ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԸ՝ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՄԻՋՈՑ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԸ՝ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՄԻՋՈՑ

2957

Անուշ Խուդոյանը արդեն 3-րդ տարին է, ինչ ներկա է գտնվում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնած պարի բաց դասերին:  «Դեռևս առաջին կուրսում ընկեր Հովանը շաբաթ օրերին կազմակերպում էր անվճար դասընթացներ համալսարանում: Հետո ամսվա վերջին ուրբաթներս սկսեցին անցնել Նարեկացի արվեստի կենտրոնում, իսկ երբ տաք եղանակին տեղափոխվեցինք Կասկադ, ես վերջնականապես սիրահարվեցի հայկական ազգային պարերին»:

Անուշը խոստովանում է՝ նախաձեռնությանը մասնակցելն այսօր իր համար ոչ միայն ավանդույթ է, այլև՝ կենսակերպ:

Հայկ Էլոյանն էլ պարի բաց դասերին մասնակցում է նախաձեռնության առաջին տարիներից: Գիտի ազգային մի շարք պարեր, իսկ յուրաքանչյուր ամիս, ավանդույթի համաձայն, ընկերների հետ շտապում է Կասկադ: Աշխատում է բաց չթողնել և ոչ մի դաս:

«Տարիներ առաջ Գագիկ Գինոսյանը մեզ՝ «Հայ ասպետ» ԿԲՀ-ի անդամներիս, դասավանդում էր ազգային պարեր: Մենք հաճույքով էինք մասնակցում դրանց, իսկ Նարեկացի արվեստի միություն գնում էինք՝ որպես լրացուցիչ դասի: Հիշում եմ՝  բավական բազմամարդ էր լինում, բայց մենք, միևնույն է, մնում էինք ու վերջին գնացողների հետ դուրս գալիս»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

Հավելենք, որ պարի բաց դասերը կյանքի կոչվեցին 2005 թվականի վերջերին: Սկզբնական շրջանում բոլոր ցանկացողները հավաքվում էին Նարեկացի արվեստի միությունում, սակայն կարճ ժամանակ անց մասնակիցների մեծ թվի պատճառով կազմակերպիչները անցկացման վայրը որոշում են փոխել. տարվա տաք եղանակներին դրանք տեղի են ունենում Գաֆեսճյան հիմնադրամի տարածքում: Միջոցառումը գրավում է հատկապես երիտասարդներին, որոնց թիվն օրեցօր ավելանում է:

«Այս տարիներին 10000-ից ավելի հայ մարդ ծանոթացել է իր մշակույթին և կարողացել է վերադառնալ իր ակունքներին: Ազգային երգի ու պարի միջոցով փորձում ենք նպաստել ազգային ինքնաճանաչողությանը և ազգային ինքնագիտակցության զարգացմանը»,- ասաց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Նշենք նաև, որ յուրաքանչյուր հանդիպմանը ներկա են լինում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ: Ձեռնարկի միջոցով նրանք հնարավորություն են ստանում ավելի լավ ճանաչելու մեր մշակույթը: Տարիներ առաջ նույնիսկ գերմանացիներ են եղել, ովքեր մասնակցելով նախաձեռնությանը՝ վերադարձել են Գերմանիա և հայկական պարի խումբ հիմնել:

Թամարա Գասպարյան

2-րդ կուրս

Կիսվել