ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿԻ ՌԻԹՄԸ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿԻ ՌԻԹՄԸ

1148

Ժամանակն ունի իր օրենքները. այն իր հետ բերում է նորը՝ երբեմն հիացնելով, երբեմն հիասթափեցնելով մեզ։ Գրականությունն ու արվեստը ևս բացառություն չեն։ Անահիտ Անտոնյան-Մարգարյանը, ով Վերջերս Հայաստանի գրոողների միությունում կայանալիք Լևոն Անանյանի անվան «Մուտք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում զբաղեցրեց առաջին հորիզոնականը (արձակ անվանակարգում) , կարծում է, որ գրականությունն ազատագրման ամենաբաց ու անվտանգ ոլորտն է։

-Քանի՞ տարեկանից եք ստեղծագործում:

-Արվեստն իր մեջ կրող մարդը կդժվարանա հստակ որևէ տարիք նշել, քանի որ ստեղծագործելը քո տեսակի, էության, կյանքի զգացողության գրավոր արտացոլումն է (գրականության դեպքում): Այնպես չէ, որ մի օր արթնանում ու հասկանում ես, որ ինչ-որ պատահականորեն գրելու տաղանդ ես ձեռք բերել: Մինչ գրավոր արտահայտման փուլին անցնելը, մտավոր մակարդակում պրոցեսն արդեն ընթանում է: Այդ իմաստով գրողին միայնությունը օգնում է: Երբ պատկերներն արդեն չափազանց հասունացել են ուղեղիդ մեջ ու դուրս մղման կարիք ունեն, փրկության է գալիս գիրը: 

Ինչի՞ մասին եք գրում :

– Գրականությունը կյանքի ընտրության հնարավորություն է: Իրականում սխալվելուց վախենում ենք, իսկ գրականության մեջ ազատ ես, չես վախենում ապրել, սիրել, մահանալ քո հերոսների հետ, կամ նրանց փոխարեն՝ այդ տիրույթում:  Գրում եմ մարդկանց մասին, ովքեր ուզում են հասկացված լինել, մարդկանց մասին, ովքեր շատ հաճախ վախենում են միայն իրենցից: Քաղքենի փայլերի մեջ թաքնված մեր ցեխոտ իրականության մասին և ազատագրման մասին եմ գրում:

-Ունենու՞մ եք արդյոք ստեղծագործական  ճգնաժամեր:

-Լինում են, բայց դրանք կանվանեի խմորման փուլեր, ամենացավոտ շրջաններն են արվեստագետի համար: Ամեն դեպքում ամեն գրող իր փորձառությունն է կիսում, իսկ փորձառությունը կյանքը քո միջով անցկացնելն է: Առանց այս խմորման փուլերի ամփոփման առաջ անցնել չի լինում: Հետևաբար, դրանք երևի ամենաէական շրջաներն են, որոնց արդյունքն է միայն հաճելի:

-Ի՞նչ եք կարծում, մասնագիտությունը կարո՞ղ է անդրադառնալ ստեղծագործական մտքի վրա:

-Եթե լինեի, ասենք, մեխանիկ, դեղագործ կամ ֆիզիկոս, ավելի զգալի կլիներ  ծայրահեղությունների  (գրականությունից հեռու մասնագիտության և գրականության)  համադրության ազդեցությունը:  Բանասեր եմ, իսպանական գրականությունն իր անդրադարձը, կարծում եմ, անուղղակիորեն ունի:
Ստեղծագործություն, որը յուրաքանչյուր ընթերցասեր պետք է կարդա` «Կունի Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գիրքը: Հավատացե՛ք, մարդկային թուլություններն ու թաքնված ձգտումներն ավելի լավ դեռ որևէ այլ գրքում չեն պատկերվել:

-Ձեր կյանքում ի՞նչ դեր ունեն մրցույթներն ու մրցանակները:

– Դրանք էգոդ շոյելու կարևոր նշանակություն ունեն. մերօրյա մրցավազքում, կարծում եմ, առանձնահատուկ կարևոր են: Էլի ինչ-որ մի բան ամփոփելու տեսանկյունից՝ կարևոր են:

-Ի՞նչ խորհուրդ կտաք գրամոլների այս ստվար զանգվածին:

– Գրական նիհիլիզմը մոդայիկ դարձավ վերջերս, այն լավ խորհրդատու չէ: Դատավորի դեր չեմ ստանձնի, բայց և խորհուրդ կտամ այնքան կարդան, որ հասկանան իրենց գրածի և գեղարվեստական արժեքների միջև եղած տարբերությունը:

-Ի՞նչն է այսօր խանգարում գրողին:

-Թեմատիկ մեկուսացվածությունը հաճախ լճացման է տանում: Գրողներ ունենք, ովքեր հաջողեցին կոնկրետ թեմայի ընտրությամբ, ինչ-որ ստանդարտ ձևավորեցին, բայց դրանով իսկ չհաղթահարեցին թեման, հիմա տեղում դոփում են: Եվ առհասարակ, մեկուսացման, եսակենտրոնության չափաբաժնի հետ պետք է զգույշ վարվել, այն խանգարում է:

Հարցազրույցը` Հայկ Գևորգյանի

4-րդ կուրս

Կիսվել