ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՃԻՇՏ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՃԻՇՏ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

3682

Հայաստանում խուլ երեխաների հատուկ կրթություն սկսել է իրականացվել 1931 թվականից: Խուլերի դպրոցը գործել է նաև Լենինականում` 1949-1955թթ-ին, որի լուծարումից հետո աշակերտները տեղափոխվել են Երևանի խուլերի դպրոց: Երևանի ներկայիս խուլերի դպրոցը գտնվում է Նորքի այգիներ 193 հասցեում: Այս դպրոցը կառուցվել էր 1959 թ. իբրև հատուկ կրթահամալիր լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար (ԼԽՈՒԵ):

Կրթահամալիրն իր տիպով միակն է հանրապետությունում, իրականացնում է 12-ամյա միջնակարգ կրթություն, կոչված է կազմակերպելու լսողության խնդիրներով երեխաների ուսուցման և դաստիրակության գործընթացը:

Կրթահամալիրի տնօրեն Հասմիկ Բադալյանը ասում է, որ այսօր կրթահամալիրում սովորում է 122 լսողության խնդիրներով աշակերտ: Աշակերտները հանրապետության տարբեր մարզերից են:

«Երևան քաղաքից են, ունենք նաև աշակերտներ Ղարաբաղից, Ջավախքից», – ասում է Բադալյանը:

Ըստ նրա, դպրոցը աշխատում է գիշերօթիկ ռեժիմով, մարզերից ժամանող երեխաները այստեղ գիշերում են, թե´ շաբաթվա կտրվածքով, թե´ երկու շաբաթով: «Երեխաները այստեղ գիշերում են, սնվում են, ստանում են կրթություն, դաստիարակվում են, և ամենը անվճար հիմունքներով, իսկ դա թեթևացնում է սոցիալապես խնդիր ունեցող ընտանիքների խնդիրները»:

Կրթահամալիրի ուսուցիչները սուրդոմանկավարժներ են, հիմնականում սովորել և ավարտել են Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի սուրդոմանկավարժության բաժինը, լոգոպեդիա, իսկ տարիքով ավելի մեծերը խորհրդային տարիներին ավարտել են Լենինգրադի (ներկայիս Սանկտ Պետերբուրգի) սուրդոմանկավարժությունը:

Տնօրենը հավաստիացնում է, որ կրթահամալիրի բոլոր մանկավարժները տիրապետում են ժեստերի լեզվին, առնչվում են երեխաների հետ ժեստերի լեզվով և բանավոր խոսքով, քանի որ այստեղ ուսուցումը երկլեզու է` ժեստեր և բանավոր խոսք:

«Մենք աշակերտներին տալիս ենք նախամասնագիտական կրթություն, այսինքն ավագ դպրոցում աշակերտներին ուսուցանվում են մի շարք մասնագիտություններ` գորգագործություն, վարսահարդարություն, դիմահարդարում մատնահարդարում, կոշկակարություն, խոհարարություն, կար ու ձև: Այս մասնագիտություններին տիրապետելու դեպքում, դպրոցն ավարտելուց հետո հանգիստ կարող են ինտեգրացվել հասարակություն, գտնել իրենց աշխատանքը»,- ասում է Բադալյանը:

Բադալյանը ասում է, որ Գորգագործական ընկերությունում այսօր աշխատում են իրենց սաներից և վաստակում իրենց օրվա հացը, իսկ դա կրթահամալիրի համար մեծ ձեռքբերում է, երբ իր սաները դպրոցն ավարտելուց հետո ապահոված են լինում աշխատանքով:

 

Անժելա Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել