Նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ ապամոնտաժվեց Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում գտնվող շինությունը:
Իր որոշման մասին քաղաքապետը գրել էր նաև ֆեյսբուքյան իր էջում՝ գրառմանը կից տեղադրելով ապամոնտաժման տեսանյութը:
Շինության սեփականատերը «Անի-97» ընկերության տնօրեն Դավիթ Ահարոնյանն է: Շինության 1100 քառակուսի մետր տարածքից քաղաքապետարանը քանդեց 160 քառակուսի մետրը:
Այս առիթով սեփականատերը բողոք էր ներկայացրել դատարան:
Դավիթ Ահարոնյանը պնդում է, որ շենքը կառուցվել է իր սեփական տարածքում, և տարածքի որոշ մասն էլ դեռ չի էլ հասցրել օգտագործել:
«Իմ սեփական հողից 80 սմ էլ դեռ պակաս եմ սարքել»,-նշեց սեփականատերը:
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերդ Դարբինյանի խոսքով այդ տարածքը համայնքային սեփականություն է:
«Բոլոր գործողությունները օրինաչափ են, տվյալ անձինք սադրում են, հրահրում են, դրսևորում են ապօրինի վարքագիծ»,- նշեց Ռոբերտ Դարբինյանը:
Նոյեմբերի 17-ին շինարարները հավաքվեցին Գյուրջյան փողոցում և իրենց դժգոհությունը հայտնեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Սա ճիշտ Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սարեր»-ն ա. ոչխարը լողացնում էինք, իրանք չկային, ոչխարները խառնվեցին, իրանք չկային, հենց մորթեցինք, հելան եկան»,- նշեց շինարարներից մեկը:
Նորք համայնքի բնակիչներից մի քանիսը դեմ են ապօրինի շինարարությանը և ճիշտ համարեցին ապամոնտաժումը: Նրանց խոսքով՝ շինութունը կառուցել են շատ արագ, քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
Որոշ բնակիչներ էլ շենքի ապամոնտաժումը որակեցին վանդալիզմ, և իշխանության կողմից անթույլատրելի քայլ: Ըստ նրանց, քաղաքապետարանը գոնե պիտի ժամանակ տար սեփականատերերին և չքանդեր շինությունը:
Դավիթ Ահարոնյանի խոսքով, նա մի քանի անգամ դիմել է շինթույլտվության համար, սակայն մերժվել է:
Սեփականատերը որոշել էր կառուցվող շինությունը խանութ դարձնել և աշխատավայրեր տրամադրել բնակիչներին:
Շինարարներն ասում են ՝ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Սեփականատիրոջ հետ սպասում են դատարանի որոշմանը, եթե չթույլատրեն շարունակել շինարարական աշխատանքները, պատրաստ են ցույց կազմակերպել ըընդդեմ այդ որոշման:
Սոնա Գրիգորյան
3-րդ կուրս