Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հանդիպեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների
հետ, ներկայացրեց գիտակրթական ոլորտում
լուսաբանում կատարելու առանձնահատկությունները և անդրադարձավ կրթության ներկա մարտահրավերներին:
«Ժուռնալիստի վարպետություն» առարկայի շրջանակում կազմակերպված հանդիպման ընթացքում
մի խումբ ուսանողներ Սերոբ Խաչատրյանի հետ քննարկեցին կրթության ոլորտի բարեփոխումների
և խնդրահարույց թեմաների վերաբերյալ մի շարք հարցեր:
Լրագրողները գործնականում շատ հաճախ լուսաբանում են տարբեր ոլորտների առնչվող թեմաներ
և իրադարձություններ: Ուստի անհրաժեշտություն է առաջանում տիրապետել և ծանոթ լինել
տվյալ ասպարեզում առկա նրբություններին:
«Մենք կարևոր ենք համարում պարբերաբար նման հանդիպումների կազմակերպումը, որոնց ընթացքում
փորձագետները, իրենց ոլորտի առաջատար մասնագետները անձամբ կներկայացնեն ապագա լրագրողներին
այն վրիպումները, բացերը, որոնք հաճախ,
փորձի, նեղ մասնագիտական
անհրաժեշտ գիտելիքների բացակայության պատճառով թույլ են տալիս սկսնակ լրագրողները: Այդպիսով
մեր ուսանողները կլինեն իրազեկ և հետագայում այդ ոլորտը լուսաբանելիս զերծ կմնան նման
բացթողումներից»,- մեզ հետ զրույցում նշեզ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս
Տաթև Հարությունյանը:
Կրթության ոլորտի լուսաբանման շրջանակներում, ըստ Սերոբ Խաչատրյանի, տարածված են երկու
հիմնական բացասական երևույթներ: Առաջինը՝
լրագրողների մոտեցումն է. լրագրողները փորձագետներին դիմում են հաճախ
այս կամ այն պաշտոնյայի հայտարարությունից հետո՝ որևէ հարցի շուրջ կարճ մեկնաբանություն
ստանալու համար: Մինչդեռ փորձագետը կարծում է, որ շատ ավելի հետաքրքիր և արդյունավետ
կլինի հոդվածը այն դեպքում, երբ լրագրողը փորձի ուսումնասիրել, վերլուծել և ամբողջական
տեղեկություն հաղորդել լսարանին տվյալ թեմայի մասին, այլ ոչ թե սահմանափակվի աղմկահարույց
հայտարարություններով կամ ակնկալի այնպիսի սահմանափակ մեկնաբանություններ, որոնք կապահովեն
մեծաքանակ դիտումներ:
Երկրորդ խնդիրը ընթերցողների շրջանում մեդիագրագիտության պակասն է: Փորձագետը, որպես
օրինակ, նշում է ձմեռային արձակուրդները երկարացնելու կամ չերկարացնելու մասին լուրերի
հոսքը համացանց և ապատեղեկատվության արագ տարածումը: Շատերը, առանց ճշտելու կամ ստուգելու
լուրի իսկությունը ԿԳ նախարարության կայքից
կամ իրավասու պաշտոնյաներից, տարածում էին լուրեր՝ նոր հարուցիչների պատճառով
հիվանդությունների աճի մասին, առանց ստուգելու կամ ուշադրության դարձնելու այն աղբյուրի
իսկությանը, որը հաղորդում էր լուրը:
«Մեդիագրագիտություն շատ կարևոր է նման թյուրիմացություններից խուսափելու համար: Այն
անպայման պետք է դասավանդվի դպրոցներում, բայց ոչ որպես առանձին առարկա: Կա հատուկ
սահմանված ծանրաբեռնվածության չափ, որից ավելի ինֆորմացի չի կարելի հաղորդել երեխային:
Դպրոցում դասավանդվող առարկաներին նաև մեդիագրագիտություն ավելացնելը հենց այս պատճառով
ցանկալի արդյունք չի տա: Փոխարենը ողջունելի և ցանկալի կլինի, որ ուսուցիչները աշակերտներին
մեդիագրագիտություն սովոերցնեն այլ առարկաների դասաժամերի ընթացքում, օրինակ՝ պատմություն,
գրականություն կամ հասարակագիտություն»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին այնպիսի վիճահարույց խնդիրների մասին, ինչպիսիք են՝ կրկնուսույցները, ավարտական քննությունների անցկացման կարգը, հայոց լեզուն՝ որպես միասնական քննություն հանձնելու դրական և բացասական կողմերը, դպրոցների ներառականությունը, շախմատի դասավանդման կարևորությունը դպրոցներում, նախարարության կառուցվածքը և այլն:
Միլենա Մկրտչյան
3-րդ կուրս