ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻՑ ՁԿԱՆ ՀՈՏ ԳԱԼԻՍ. ՊԱՏՃԱՌԸ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵ՞ՐՆ ԵՆ, ԹԵ՞ ԱՂՏՈՏՎԱԾ ՋՐԵՐԸ

ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻՑ ՁԿԱՆ ՀՈՏ ԳԱԼԻՍ. ՊԱՏՃԱՌԸ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵ՞ՐՆ ԵՆ, ԹԵ՞ ԱՂՏՈՏՎԱԾ ՋՐԵՐԸ

1339

Հայաստանում անվնաս սննդամթերք օգտագործելը դարձել է լուրջ խնդիր, ինչի վկայությունը քաղաքացիների ահազանգեր են։ Օրինակ՝ բանջարեղենի դեպքում երկար պահպանվածությունն ապահովելու համար հաճախ ներարկում են հատուկ հորմոններ, որոնք էլ ապահովում են երկարատեւ թարմություն:

Վերջերս Ինֆորմացիայի ազատության հիմնադիր նախագահ, ԵՊՀ դասախոս, Շուշան Դոյդոյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ բանջարեղենով ապուր եփելուց ձկան սուր հոտ է եկել, պատճառը՝ ձկնաբուծարանների աղտոտած ջրերն են, որոնցով ջրվել է բանջարեղենը։ Դատելով Շուշան Դոյդոյանի էջում ծավալված քննարկումներից՝ օգտատերերից շատերն էին բախվել այս խնդրին։ «Մասնագետները բազմիցս են արձագանքել, որ ձկան համը բնավ ջրի որակով պայմանավորված չէ:  Դրա պատճառը գենետիկ փորձարարությամբ ստացված սերմերն են, որոնք ապահովում են արագ աճ եւ երկարատեւ թարմություն»,- մեկնաբանություններում գրել էր իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանը։

Այս թեմայի շուրջ զրույց ունեցանք սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ, «Շատ մարդիկ կարծում են, որ դրա պատճառը ձկան գեն դնելն է, կամ օրինակ Արարատյան դաշտավայրի ձկան ջրերով ջրելը, սակայն նշվածներից եւ ոչ մեկը բանջարեղենին ձկան համ տալ չեն կարող: Մեր երկարատեւ աշխատանքներից հետո պարզեցինք, որ Թուրքիայում օգտագործում են արգելված թունաքիմիկատներ, եւ այդ թունաքիմիկատները հեշտությամբ կարող են օգտագործվել նաեւ այստեղ, որոնք էլ հաղորդում են այդ տհաճ համը»:

Մեկնաբանություն ստանալու համար հարցում ուղարկեցինք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն հետ, որտեղից ստացել ենք հետեւյալ պատասխանը:

«Բանջարեղենից ձկան հոտ կարող է գալ, եթե դաշտը ջրվել է տղմոտ ջրով: Տիղմի առկայությունը լճերում այնտեղ ապրող ձկներին նույնպես հաղորդում է ուժեղ արտահայտված ձկան համ և հոտ, այդ դեպքերում ձկներին լճից հանելուց հետո տեղափոխում են մաքուր ջրով լցված ավազաններ՝  «մաքրելու»:
Մեր երկրում ձկնաբուծարաններն աշխատում են բաց համակարգով, ջուրն անընդհատ հոսում է, և եթե նույնիսկ հետադարձ ջրերը լցվեն գետերը, դժվար թե այդ ջրերով ջրված բանջարեղենը ձկան համ ու հոտ ունենա։
Թունաքիմիկատներ օգտագործելով պայմանավորված բանջարեղենից ձկան համ կամ հոտ գալը քիչ հավանական է, քանի որ թունաքիմիկատներից յուրաքանչյուրն ունի իրեն յուրահատուկ համն ու հոտը, որոնք նման չեն ձկան հոտին: Թունաքիմիկատներ օգտագործելիս դրանք անցնում են բույսի մեջ, այդ թվում՝ պտղի և հյութաշարժի ընթացքում մասնակցում են նաև նյութափոխանակության գործընթացին: Այդ ընթացքում հնարավոր է փոխեն իրենց բնորոշ հոտը և չի բացառվում, որ լինի մեկ տեսակ թունաքիմիկատ, որը փոխելով հոտը նմանվի ձկան հոտին»:

 

Աննա Չիբուխչյան

2-րդ կուրս

Կիսվել