Ժողովուրդն ասում է. «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»։ Իսկ որքանո՞վ են հայերը տիրապետում օտար լեզուներին, և ի՞նչ օտար լեզուներ են դասավանդվում մեր բուհերում…
Վերջերս համալսարանական կայքում հայտնվեց մի հայտարարություն. «ԵՊՀ (Երևանի պետական համալսարան) ռոմանական բանասիրության ամբիոնը կազմակերպում է պորտուգալերենի A1-A2 մակարդակի դասընթացներ»։ Հետաքրքիր էր` ի՞նչ ձևաչափով են անցկացվելու դասընթացները և ի՞նչ նպատակով։ Որպեսզի հարցերս չմնային անպատասխան, որոշեցի զրուցել ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի հետ։ Տիկին Բաղդասարյանը ասաց, որ դասընթացների հիմնական նպատակն է խթանել պորտուգալերենի ուսուցումը մեր երկրում։ Նման հեռահար նպատակ վաղուց են ունեցել և նույնիսկ մեծ ջանքերի շնորհիվ երկու մասնագետ պատրաստել, ովքեր եղել են ֆակուլտետի նախկին ուսանողները։ Նրանք Erasmus+ ծրագրով երկու անգամ եղել են Պորտուգալիայի լավագույն համալսարաններում` ամեն անգամ 6-ամսյա ժամկետով։ Սկզբում նրանք այնտեղ անցել են խորացված դասընթացներ և վերադարձել B1 մակարդակի վկայագրով։ Երկրորդ անգամ, երբ մեկնել են Պորտուգալիա, հաղթահարել են B2 և C1 մակարդակները և վերադարձել պորտուգալերենի իմացության C1 վկայագրով։ Տիկին Բաղդասարյանը հավելեց. «Այն մեզ համար ոչ միայն մեծ ձեռքբերում էր, այլ նաև հպարտություն»։
Զրույցից պարզ դարձավ, որ ամբիոնը կապեր է հաստատել պորտուգալական տարբեր համալսարանների դասախոսների և մասնագետների հետ։ Վերջիններիս հետ մասնագիտական տարբեր հարցերի պարզաբանումից հետո տրվեց հայտարարություն. ցավոք սրտի, խումբը չձևավորվեց։
Տիկին Բաղդասարյանի խոսքով, խմբի չձևավորման պատճառ կարող է լինել ձմեռային մոտակա քննաշրջանը. «Հայտարարությունը դեռ շարունակում է մնալ, բայց եթե խումբը չձևավորվի, ապա կփորձենք նաև ամռանը»։
Զրույցի ավարտին ամբիոնի վարիչը նշեց, որ ձեռք են բերել պորտուգալերենի բավականին հարուստ գրականություն` դասագրքեր, բառարաններ, հանրագիտարաններ, գեղարվեստական գրականություն. «Կան մասնագետները, կա մասնագիտական գրականությունը, կան վստահելի կապեր Պորտուգալիայի հետ։ Այսինքն, մենք բոլոր պայմանները ստեղծել ենք պորտուգալերենի նախնական ուսուցման համար։ Իհարկե, կա նաև Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը, կա հետաքրքրություն պորտուգալախոս երկրների մշակույթի նկատմամբ, աճում են մեր երկրի կապերը պորտուգալախոս երկրների հետ: Սակայն զարմանում եմ, թե ինչու՞ ծրագիրը չիրագործվեց, նամանավանդ, որ ներկայումս մեր հանրապետության ոչ մի բուհում պորտուգալերեն չի դասավանդվում»:
Նաիրա Կարապետյան
4-րդ կուրս