ՍԻՍԻԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ

1584

Դեպի Սիսիան զբոսաշրջիկների հոսքը ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել և´ աշխարհագրական, և´ մարդկային ռեսուրսները։ Այս տարածաշրջանում ևս տուրիզմի զարգացման համար կան հեռանկարներ և խոչընդոտներ: Սիսիանում գործող «Բասեն» հյուրանոցային համալիրի տնօրեն Հասմիկ Ազոյանը, պատմում է տարածաշրջանում տուրիզմի զարգացման համար իրականացված աշխատանքների մասին, որոնցում կարևորությամբ առանձնանում է հատկապես Ուխտասար հնավայրի ժայռապատկերների դերը։

-Ի՞նչպես եք թիրախավորում Սիսիանում զբոսաշրջության զարգացումը:

-Դեռ սովետական տարիներից Սիսիանը իր տարածքային առումով Հայաստանի ամենամեծ շրջանն է եղել և իր համայնքների առումով` ևս:  Ունենք 34 գյուղական և 2 քաղաքային համակարգ, հիմա խոշորացված են:

Ժամանակ առ ժամանակ տարբեր տուրեր ենք կազմակերպում: Արդեն ութ տարի է, ինչ  «Բազեն» հյուրանոցային համալիրում աշխատում եմ որպես տնօրեն: Շատ ենք կարևորում ժայռապատկերների դերը Սիսիանի տարածաշրջանում տուրիզմի զարգացման համար: Դեռևս 2011 թվականին մեր նախաձեռնությամբ հրավիրել ենք տուրօպերատորների, ծանոթացրել ժայռապատկերներին, կազմակերպել ենք տուրեր, ներգրավել փաթեթներում նաև Ուխտասարի ուղղությունը: Ծանոթացրել  ենք Սիսիանի հյուրերին ժայռապատկերների պատմությունը: Արդյունքում շարժն էլ ավելի ակտիվացել է, մեծացել է հետաքրքրությունը:

Դրան նպաստեց նաև 2012 թվականից սկսած հայ-գերմանական հնագիտական արշավներն ու հետազոտական աշխատանքների մեկնարկը, որը տևեց մոտ 3 տարի և մինչ այսօր դեռ վերջնականապես չի ավարտվել: Նպատակը այն է, որ  Բեռլինի Հալեյի համալսարանի հնագիտական բաժնից պարոն Մյուլլեռի ղեկավարությամբ արշավախումբը Հայաստանի մասնագետների հետ համատեղ փորձեն գրանցել Սյունիքի բարձրավանդակում գոյություն ունեցող ժայռապատկերները:

-Նախկինում ուսումնասիրվե՞լ էին Ուխտասարի տարածքի ժայռապատկերները:

-Մինչ նրանց աշխատանքների մեկնարկը Սյունիքում հիմնականում ուսումնասիրվում էին Ուխտասարի լճի շրջակայքում գտնվող քարերի վրայի պատկերները, որոնց թիվը հասնում է մոտ 800 000-ի: Սակայն  հայ-գերմանական խումբը սկսեց աշխատանքները հենց բարձրավանդակի ավելի ցածր գոտիականությամբ տարածքում՝ 3000 մետրի վրա, որտեղ այդ երեք տարիների ընթացքում առձանագրվել են 7500 գտնված քար, մոտ 11 000 պատկերով, ինչը բավականին հսկա ժառանգություն է: Ծրագրի նպատակը եղել է և կա ժայռապատկերների հանրահռչակումը, որպես համաշխարհային մշակույթի ժառանգություն: Ցանկանում են տարածքը դարձնել  ՅՈՒՆԵՍԿՕ –ի ժառանգություն:

-Հետազոտությունների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են արդյոք հնագետներին կամ հետաքրքրվող այլ անձանց:

-Արդեն լույս է տեսել 3 գիրք՝ գերմաներենով: Գրքերում արծարծված են իրենց արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունքները: Ներկայացված են համապատասխան նկարներով, ժամանակագրությամբ: Իրենց խումբը համապարփակ աշխատող խումբ է, որը բաղկացած է ոչ միայն հնագետներից: Խմբում կան հրաբխագետներ, երկրաբաններ, քանի որ տարածքը իրենք քննարկում են ոչ միայն արվեստի կամ մշակույթի տեսանկյունից, այլև որպես կենդանի օրգանիզմ՝ եթե դա հրաբխային ծագում ունեցող բարձրավանդակ է, ապա պետք է ճշտվի հրաբխների ժամանակագրությունը, նրա հետևանքը տեղի և բնակչության վրա: Ինքս էլ մեծ հետաքրքրությամ եմ մասնակցել աշխատանքներին և ստացել եմ դաշտային մեծ գիտելիքներ:

