Մինչև պատմության ընթացքում տեղի ունեցած պատերազմները ուսումնասիրելը, աշակերտները սովորում են՝ ինչպես պատերազմ մղել տախտակին: 8
տարի առաջ Հայաստանի դպրոցներ մտավ նոր առարկա՝ շախմատը: Մեր հարցմանը մասնակցած երեխաները մեծամասամբ սիրում են այս առարկան. «Հա,
սիրում եմ: Տունը պապայի ու պապիկի հետ խաղում եմ, իրանք են ինձ սովորացրել»: Տղաներից մի քանիսին այնքան էլ հետաքրքիր չէ, և նրանք ուզում են, որ այն չլինի իրենց դասացուցակում։ «Երեխեքը շուխուր են անում, ու բան չի լսվում, դրա համար չեմ սիրում»,-ասում է
2-րդ դասարանի մի աղջնակ: Մեր հարցմանը մասնակցած 2-րդ և 3-րդ դասարանների աշակերտների ծնողները նունպես կողմ են առարկայի՝ դպրոցներում դասավանդելուն, իսկ 4-րդ դասարանի աշակերտների ծնողները փաստում են, որ բարդ են թեմաները. «Դժվարացել է, ու մարդ կա՝ չգիտի շախմատ ու չի կարողանում օգնի իր երեխային, ու երեխան ցածր ա ստանում»: Խոսեցինք Շահումյան դպրոցի
շախմատի ուսուցիչ Հակոբյանի հետ: Նրա խոսքով՝ դժվարությունը գալիս է նրանից, որ երեխաները
ուշադիր չեն լինում դասերին և 2-րդ դասարանից լավ չեն սովորում առարկան: «2-րդ դասարանում
քայլերն են սովորում, հետո 3,4-ում արդեն բարդանում է։ 3 տարին բավական ա: Եթե դպրոցում
շախմատի խմբակ կա, կարող են շարունակել սովորել. գիրք կա 5-ից բարձր դասարանցիների
համար»:
Ովքեր են դասավանդում շախմատ
Շախմատի
ուսուցիչ դառնալու համար պետք է քննություն հանձնել. «Սկզբում ստուգում են ընդհանուր
գիտելիքները։ Հետո 3 օր սեմինար պարապմունքներ են անցկացվում ու քննություններ են հանձնում
շախմատ և մանկավարժական հոգեբանություն առարկաներից: Պետք է առնվազն 12 միավոր հավաքեն,
որ սերտիֆիկատ ստանան ու կարողանան աշխատել:Ու պետք է ունենան շախմատի առաջին կարգ»-
ասում է ուսուցիչ Հակոբյանը:
Նա նաև պարզաբանեց՝ ինչու են այսքան ցածր դասարաններում ուսումնասիրում այս առարկան.
«Շախմատի մասնագետները և շախմատի ակադեմիայի հետ համագործակցող մանկավարժ-հոգեբանները
փաստում են, որ այս առարկան երեխաները լավ ընկալում են հենց 6 տարեկանից, ու շախմատի
դպրոց էլ ընդունվում են 6 տարեկանից։ Դժվար է աշխատել այս տարիքի երեխաների հետ: Իրենք
ինքնահսկողություն չունեն. դե չեն հսկում իրենց վարքը: Ճիշտ ա, որ դասվարները դասավանդեն
շախմատ: Դրա համար հիմա Մանկավարժական համալսարանում պարոն Միսակյանը ապագա դասվարներին
սովորեցնում ա շախմատ: Արդեն կան մասնագետներ, որ քննություն են հանձնել ու դասավանդում
են: Կարգապահությունը կարևոր ա, որ լուռ լսեն, հասկանան»:
Ուսուցիչը շեշտեց, որ շախմատի դասավանդումը շատ է օգնելու երեխաներին ապագայում. «Զարգացնում ա տրամաբանությունը ու օգնում ա, որ երեխաները մաթեմատիկա լավ սովորեն: Նաև կյանքում է պետք, որ ամեն քայլ անելուց առաջ մտածեն»:
Արմավիրի շախմատի դպրոցի տնօրեն Արմեն Գալոյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ դպրոցներում առարկայի դասավանդելը նպաստել է երեխաների հետաքրքրության մեծացմանը այս սպորտաձևի նկատմամբ. «Այո՛, մեծացել է հետաքրքրությունը, քանի որ ավելի շատ երեխաներ են տեղյակ այս սպորտաձևից»: Ընդ որում՝ տղաներին ավելի շատ է հետաքրքրում այս սպորտաձևը. «Որովհետև աղջիկները ավելի շատ այլ բնագավաներով են հետաքրքրվում: Իրականում տղաները ավելի խելացի են»:
Դպրոցում առարկայի առկայությունը նաև երբեմն որոշում է երեխաների ապագան. «Եթե լավ են սովորում, ասում ենք ծնողներին, որ երեխան լավ շախմատային ապագա ունի, ու տանում են մասնագիտացված դպրոց: Հիմա մենք ունենք շատ երտասարդ գրոսմատերներ՝ 16,17 տարեկան »-ասաց Հակոբյանը:
Մարիամ Նազարյան
2-րդ կուրս