Տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սամվել-Տեր Սահակյանը հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում (14 տարեկան) գրոսմայստեր դարձած շախմատիստն է։ Մեր հարցազրույցը Սամվելի գլխավոր տարերքի՝ շախմատի մասին է։
– Շախմատով սկսել ես զբաղվել 5 տարեկանից։ Հիշո՞ւմ ես ինչպես սկսվեց ամեն ինչ։
– Հայրս ինձ տարավ շախմատի: Նա շախմատի մեծ սիրահար է, և երևի թե դա էր պատճառը, որ ծնողներս որոշեցին շախմատի խմբակ տանել ինձ։ Ես ոչ մի բան չգիտեի շախմատի մասին,երբ առաջին անգամ գնացի շախմատի, բարդ էր, բայց դեռ փոքր տարիքում մարզիչս նկատեց իմ մեջ ներուժ, տեսավ որ ունեմ մեծ ցանկություն պարապելու, սովորելու, խաղալու: Նա խորհուրդ տվեց ծնողներիս, որ արժե ժամանակ և ռեսուրսներ ծախսել այս երեխայի վրա: Ու այդպես հետագա ճակատագիրս ամբողջովին կապվեց շախմատի հետ: Հիմա չեմ ափսոսում, որ ընտրել եմ հենց այդ ճանապարհը:
– Որո՞նք էին առաջին հաջողությունները։
– Դեռ 9 տարեկանում դարձա Եվրոպայի մինչև 10 տարեկանների չեմպիոն, ու ամեն ինչ ավելի լուրջ դարձավ: 2007թ.-ին 14 տարեկան հասակում դարձել եմ տղամարդկանց ՀՀ 67-րդ առաջնության բրոնզե մեդալակիր: 2009թ.-ի հունվարի 1-ին էլ պաշտոնապես ՖԻԴԵ-ն ինձ գրոսմայստերի կոչում է շնորհել:
– Ի՞նչ է շախմատը քեզ համար։
– Ամենահետաքրիր ու հավեսով բանը աշխարհում:Բացի մարդկային բոլոր տեսակի զգացումներից, շախմատիստները ունեն շախմատի պարտիա հաղթելու զգացողությունը, որը ոչ մի բանի հետ համեմատելի չէ:
– Շախմատը քեզ համար ավելի շատ հոբբի՞ է, թե՞ մասնագիտություն։
– Մասնագիտություն։
– Բազմաթիվ հաղթանակներից բացի լինում են նաև անհաջողություններ։ Պարտություններդ ծա՞նր ես տանում։
– Պարտություններից հնարավոր չէ խուսափել, կարդացել եմ և կարդում եմ տարբեր հայտնի մարզիկների և հաջողակ մարդկանց ինքնակենսագրությունները, որոնցից փորձում եմ հետևություններ անել ինձ համար՝ օգտագործելով իմ կյանքում և շախմատում: Իհարկե, արդարության համար պետք է ասել, որ ծանր է, մանավանդ որ հասարակ կերպ ես վրիպում, բայց փորձում եմ արագ հետ գալ իրական կյանք ու նորից լինել մարտունակ: Աշխատելու, կատարելագործվելու, ավելացնելու տեղ միշտ էլ կա:
– Ո՞րն է եղել քո ամենատպավորիչ խաղը։
– Մի քանիսը կնշեմ: 2018թ․ ապրիլի 7-ին Ամերիկայում ինտերնտային մատչ ունեինք, որտեղ մինչև իմ պարտիայի ավարտը հաշիվը հավասար էր՝ 7,5-7,5 (թիմային մրցաշար էր), ու կարողացա հաղթել, և մեր թիմը հաղթեց։ Դա կիսաեզրափակիչ փուլն էր, հետո էլ եզրափակիչում էլ հաղթեցինք նաև չինացիներին: Տպավորիչ էր նաև այն խաղս, երբ մինչև 10 տարեկանների ՀՀ չեմպիոն դարձա, որի համար 50 հազար դրամ պարգևավճար ստացա: Այդ ժամանակ դեռ շատ փոքր էի և գումարը հանձնեցի ծնողներիս:
– Դեկտեմբերի 25-ից Իտալիայում և Վենետիկում մրցումների ես. ի՞նչ ակնկալիքներ ունես։
– Հիմա պատրաստվելու պարապմունքային շրջան է, հույս ունեմ հաջող հանդես գալ,կփորձեմ ցույց տալ լավագույն որակներս։
– Ինչո՞վ ես զբաղվում շախմատից դուրս։
– Սիրում եմ կարդալ, նայել ֆիլմեր, խաղալ սեղանի թենիս և անշուշտ, երկրպագել ֆուտբոլ: Իսպանիայի առաջնության երկրպագու եմ, առանձնակի հետաքրքրությամբ եմ հետևում «Ռեալի» և «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումներին և հատկապես էլ կլասսիկոյի մրցավեճերին: Սիրում եմ հատկապես «Բարսելոնայի» և նրա առաջատար Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղը:
-Եթե ոչ շախմատ, ապա՝ ի՞նչ։
-Պոլիգլոտ…միանշանակ:
Հարցազրույցը` Կարինե Ավետիսյանի
2-րդ կուրս