-Գործնականում ինչպե՞ս այդ տեղեկությունները օգտագործեցիք տարածաշրջանում տուրիզմի զարգացման համար:

-Օգտագործելով այդ գիտելիքները՝ սկսեցինք կազմակերպել տուրեր դեպի Ուխտասարի ժայռապատկերներ: Նոր ուղղություն էր: Մինչ այդ տուրօպերատորները չէին եղել այդտեղ: Մեզ աջակցեց նաև «Իմ Հայաստան» ծրագիրը: Այս տարի ես մասնակցել եմ այդ ծրագրին որպես շահառու երկու ծրագրով, որոնցից մեկի շնորհիվ վերապատրաստվել եմ որպես ուղեկցող: Սիսիանի հատվածում չկան զբոսավարներ: Անհրաժեշտ է մարդկանց ներգրավում: Ստացածս գիտելիքները ինձ օգնեցին. կազմակերպեցինք վերապատրաստման դասընթացներ: Ընտրեցի այն մարդկանց, որոնք կարող են ինձ փոխարինել: Այս տարի ունեցել ենք 15 տոկոս աճ Ոխտասարի տուրերի վաճառքում, սպասարկել ենք մոտ 1000 հոգու:

Երբ գալիս են մարդիկ, որոնք այս շուկայում բավական երկար աշխատանք են արել, քեզ տրամադրում են այնպիսի հնարավորություններ, որոնց միջոցով քո աշխատանքը ավելի հեշտանում է: Դու արդեն նայում ես քո աշխատանքին բիզնեսի տեսանկյունից, կարողանում ես ավելի մեծ շահույթ ապահովել, ինչն ավելի լավ է ինչպես մեր, այնպես էլ ողջ Հայաստանի համար:

-Ի՞նչ խնդիրների եք հանդիպել, որոնք մինչ այժմ լուծում չեն ստացել:

-Ամենամեծ խնդիրներից է ճանապարհների ոչ լավ վիճակը: Այս հարցը մտահոգում է յուրաքանչյուրին, սակայն մեր իրավասիություններից դուրս է: Մենք այդ մասին միայն բարձրաձայնում ենք, զգուշացնում, բայց միշտ չէ, որ պատշաճ պատասխան ենք ստանում: Տրանսպորտի նախարարը ասել է, որ անդրադառնալու են Սիսիան-Քաջարան ճանապարհին, հուսանք, որ այդ շրջանակներում ճանապարհի այդ հատվածը ևս կկարգավորվի:

-Սիսանում կա՞ն պայմաններ ձմեռային ակտիվ ժամանցի համար:

-Ձմեռվա համար լավ պայմաններ ունենք դահուկային սպորտի զարգացման համար: Սահելու  համար ուղիներ չունենք, ինչն էլ ավելի ուշագրավ է դառձնում մեր սարերը վայրի և ակտիվ ժամանցի տեսնակյունից: Ըստ զբոսաշրջիկների՝ իրենք փախչում են Ալպերից, որպեսզի իրենք առաջինը քշեն նոր եկած ձյան վրա և այդ հաճույքը ստանան, ինչը Ալպերում, անգամ գիշերվա ժամը 3-ին նոր եկած ձյան ժամանակ բացակայում է: Շատերը ցանկանում են վայրի դահուկորդությամբ զբաղվել, ինչն էլ անում են այստեղ: Սյունիքի բարձրավանդակի երկրորդ ամենաբարձր գագաթը՝ Իշխանասարը, 3550 մետր բարձրություն ունի, հրաբուխ է և բավականին լավ թեքություն ունի: Ձմռանը ունենում ենք հատուկ խմբեր, որ գալիս են զուտ Իշխանասարը բարձրանալու և սահելու համար՝ Ավստրիայից, Գերմանիայից, Հորդանանից: Սակայն դեռ հոսքը շատ քիչ է՝ ամռան համեմատ մոտ 5 անգամ պակաս: Օրինակ՝ հունիսին ռուս զբոսաշրջիկների հետ ենք ակտիվ աշխատել: Ունենք ջիպային տուրեր ռուսական ՈՒԱԶ մեքենաներով: Տեղացի վարորդներն են ուղեկցում, ապահովվում են նաև աշխատանքով: Միաժամանակ սպասարկում ենք երբեմն 40 հոգանոց խմբերի:

Հարցազրույցը` Միլենա Մկրտչյանի

3-րդ կուրս

Կիսվել