ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՊԱԳԱՆ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՊԱԳԱՆ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1175

Սալբի Քելեշյանի և Հակոբ Մոմջիանի ընտանիքը Հայաստան է տեղափոխվել Սիրիայից յոթ տարի առաջ: Հաղթահարելով նոր միջավայրում ինտեգրման բազմաթիվ խնդիրները, նրանք շարունակում են բնակվել հայրենիքում. աշխատում են, ստեղծագործում: Սիրիահայ այս ընտանիքին հանդիպած դժվարությունների, ստեղծած աշխատանքի մասին զրուցել ենք Սալբի Քելեշյանի հետ:

-Ե՞րբ Սիրիայից տեղափոխվեցիք Հայաստան:

-Հայաստան տեղափոխվեցինք յոթ տարի առաջ՝ 2012 թվականի սեպտեմբերին: Եկել էինք Հայաստան պարզապես շրջելու, ժամանակ անցկացնելու համար: Սակայն, երբ այստեղ էինք, Սիրիայում իրավիճակը վատացավ, չկարողացանք հետ վերադառնալ: Դուստրերիս հետ միասին էինք եկել Հայաստան: Երեք աղջիկ ունեմ, որոնցից երկուսն արդեն ամուսնացած են: Երրորդ աղջիկս էլ արդեն ավարտեց համալսարանը Հայաստանում

-Ինչո՞վ եք զբաղվում հայրենիքում:

-Մոտ երկու տարի է, ինչ սկսել եմ  նկարել: Դեռ մանկուց սիրել եմ նկարչությամբ զբաղվել, սակայն երբեք չեմ նկարել: Նկարելու երազս իրականություն դարձրի հայրենիքում: Հիմնականում պատկերների մեջ կարելի է հանդիպել հայրենասիրական, պատերազմի և խաղաղության թեմաներին: Կան նաև բնապատկերներ: Աշխատում եմ, որ գերիշխեն վառ երանգները: Անգամ կտավների կաղապարները հատուկ չափերով ենք պատվիրում, ոչ ստանդարտ: Կտավները առօրյայում չեմ վաճառում: Մասնակցում եմ ցուցադրությունների և նման միջոցառումների ընթացքում ներկայացնում եմ մարդկանց դատին աշխատանքներս:

-Օրերս Երևանում տեղի ունեցավ Սիրիահայ մշակույթին նվիրված ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էիք: Ի՞նչ տպավորություններ ունեք:

-Բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 16-ին, մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցավ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը` նվիրված Երևանի 2800-ամյակին: Սիրով մասնակցեցի, ներկայացրի մեր աշխատանքները: Ցուցահանդես-տոնավաճառը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել» ծրագրի շրջանակում կազմակերպվել է ՀՀ Սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, «Հայկական Կարիտաս», «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ների կողմից՝ «Կարիտաս Ավստրիայի» և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հայաստանում հոգեպես ավելի ուրախ ենք: Ցուցահանդեսները շատ կարևոր են և՛ գովազդի առումով, և՛ իմ ապրումները, զգացողություններն ու նկարները ներկայացնելու տեսանկյունից:

Առաջարկ եմ ստացել նաև կազմակերպել անհատական ցուցահանդես: Առայժմ մտածում եմ այդ ուղղությամբ….

-Ցուցահանդեսին ներկայացնում էիք նաև արծաթյա զարդեր…

-Այո: Հայրենիքում ընտանիքով ստեղծագործելու միջոցով ենք ապրուստ վաստակում: Ամուսինս՝ Հակոբ Մոմջիանը, արծաթագործ է: Նա Հալեպում զվաղվում էր ոսկերչությամբ: Ինքնատիպ աշխատանքներ է ներկայացնում արծաթից, որոնք պատրաստել է մուրճի հարվածներով: Չափազանց բարդ աշխատանք է, մուրճի յուրաքանչյուր  հարված խիստ հաշվարկված է: Ուրախ եմ, որ ընտանիքս ապրում ու ստեղծագործում է հայրենիքում:

-Ի՞նչ խնդիրներ ունեք այսօր, որոնք դեռ լուծում չեն ստացել:

-Հիմա բնակվում ենք վարձով: Եթե միայն մի տուն ունենանք, ամեն ինչ լավ կլինի: Մենք նպատակ ունենք մնալ Հայաստանում և այստեղ ապրել: Բոլորը պետք է վերադառնան հայրնեիք: Առաջին երեք տարիները շատ դժվարություններ են հանդիպել մեզ: Դժվարությամբ ենք հաղթահարել այստեղ: Հիմա արդեն ամեն բան այլ է:

Հարցազրույցը՝ Միլենա Մկրտչյանի

3-րդ կուրս

Կիսվել