ԿԵՆԴԱՆԻ ԳՆԵԼԸ`ՓՈՂՈՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԳՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՁԵՎՆ Է

ԿԵՆԴԱՆԻ ԳՆԵԼԸ`ՓՈՂՈՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԳՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՁԵՎՆ Է

1635

Ընտելացած տնային կենդանիները մարդկանց ամենահավատարիմ և նվիրված ընկերներն են։ Նրանք հաճախ հաճելի են դարձնում մարդկանց  ժամանցը։

Սակայն, կան մարդիկ, որոնք յուրահատուկ ձևով են սիրում կենդանիներին և  նրանց համար կենդանիները ավելի մեծ նշանակություն ունեն։ Մեր զրուցակիցը`Աննա Պետրոսյանը նրանցից մեկն է։

Սերը կենդանիների նկատմամբ մանկու՞ց է։

-Կարող եմ  ասել`այո, քանի որ ես մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ միշտ կենդանիներ եղել են , և իմ շփումը  կենդանիների հետ դեռ մանկուց  շատ է եղել։ Մենք պահել ենք տարբեր  կենդանիներ։ Ես դեռ մանկուց ինչքան  շուն, կատու տեսնեի, պետք է անպայման նրանց  տուն բերեի, քանի որ կարծում էի, որ նրանցից յուրաքանչյուրն ունի խնամքի և սիրո կարիք։ Կարող եմ ասել, որ մինչև օրս ինձ մոտ ոչինչ չի փոխվել և մինչև հիմա էլ կենդանիների հանդեպ յուրահատուկ սեր ունեմ։ Նրանք երկիր մոլորակի  այն միակ արարածներն են, որոնց հանդեպ իմ սերն անսահման է, և կարծում եմ, որ յուրաքանչյուրս էլ պետք է սիրենք կենդանիներին, քանի որ նրանք մեր բնությունն են։

-Ո՞ր կենդանիներին կառանձնացնեք։

-Ես բոլոր կենդանիներին էլ սիրում եմ, չկա այնպիսի կենդանատեսակ, որ չսիրեմ, սակայն կառանձնացնեմ շներին, քանի որ ես  ինձ բնավորությամբ շատ եմ նմանեցնում այդ կենդանուն`  թե՛ հավատարմությամբ, թե՛ նվիրվածությամբ, և շներն ինձ համար յուրահատուկ անկեղծության սիմվոլ են։

Ի՞նչու են մարդիկ  կենդանիներ պահում։

-Ես  կենդանիներ պահել եմ, ունեցել եմ և՛ շներ, և՛ կատուներ, և՛ գերմանամկներ, այլ տեսակի կենդանիներ ևս պահել եմ։ Իհարկե, կյանքդ լրիվ փոխվում է, երբ տանն ունես ընտանի կենդանի, քանի որ նրանց ներկայությունից դու դառնում ես ավելի հանգիստ, նրանք քեզ օգնում են ազատվել ամեն տեսակ սթրեսներից, նաև շատ կողմ եմ, երբ փոքր երեխայի հետ տանը կենդանի են պահում, քանի որ երեխան  դեռ այդ տարիքից սկսում է ավելի ուշադիր, ավելի բարի և ընկերասեր լինել։

-Հայաստանում կենդանիների իրավունքներին առնչվող ի՞նչ խնդիրներ կան։ Ինչպե՞ս լուծել թափառական կենդանիների հարցը։

-Հայաստանում ոչ բարվոք վիճակում է  թափառական կենդանիների հարցը։ Դեռ նախկին իշխանությունների օրոք  կենդանասերները բազմիցս բողոքի ակցիա և ցույցեր են արել` ընդդեմ թափառական շների սպանդի, և այդ հարցը ոչ մի լուծում չի ստացել, քանի որ Հայաստանը  մյուս պետությունների համեմատությամբ  չունի այնպիսի օրենք, որը կազդի բոլոր այն մարդկանց վրա, ովքեր կփորձեն վնասել թափառող շներին և առհասարակ կենդանիներին։ Հայաստանում այնքան էլ լուրջ չեն վերաբերվում կենդանիներին, և  դեռ  գիտակցության այն մակարդակին չեն, որ կենդանիները մեր բնությունն են, ու առանց նրանց կյանքը գոյություն ունենալ չի կարող։ Դրա հետ մեկտեղ շարունակվում է թափառական շների սպանդը, որը պետք է օրենքով արգելվի։

Օրեր առաջ կենդանաբանական այգում  կենդանասերները բողոքի ակցիա էին իրականացնում ` պահանջելով տնօրենի հրաժարականը, դուք նույնպես ներկա էիք։ Ի՞նչն էր Ձեզ մտահոգում։

-Ինձ, ինչպես բոլոր կենդանասերներին, հետաքրքրում էր կենդանիների հարցը։ Պատահականություն չէ, որ այդպիսի կարճ ժամանակում այդքան կենդանիներ անհայտ պատճառներով սկսեցին սատկել Կենդանաբանական այգում։ Դեռ պարզ չէ պատճառը, հայտնի չեն մեղավորները, սակայն կարծում եմ՝ մեր կենդանաբանական այգին չունի հատուկ այնպիսի հսկողություն, որը պետք է ունենա այդպիսի լուրջ կազմակերպությունը։

-Դուք «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության կամավոր անդամ եք, ի՞նչ գործունեություն է ծավալում «Դինգո թիմ»-ը։

-«Դինգո թիմ»-ը զբաղվում է թափառական շների կեցությամբ։ Այն մեծ կացարան է, որտեղ թափառական վիրավոր շները ստանում են իրենց փոքրիկ տանիքը։ «Դինգո»-ն ունի 80-ից ավելի շուն, այն ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կենդանիների պաշտպանությունն է։ «Դինգո»-ն բազմիցս փորձել է բողոքի ցույցերով  պայքարել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ։ Կարող եմ ասել, որ այն շատ ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում և  Հայաստանում գործող  եզակի կազմակերպություններից է, որը  ջանք ու եռանդ չի խնայում կենդանիներին պաշտպանելու։

– Նախկին իշխանության օրոք թափառող կենդանիների հարցը չլուծվեց։ Ինչ՞ ակնկալիքներ ունեք նոր կառավարությունից։

-Այո, կենդանասերները դեռ նախկին իշխանության օրոք  բողոքի շատ ակցիաներ արեցին։ Անձամբ դիմել եմ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին` լուծելու  այդ խնդիրը, սակայն մեր նամակները մնացին անպատասխան։ Ես մեծ հույս ունեմ, որ ներկայիս իշխանությունները քայլեր կձեռնարկեն այդ խնդիրը լուծելու համար։ Մեր հարևան պետություններում՝ Ադրբեջանում, Վրաստանում շատ բարձր մակարդակի վրա է գտնվում թե՛ կենդանիների ստերջացման, թե՛ պաշտպանության հարցը։

-Ինչպե՞ս արթնացնել մարդկանց սերը կենդանիների հանդեպ։

-Մարդիկ պետք է հնարավորինս ուշադիր և հոգատար լինեն կենդանիների հանդեպ, որովհետև նրանք էլ ունեն ապրելու իրավունք, մենք պարզապես չունենք իրավունք նրանց կյանքը խլելու, քանի որ կյանքը մեզանից յուրաքանչյուրին մեկ անգամ է տրվում Աստծո կողմից։ Եթե մարդիկ փորձեն սիրել կենդանիներին, ապա տասնապատիկ անգամ  նրանց կողմից սեր կստանան։

Հարցազրույցը` Սառա Ցականյանի

2-րդ կուրս

Կիսվել