«ՄՇԱԿՈՒՅԹՆ Է ԵՐԿՐԻ ԴԵՄՔԸ»․ՎԱՐԴԻՇԱՂ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«ՄՇԱԿՈՒՅԹՆ Է ԵՐԿՐԻ ԴԵՄՔԸ»․ՎԱՐԴԻՇԱՂ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

1697

Հայաստանի ժողովրդական  վարպետի կոչումը վաստակած Վարդիշաղ Կարապետյանը իր ասեղնագործական աշխատանքները ցուցադրել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Սիրիայում, Չինաստանում, Իրանում, Պորտուգալիայում, Իտալիայում կազմակերպված արվեստի տարբեր ցուցահանդեսներում։ Եղել են նաև անհատական ցուցահանդեսներ։
Վարդիշաղ Կարապետյանին արվեստի այս ճյուղը հետաքրքրել է շատ երիտասարդ տարիքից։ Ունի 50ից ավելի մրցանակներ և պատվոգրեր։

-Արտասահմանում մարդկանց հետաքրքրու՞մ է հայկական ասեղնագործությունը։

-Այո, հետաքրքրվածություն միանշանակ կա։ Բոլոր երկրներում, որտեղ ես մասնակցել եմ ցուցահանդեսների, ինձ խնդրել են ևս մի քանի օր մնալ և վարպետության դասեր անցկացնել` հայկական ասեղնագործության տեխնիկան բացատրելու համար։ Անգամ ձեռագործի հայրենիք Չինաստանում այս արվեստը հետաքրքրվածություն և հիացմունք առաջացրեց։

-Այդ դեպքում, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում արվեստի այս ճյուղը այդքան էլ տարածված չէ։

-Այլ երկրներում ժողովրդական արտիստները զգում են աջակցություն պետական մակարդակով։ Օրինակ` Իրանում կազմակերպված ցուցահանդեսներից մեկում Իրանի վարչապետն ասաց, որ թեև իրենց երկիրը ռազմական արդյունաբերության տեսանկյունւց հզոր երկիր է, այնուամենայնիվ, իրենց երկրի դեմքը ժողովրդական վարպետներն են։ Իսկ Հայաստանում մենք նույնիսկ շատ փոքր աջակցություն չենք զգում։

Հեղափոխությունը դեռևս դրական ազդեցություն չի՞ ունեցել Ձեզ վրա։

-Դեռ ոչ։ Բայց նոր իշխանությունները փլատակների վրա են սկսել կառավարել։ Հուսանք, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի։

Ի՞նչն էր պատճառը, որ Ձեզ և մյուս ժողովրդական վարպետներին տեղափոխեցին Վերնիսաժի ավելի չերևացող վայրեր։

-Դա քաղաքապետարանի որոշումն էր։ Խոստացել էին, որ վերանորոգումից հետո մեզ առանձին տաղավարներ կտրամադրեն, որոնք առևտրի ավելի քաղաքակիրթ պայմաններ կապահովեին։ Վերանորոգումից հետո, սակայն, պարզվեց, որ այդ տեղերը շատ թանկ արժեն։ Մի խոսքով` մենք այնտեղ տեղ չունենք։

Ի՞նչ է պետք անել, որպեսզի մարդկանց մեջ հետաքրքվածություն առաջանա արվեստի այս ճյուղի նկատմամբ։

-Ես որոշակի, շատ փոքր հետաքրքրվածություն ամեն դեպքում նկատել եմ։ Բայց այդ հետաքրքրվածությունը զարգացնելու համար խմբակներ պետք է բացվեն, կամ գուցե փորձեն այս ճյուղը համալսարաններում զարգացնել, ինչպես մյուս երկրների դեպքում է։

 

Հարցազրույցը՝ Նանե Ավետիսյանի

3-րդ կուրս

Կիսվել