ԱՄԵՆ ՄԻ ՆՈՐԸ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է

ԱՄԵՆ ՄԻ ՆՈՐԸ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է

2056

«Ես երկար տարիներ զբաղվում էի սրանով, բայց միշտ մտածում էի, որ չեմ անում մի գործ, որ չի անում երկրորդը, երրորդը, և իմ բնավորության համաձայն` համեստաբար լռում էի։ Ընկերներս հուշում էին, որ իրավունք չունեմ լռելու, որովհետև շատ հզոր աշխատանք է արված՝12 հագուստների մոդելավորում Արևելյան և Արևմտյան Հայաստանի տարբեր ժամանակաշրջանի ու տարածաշրջանի արմատական տարազներ` մի փոքր ժամանակակից մոտեցմամբ»,-ասաց «Տիկնիկների մոլորակ» արվեստանոցի հիմննադիր, տնօրեն, կենտրոնի հագուստի մոդելավորման խմբակի ղեկավար Վերգինե Ալավերդյանը:

Առաջին անգամ ազգային տարազների 12  հավաքածուն ներկայացվեց «Երբ խոսում է լռությունը» խորագրով։ Հանդիսատեսի ջերմ արձագանքը մեծ ուժ տվեց և ստիպեց էլ ավելի խորանալ այս գործում՝ ուսումնասիրել պատմությունը։ Վերգինեն նկարչուհի չէ, բայց կարողացել է իր միտքը հանձնել թղթին։ Նրա խոսքով ոչ մի ակադեմիական կրթություն չի կարող տալ այն, ինչը տալիս է մարդուն գենը. սա գենի ուժն է։

«Իմ տատիկը եղել է Սուրմալուից, նա հարսանեկան զգեստներ է կարել ձեռքով, հայրս  խորացված ուսումնասիրել է հագուստներ, ես նրանցից եմ գուցե  ժառանգել այս գենը»,-նշեց նա։


Տիկին Ալավերդյանը չի խորհրդակցում որևէ ազգագրագետի հետ, նա իր աշխատանքը կատարում է հստակ գիտակցումով, որ հայ ժովովուրդը պետք է վերադառնա իր արմատներին և մաքրեմաքուր արժեքներին։ Այդ պատճառով էլ ստեղծվեց «Վերադարձ արմատներին» խորագիրը, որը ժամանակի ընթացքում զարգացավ և վերածվեց նախագծի։ Նոյեմբերի 16-ին տեղի կունենա նախագծի շնորհահանդեսը, որտեղ կցուցադրվեն տարազները։

Վերգինե Ալավերդյանը հավելեց. «Որպես խորագիր ես ներկայացնում էի միայն հագուստները, իսկ որպես նախագիծ ցանկանում եմ ներկայացնել բոլոր այն արժեքները, ինչով ապրել են հայերը, նրանց ողջ մշակույթը»։


Նա նաև տիկնիկագործ է։ Սովորեցնում է երեխաներին տիկնիկներ պատրաստել՝ տալով հայեցի դաստիարակություն. նրա կարծիքով սա ևս վերադարձ է արմատներին։ «Երեխաների դերը մեծ է, քանի որ մեծահասակները որոշակի չափով ծանոթ են ազգային արժեքներին։ Առաջին քայլը «Հայոց ծիլերը» խորագիրն է, որի առանցքը հենց երեխաներին դեպի ազգայինը մոտեցնելն է»։

«Ուր էլ լինի հայի տեսակը միակ ճանապարհը վերադարձն է արմատներին։ Ես ուզում եմ այս որևէ շահ չփնտրող և միայն ազգայինը գովերգող նախագիծը հասնի յուրաքանչյուր հայի սրտին, մենք բավականին հեռացել ենք մեր արժեքներից, մոռացել ենք հայկականը՝ պահպանելով հինը պետք է միայն կառուցել նորը, չէ որ ամեն մի նորը մոռացված հինն է»,-հավելեց Վ.Ալավերդյանը։

 

Քնարիկ Համազասպյան

2-րդ կուրս

Կիսվել