ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

1370

«Մարդկանց մի խումբ փորձում է ինչ-որ ձևով լցնել իր ազատ ժամանակը, և նրանց համար հիանալի միջոց է հեռուստասերիալը»: Զրույցի ընթացքում նշեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Աքելյանը:

«Տալիս ես մարդուն ազատություն, և նա իր ազատությունը տալիս է ուրիշին ու ասում է` դու կառավարիր: Իհարկե սա չի նշանակում, որ զանգվածային մշակույթի այս տարատեսակը միայն բացասական ձևով է ազդում կամ բացասական գործառույթ ունի, բայց դա խիստ ժամանակատար է: Զբաղվածությունը սկզբունքային նշանակություն չունի այս պարագայում, ցանկացած մարդ, ով ունի ազատ ժամանակի հետ վարվելու որոշակի խնդիր, նախընտրում է դիտել հեռուստասերիալներ:  Կա մարդկանց որոշակի խումբ, ովքեր չեն խորանում այդ հարցում` լինեն տնային տնտեսուհիներ, թե մարդիկ, ովքեր ուղակի սիրում են այդ վիզուալ տարբերակով ինֆորմացիա ստանալը. նրանք մտնում են այդ թիրախային խմբի մեջ»,- հավելում է Դ. Աքելյանը:

Ընդունված տեսակետ կա, որ շուկան ըստ պահանջարկի է ձևավորվում: «Իսկ ո՞վ է ասել, որ կար պահանջարկ ու ըստ դրա է եկել, գուցե դա եկել է, և ըստ դրա, արհեստական ձևով ստեղծվել է պահանջարկ: Զանգվածային մշակույթն ինքնին բուռն ու միանգամից է մտել մեր կյանք»,- ասում է մեր զրուցակիցը:

Նույն թեմայի շուրջ մենք զրուցել ենք նաև ռեժիսոր Վ. Հակոբյանի հետ, ով փաստում է. «Հեռուստատեսությունը ինքը միշտ կարող է ստեղծել պահանջարկ: Հեռուստասերիալներ հեշտ է նկարել, և դրանք շահութաբեր են, այդ իսկ պատճառով հեռուստաընկերությունները նախընտրում են եթերը հագեցնել դրանցով: Հիմա ավելի բարդ տենդենց կա. գնում են հեռուստասերիալները ավելի ցածր գնով, քան կարողանում են արտադրել»:

Հեռուստասերիալներ սկսել են արտադրել 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբերին. իրենց հիմնական նպատակն էր մարդկային առավել լայն զանգվածների զբաղվածությունն ապահովելը: Նրանց թիրախային խումբն այն մարդիկ են, ովքեր խնդիր ունեն ժամանակ վատնելու հետ, և այդպիսի մարդիկ իրականում շատ-շատ են: Մասնագետների կարծիքով` հաջողված կարելի է համարել այն սերիալը, որտեղ կան 3 կարևոր բաղադրիչներ՝ հասկանալի է, ուսուցողական ու այն նայելը ժամանակի զուտ վատնում չէ։

 

Անի Կարենի Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել