ՇՐՋԵ՛Ք ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԴԵՂԱՀԱԲԵՐՈՎ. ՀԵԼՈՈՒԻՆԸ ՄՈՏ Է

ՇՐՋԵ՛Ք ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ԴԵՂԱՀԱԲԵՐՈՎ. ՀԵԼՈՈՒԻՆԸ ՄՈՏ Է

1120

Չնայած հակասական կարծիքներին` այս տարի ևս՝ հոկտեմբերի 31-ին, Երեւանում կնշեն Հելոուինը: Բացի բացօթյա միջոցառումներից, մի շարք մասնավոր ակումբներ, ինչպիսիք են El Sky -ը, Paparazzi-ին, The Venue-ն, No time-ը, Հելոուինի բոլոր սիրահարներին հրավիրում են իրենց հարկի տակ`միասին տոնելու այն`խոստանալով կրեատիվ և յուրօրինակ օր: Ակումբներից մեկը աչքի ընկավ իր օրիգինալ հայտարարությամբ, որում ասվում էր. «Հոկտեմբերի 31-ին միասին չենք տոնելու Հելոուինը: Փոխարենը պարելու ենք հայկական ազգային պարեր»: Հելոուինի կողքով անգամ գեղեցկության սրահները չկարողացան անտարբեր անցնել,սրահներից մեկը խոստանում է բոլոր Հելոուինի սիրահարների համար ապահովել հետաքրքիր և իրարից տարբերվող դիմահարդարումներ`13% զեղչով:

Ազգագրագետ Արարատ Ստեփանյանը նշում է, որ առավել նախընտրելի է հայկական տոները նշելը։ «Կասեմ, որ Հելոուինը հայկական տոն չէ, և առավել ցանկալի կլիներ, որ երիտասարդները այսպիսի մեծ-խանդավառությամբ նշեն նաև մեր տոները: Ընդհանուր առմամբ չի հակասում մեր հայկական ավանդույթներին և սովորույթներին, բայց առավել նախընտրելի է մեր տոներին գերապատվություն տալը»:

Իսկ ինչ կարծիք ունեն քաղաքացիները Հելոուինի մասին։ 20 ամյա Մարիամը, ով Եվրոպական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողուհի է, պատասխանեց. «Անկեղծ ասած ճիշտ չեմ համարում, որ մեր երկրում նշում են էդ տոնը, տպավորություն ա, որ տենց հեռվանում ենք քրիստոնեությունից: Ամերիկացիների տոնն ա, դե թող իրանք էլ նշեն, վերջիվերջո ոչ մի երկիր չի կրկնօրինակում մեր տոները»:

22 ամյա Լանան, ով Եվրոպական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի է, ասաց. «Շատ եմ սիրում Հելոուինը, հետաքրքիր ա էս տոնի անցկացման ընթացքը, այսինքն էն, որ վախենալու շորեր ենք հագնում, ստանում ենք իրարից տարբերվող կերպարանքներ ու շրջում ենք դրսում. մի խոսքով շատ հավես ու տարբերվող տոն ա ու անհամբեր սպասում եմ Հելոուինի նշելուն»:

24-ամյա Արմանն էլ Հելոուինի տոնի մեջ տեսնում է ինչ-որ սատանայական տարրեր և բացարձակ չի ընդունում դրա մուտքը Հայաստան: 23-ամյա դիմահարդար Աննան նշեց, որ արդեն պատրաստել է Հելոուինի իր հանդերձանքը և մնում է միայն սպասել հոկտեմբերի 31- ի գալուն:

Երիտասարդների հետ զրույցից պարզ դարձավ, որ կարծիքները շատ տարբեր են, ոմանք սիրում և տոնում են այն, իսկ ոմանք էլ ուղղակի սարսափում և ամեն կերպ փորձում են խուսափել դրանից: Զրույց ունեցանք նաև մեծահասակների հետ. «Ես չեմ ընդունում ես տոնը, դուրս ենք գալիս քայլելու, լեղապատառ վերադառնում ենք տուն, էս էն տոնը չի, որ քրիստոնյան պետք ա նշի»,-ասաց 67 ամյա Գոհար տատիկը: Մեծահասակներից ոմանք էլ այդքան էլ վատ չեն վերաբերում տոնին, նրանց համար այն անգամ շատ զվարճալի է և հետաքրքիր:

Նշենք, որ Հելոուինը հին կելտական ծիսական տոն է, որի հիմնական խորհուրդը չար ուժերին հեռու վանելն է: Հելոուինը ավանդաբար տոնում էին միայն անգլախոս երկրներում, սակայն գլոբալիզացիայի արդյունքում Հելոուինը սկսեցին տոնել նաև ոչ անգլախոս և ԱՊՀ այլ երկրներում: Հելոուինի գլխավոր խորհրդանիշը դդումն է, որի մեջ վառված մոմը լուսավորում է չարախինդ դեմքի տեսքով փորագրությունը (ընդունված է, որ տան մոտ դրված դդումը քշում է չար ոգիներին):

Մեզ մնում է միայն լավ տրամադրություն մաղթել բոլոր նրանց, ովքեր մասնակցելու են Հելոուինին, իսկ նրանց, ովքեր կողմ չեն այս տոնի անցկացմանը, խորհուրդ է տրվում այդ օրը անցկացնել տաքուկ տանը:

 

Զվարթ Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել