«ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ ՀՈԳՈՒՄ ԵՂԱԾՆ ԵՆՔ ԱՐՏԱԲԵՐՈՒՄ». ԱՆԱՀԻՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԱՅՆՈՎ ՀՈԳՈՒՄ ԵՂԱԾՆ ԵՆՔ ԱՐՏԱԲԵՐՈՒՄ». ԱՆԱՀԻՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ

1573

Դուդուկն ու դհոլը տղամարդկանց ձեռքերում վերածվում են ճկուն գործիքների, իսկ կանանց ձեռքերում՝ ժողովրդի հոգին երգող նվագարանի։
Աննայի և Անահիտի հետ զրուցելով` ծանոթացանք երաժշտական ոլորտում տղամարդկանց աշխարհին, որտեղ համառորեն փորձել են իրենց տեղը գտնել քույրերը։

Աննա և Անահիտ Մխիթարյանները իրենց ձեռքն են վերցրել քաշով թեթև, սակայն կիրառությամբ ծանր ժողովրդական գործիքներ՝ կոտրելով կարծրատիպեր,թե դրանք միայն հայ տղամարդու ձեռքերում են կատարելապես դրսևորվում։

-Այն փաստին, որ աղջիկները կարող են դհոլ կամ դուդուկ նվագել, մարդիկ զարմանքով և թերահավատությամբ են վերաբերվում։ Այս գործիքներով զբաղվելու որոշմանը ինչպե՞ս արձագանքեցին ձեր ծնողները:

-Փոքր տարիքից մայրս մեզ տարել է երաժշտական դպրոց. ինձ՝ դաշնամուրի, Աննային՝ շվիի։ Գուցե դրանով է պայմանավորված, որ իրենք չզարմացան, նորմալ վերաբերվեցին և նույնիսկ կողմ եղան։

Սովորաբար քույրերը ձգտում են կյանքի փուլերում կամ որոշ ոլորտներում միասին լինել, արդյոք դաշնամուրից դհոլի անցումը կապված էր այս փաստի հետ։

-Ժող նվագարաններ ու հարվածային գործիքներ շատ եմ սիրել, իսկ դհոլի ընտրությունը կախված է եղել Աննայի գործիքից։ Այնպես ստացվեց, որ այն նվագախմբի ղեկավարը, որտեղ Աննան շվի էր նվագում, ինձ առաջարկեց դառնալ իրենց դհոլահարը: Չնայած որ այդ ժամանակ այնքան էլ դհոլ  չէի սիրում, այնուամենայնիվ համաձայնվեցի` հանուն բեմ բարձրանալու երազանքիս:

Աննա, կանայք իրենց ամբողջ կյանքի ըմթացքում դիմում են ամեն հավանական ու անհավանական քայլերի, որպեսզի պահպանեն իրենց դեմքի կատարելությունը, դուք չե՞ք վախենում, որ դուդուկ նվագելով ձեր դեմքը կփոփոխվի։

-Դեմքի մկաններն աշխատացնելու համար այն վարժությունները, որոնք անում են այլ կանայք, կարելի է ասել, ես մեխանիկորեն եմ անում։ Պարզապես կարելի է այնպես նվագել, որ դեմքը չաղավաղվի։

 Այս գործիքները իրենց մենաշնորհը համարող տղամարդկանց կողմից թերահավատ վերաբերմունք, վստահ եմ, որ տեսել եք։ Ի՞նչպիսի մրցակիցներ են տղամարդիկ։

-Տղամարդկանց կողմից թերահավատ վերաբերմունքը զգում ենք սկզբում, իսկ մեր գործերին ծանոթանալուց հետո թերահավատությունը փոխվում է զարմանքի։ Ինչ վերաբերում է մրցակցությանը, տղամարդիկ լուրջ խնդիրներ չեն առաջացրել։

Դուք փորձու՞մ եք ձեր գործիքների միջոցով ստանալ ժամանակակից երաժշտություն։

-Սկզբնական շրջանում, երբ նոր էինք տիրապետում գործիքներին, խուսափում էինք նորարարություններից։ Տարիների ընթացքում հմտանալով՝ գալիս է մի պահ, երբ ինքդ քեզ չպիտի ձանձրացնես` դոփելով նույն տեղում։ Հետաքրքրությունը չկորցնելու համար սկսում ես փորձարկումներ անել։ Իսկ ինչ վերաբերում է ժամանակակից երաժշտությանը, մենք ստեղծել ենք «Մխիթարյան քույրեր և ընկերներ» երաժշտախումբը, որտեղ մեր գործիքներով հայկական ժողովրդական ստեղծագործություններին ամբողջությամբ նորովի մշակումներ ենք տալիս։

Արդյո՞ք ունեք ձեր ավանդը հայ ժողովրդական գործիքները աշխարհին էլ ավելի բացահայտելու մեջ։

-Ամեն բան դեռ Հայաստանի սահմաններում է, բայց ճանապարհը դեռ նոր ենք սկսել։ Վստահ եմ, որ մենք կարողանալու ենք աշխարհով մեկ յուրովի տարածել այս գործիքները, բայց ժամանակ է հարկավոր։

Որոշ երաժիշտներ իրենց գործիքները ասես անձնավորում են ու անուններով են դիմում: Դուք ձեր գործիքներին որևէ առանձնահատուկ անուն տվե՞լ եք:

-Շատ ենք սիրում մեր գործիքները, բայց իրերը կոչում ենք իրենց անուններով։ Աննայի դուդուկը դուդուկն է, իսկ իմ դհոլը` դհոլն է։

Ի՞նչ եք կարծում,արդյոք միայն հայի ձեռքերում կարող են ժողովրդական գործիքները, հատկապես դուդուկը, հնչել յուրօրինակ։

-Շատ այլազգիներ փորձել են և փորձում են հայ ժող. գործիքներ նվագել, բայց ամեն դեպքում կարծում եմ ՝ մեզ մոտ ավելի լավ է ստացվում։ Հատկապես դուդուկից մենք ավելի ճիշտ ձայն ենք կարողանում ստանալ։ ինձ թվում է՝ դա մեր գենի առանձնահատկությունից է։ Մենք այս գործիքների ձայնով մեր հոգում եղածն ենք փորձում արտաբերել։

Հարցազրույցը` Թեհմինե Առաքելյանի

3-րդ կուրս

Կիսվել