիկ ունե՞ք: Եթե այո, կպատմե՞ք նրա մասին:

-Այո, ունեմ: Նրա անունը Խռովկան է: Իմ առաջին աշխատանքներից է: Ինչու Խռովկան, որովհետև նրա դեմքի արտահայտությունն է նեղացկոտի տպավորություն թողնում: Եվ երբ ես նրան մի տեղից մյուսն եմ տեղափոխում ու նայում աչքերին, կարծես ինձ ասի՝ ես խոսում եմ քեզ հետ, բայց միևնույն է նեղացած եմ:

Հայաստանում տիկնիկագործությունը օրեցօր վերելք է ապրում: Շահութաբե՞ր բիզնես է:

-Բիզնես բառն  ինձ համար այնքան է արժեզրկում կատարած գործս, որ խուսափում եմ այդ բառից: Շահութաբեր է, պարզապես կան մարդիկ, ովքեր անում են դա միայն լավ փող աշխատելու համար, և մարդիկ՝ ում համար տիկնիկագործությունը ներդաշնակ զգալու միջոց է: Չեմ վախենա ասել նաև, որ այն արվեստ է:

Որքա՞ն ժամանակ եք ծախսում մեկ տիկնիկ պատրաստելու համար:

-Մեկից երկու օր: Հանգստանալով եմ գործս անում: Նախօրոք երբեք չեմ պլանավորում՝ ինչ գույն պիտի լինեն մազերը կամ շորերը:

Իսկ մոտավորապես որքա՞ ն գումար է անհրաժեշտ հաճախորդին մեկ տիկնիկ գնելու համար:

-Տասներեքից տասնհինգ հազար դրամ:

Դուք գանգրահեր եք, Ձեր տիկնիկների մեծամասնությունը նույնպես: Ինչո՞ւ:

-Շատ-շատերն են ասում, որ իմ տիկնիկները ինձ շատ նման են: Կարծում եմ` նմանության պատճառը այն սերն ու էներգիան է, որ տալիս ու ստանում եմ նրանցից: Բացի այդ, երբ տիկնիկ եմ կարում, նրանց հագցնում եմ այնպիսի շորեր ու կոշիկներ, որոնց մասին մանուկ հասակում ինքս եմ երազել: Մազերի դեպքում էլ է նույն սկզբունքը գործում:

Դժվար չէ՞ առանց մասնագիտական կրթության նման աշխատանք կատարելը:

-Ես այնքան պատահական սկսեցի. սկզբում վախեցա, կարծում էի՝ դժվար կլինի: Հետո հասկացա, որ տիկնիկագործությունը աստվածատուր շնորհք է, որի համար երախտապարտ եմ Աստծուն: Ինչ անում եմ, անում եմ ոչ թե գիտակցությամբ, այլ իմ հավատով, հոգով: Ինքնակրթությամբ էլ եմ զբաղվում: Համացանցում շատ օգտակար նյութեր կան, որոնցից օգտվում եմ:

Ձեզ համար տիկնիկագործությունը…

-Վերածնունդ է…

 

Հարցազրույցը՝ Մարինե Երեմյանի

3-րդ կուրս

 

Կիսվել